ԵՐԲ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՓՈՐՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՓՈՍԸ
Արխիվ 12-16
ԵՐԲ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՓՈՐՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՓՈՍԸ
Սեփական սրընթաց գահավիժումը ապահովում է «Ժառանգություն» կուսակցությունը` վերջնականապես քամուն տալով իր վերջին ռեսուրսները: Արի ու տես, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը որոշել է ինչ-ինչ նկատառումներից ելնելով` ՄԻՊ թեկնածու առաջադրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Եվ այս գաղափարից ոչ միայն տիկին ամենաընդդիմադիրն է շոյվել, այլեւ ողջ «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, սրանով զավեշտալի իրավիճակ է ստացվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, որտեղ Զ. Փոստանջյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ վերջին մոհիկանն է: Ստացվում է, որ եթե Զ. Փոստանջյանը մի հրաշքով հայտնվի ՄԻՊ-ի պաշտոնում, «Ժառանգություն» խմբակցությունը կհամալրվի, ըստ ցուցակի, ոչ թե «Ժառանգության», այլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նոր պատգամավորով, մասնավորապես` կրկին հնարավոր է դառնում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության քարտուղար Մասիս Այվազյանի պատգամավոր դառնալը: Թե այս պարզ հաշվարկը հաշվի առնելով` հնարավո՞ր է, որ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆՆ էլ որոշի ՄԻՊ-ի հարցում պաշտպանել Զ. Փոստանջյանի թեկնածությունը, «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանից, ով չշտապեց միանշանակ պատասխանել. «Հարցը տեղին չեմ համարում, որովհետեւ Զարուհի Փոստանջյանին պաշտպանելու կամ չպաշտպանելու խնդիրը կապված չէ խմբակցությունում տեղ ազատվելու հետ: Բնականաբար, կախված է նրանից, թե ովքեր կլինեն մարդու իրավունքների պաշտպանի այլ թեկնածուները: Բայց գտնում եմ, որ Զարուհի Փոստանջյանն էլ այն անհատներից է, ով կարող է առաջադրվել որպես թեկնածու»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163872&l=am/