ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱ՞Ծ, ԹԵ՞ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱ՞Ծ, ԹԵ՞ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Այն օրերին, երբ Ստրասբուրգում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԵԽԽՎ ամբիոնն օգտագործելով` կոշտ քննադատության էր ենթարկում Ադրբեջանին` նշելով այնտեղ մարդու իրավունքների ոտնահարման եւ մեծ թվով քաղբանտարկյալների առկայության մասին, հենց այդ հարթակում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնն ասում էր Հայաստանի մասին: Ավելին` ԵԺԿ-ում իր ելույթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես մեծ ոգեւորությամբ ու նմանատիպ բովանդակությամբ բողոքում էր Հայաստանից: Թե արդյոք սա հարված չէր թիկունքից` ի տես եվրոպացիների, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ.
– Սա նշանակում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը կայացած փաստ է, եւ այն հարթակներում, որոնք դուք նշեցիք, կարելի է կանգնել եւ առանց խոչընդոտի խոսել մարդու իրավունքների մասին: Իհարկե, մի քիչ չափազանցումներով եւ մի քիչ ավելի սեփական եզրակացություններով, բայց, այնուամենայնիվ, որեւէ մեկը որեւէ հետապնդում չի սկսի ելույթ ունեցողի նկատմամբ` ի տարբերություն Ադրբեջանի, ինչին ուղղված էր իմ ելույթը: Ի դեպ, թեպետ մենք շատ ֆիքսվեցինք ԵԽԽՎ լիագումար նիստում ընդգրկված հակահայկական բանաձեւերի վրա, ինչը բնական էր, բայց ԵԽԽՎ-ն այս նստաշրջանում խիստ դատապարտեց եւ ընդունեց փաստաթուղթ, որտեղ Ադրբեջանը ներկայացված էր իր բացասական կեցվածքով: Այդ փաստաթղթում ներկայացված է այն իրականությունը, ինչն այսօր գոյություն ունի: Արդյունքում նույն այդ եվրոպացի պատվիրակները տեսան, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները Ադրբեջանում` թե՛ հասարակական կազմակերպությունների, եւ թե՛ մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող դաշտում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163873&l=am/