ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԵՍ ԱՆԱՐԴԱՐ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»
Արխիվ 12-16
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԵՍ ԱՆԱՐԴԱՐ
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՎԱՏ ՉԵՄ ԶԳՈՒՄ»
ԱԺ-ում այսօր քննարկվում է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Ընդդիմության հիմնական քննադատությունը Անդրեասյանի չհիմնավորված եւ նոր հարցեր առաջացնող հրաժարականն է: Բավական կոշտ հանդես եկավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` Անդրեասյանը շարունակեց ՀՀ-ում ձեւավորված խայտառակ երեւույթը` չհիմնավորված հրաժարականների ավանդույթը: «Լավ, էս ժողովուրդը էդքան հարգանքի արժանի չէ՞, որ ասեք` պախանն ասել է`ռադդ քաշի: Ես պախանին եմ ծառայում, ոչ թե ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը: Իսկ ժառանգության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հորդորեց այնպիսին մարդու նշանաել, ով քննադատություններից չի վախենա ու փախչի եւ կշարունակի պայքարել:
«Իրավունք»-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցոով կապ հաստատեց Կարեն Անդրեասյանի հետ: Փորձեցինք մի քանի հարց ուղղել Անդրեասյանին, սակայն վերջինս դարձյալ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ: «Իմ հրաժարականի մասին ինչ նպատակահարմար եմ գտել, ասել եմ: Ու դա արդեն հիմնավորում է: Այլ բան է, թե ով ինչպիսի եւ ինչ մանրամասնության հիմնավորումներ է սպասում»,- ասաց պաշտպանը:
Կարեն Անդրեասյանից պարզեցինք` ընդդիմության քննադատություններին ինչպես է արձագանքում: «Ես անարդար քննադատություններից երբեք վատ չեմ զգում: Իսկ արդարներից էլ ուրախանում եմ ու մի նոր բան սովորում»,- ասաց նախկին պաշտոնյան:
Ի դեպ, նախկին պաշտպանի խոսքով հրաժարականից հետո դեռ ոչ մի տեղ չի աշխատում, ծրագրեր էլ առայժմ չունի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ