ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՊԱՏԺԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՊԱՇՏՆՅԱՆԵՐԻՆ
Արխիվ 12-16
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՊԱՏԺԵԼ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՊԱՇՏՆՅԱՆԵՐԻՆ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատժել մարզպետարանների անբարեխիղճ պաշտոնյաներին: Նա ասաց, որ փետրվարի 2-ին կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ լսվել են Արագածոտնի ու Կոտայքի մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում անցկացված Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները:
«Խորհրդակցության ընթացքում մենք շատ մանրամասն լսել ենք բոլոր կողմերին, մեզ համար անընդունելի են այն արդարացումները, որոնք հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասն անհիմն են: Հանձնարարում եմ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար պարոն Երիցյանին մարզպետների հետ միասին քննարկել այդ հարցերը: Ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է նաև ազատել այդ պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոններից»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ իր համար ընդունելի է ՎՊ խորհրդի առաջարկությունը՝ մարզպետարանների բոլոր սոցիալական ծառայություններում իրականացնել ստուգումներ: «Դա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է արդարությունն ու անաչառությունն անպայման ապահովենք, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտներում»,- հայտարարեց վարչապետը: