ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԱԾ ԿԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Արխիվ 12-16
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՍՏԱՑՎԱԾ ԿԱՏԱԿ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության մասին, ասել է, որ իշխանությունը վարկաբեկված է, հեղինակազրկված: Ավելին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է` ՀՀԿ-ն ունի ՀՅԴ-ի կարիքը:
«Իրավունք»-ը ՀՀԿ-ական հնաբնակ Վազգեն Կարախանյանից պարզեց` համաձայն է Ռուստամյանի գնահատականներին: «Ոչ»,- ասաց պատգամավորը, ապա ասաց. «Կարծում եմ` կատակ է արել Ռուստամյանը, այն էլ` չստացված»:
Մեր մյուս հարցին`միգուցե ՀՅԴ-ի վարկանիշն է ցածր, որ ցանկանում է իշխանության հետ կոալիցիա կազմել`հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար, ՀՀԿ-ականը հույս ունի` ՀՅԴ-ն քաղաքական առեւտրի սկզբունքներով չի առաջնորդվի:
Նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիայի մասին ասել էր. «Իշխանությունները ոնց որ ուզենան մի բան շպրտեն, հետո ասեն` չենք շպրտում: Նման ձեւով երկիր չի կառուցվում»: Վազգեն Կարախանյանն ասաց, որ երբ մի արտահայտություն են անում մարդիկ, թող մտածեն հետեւանքների մասին: «Չեմ կարծում, թե կարելի է հանրության աչքի առջեւ մի ամբողջ կուսակցության կոպիտ ժեստով ներկայացնել»:
Իշխող կուսակցությն պատգամավորից նաեւ պարզեցինք`ՀՀԿ-ը խորհրդարանում մեծամասնություն է, նրա ինչի՞ն է պետք կոալիցիան: «Ժողովրդական մի խոսք կա` մի ձեռքը ծափ չի տա, երկու ձեռքը ծափ կտա: Կառավարությունում եթե բազմակարծությունը է լինում, շահում է մեր պետությունը»,- եզրափակեց պատգամավորը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ