ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Արխիվ 12-16
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ
Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնելու է փետրվարի 7-ին: Հնում տոնը մեծ ժողովրդականություն է վայելել: Դրան պատրաստվել են երկար ժամանակ: Տոնին նախորդող 1-2 շաբաթների ընթքացքում կազմակերպվել են տոնախմբություններ, մրցումներ, պատրաստվել են առատ սեղաններ ու հյուրասիրություններ: Խորհրդային շրջանում տոնը հիմնականում նշվել է եկեղեցու համայնքներում:
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները` առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աջակցությամբ ու օրհնությամբ արդեն երրորդ տարին մեծ տոնախմբությամբ նշում են Բուն Բարեկենդանը` փորձելով վերականգնել տոնի երբեմնի ժողովրդականությունը:
Փետրվարի 7-ին` ժամը 13.30-ին, կմեկնարկի դիմակներով շքերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Շքերթին կմասնակցեն թեմի երիտասարդները, պարի եւ դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր, հեքիաթների հերոսներ, բուհերի ուսանողներ եւ այլք: Կազմակերպվելու է Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, ազգային խաղեր, մրցույթներ ու մրցանակներ:
Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնը կազմակերպելիս ակտիվ համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների հետ:
Այս տարի առաջին անգամ կազմակերպվում են մի քանի մարզաձևերի մրցումներ: Փետրվարի 2-ին տեղի ունեցավ սուսերամարտի մրցաշարը, փետրվարի 3-ին` հայկական կոխի` ըմբշամարտի մրցումները: Փետրվարի 4-ին՝ Ատլետիկայի փակ մարզահամալիրում կանցկացվեն թեթև ատլետիկայի մրցումները : Իսկ հաջորդ օրը
տեղի կունենան հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163931&l=am/