Արմինե Գրիգորյան. «ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16
Արմինե Գրիգորյան. «ԱՐՎԵՍՏԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ»
Այսօր` հունվարի 31-ին, «Arly music karaoke» ակումբում կկայանա ArmBody Project-ի «Լավագույններից Լավագույնը» երաժշտական նախագծի 2-րդ շրջանի կիսաեզրափակիչ փուլը, որի ժամանակ մասնակիցները ժյուրիին կներկայանան ֆիլմերում ու մուլտֆիլմերում հնչած երգերով: Նախորդ փուլի, մասնակիցների ու մրցույթի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նախագծի ժյուրիի անդամ, երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Ինչո՞վ էր պայմանավորված, որ կիսաեզրափակիչ փուլին նախորդած փուլում ժյուրին որոշեց կարծիքներ մասնակիցների մասին չհայտնել:
- Ժյուրիի միասնական որոշումն էր, որ պետք է կարծիքներ հայտնենք միայն վերջին փուլում, այլապես որեւէ խնդիր չեմ տեսնում, ինչու ոչ, կարելի է ամեն փուլում էլ կարծիք հայտնել:
-Դեռեւս առաջին փուլում նշել էիք, որ ձայների հետ մեկտեղ ցանկալի է, որ մասնակիցները հետեւեն նաեւ բեմական կեցվածքին…
- Հիմա էլ կարող եմ նշել, բայց համեմատաբար այս անգամ ավելի բարձր էր կեցվածքի որակը: Ամեն դեպքում, աշխատել էին այդ ուղղությամբ եւ անգամ մասնակիցների մեջ կար մի աղջիկ, որը բեմում ուրիշ հագուստով էր, բայց վերջում ջինս էր հագել: Եվ, ընդհանրապես, ասածս ոչ միայն հագուստին էր վերաբերում, այլ նաեւ բեմում մասնակցի պահվածքին: Ցավում եմ, որ հիմնականում մեծ մասը զոմբիացված են երգում: Կյանք չկա իրենց երգերի մեջ, չեմ հասկանում, թե ինչու են արվեստը ընտրել: Ու ամենակարեւորը` էմոցիա չկա, որն ինձ խանգարում է լսել իրենց կատարումները: Իսկ ձայնային տվյալների մասին թող վոկալի մասնագետները խոսեն:
- Այնուամենայնիվ, ժյուրիի աշխատանքն այս մրցույթում գնալով բարդանո՞ւմ է, թե՞ ճիշտ հակառակը:
- Ինձ թվում է` հեշտանում է, որովհետեւ, օրինակ, կար մարդ, որին անցյալ փուլում ընդհանրապես չէի էլ նկատել, բայց այս անգամ նա ինձ համար բացահայտում էր` «Ես կուլամ» երգի իր կատարմամբ: Ուղղակի, գնալով ավելանում է ժյուրիի կազմում անհամաձայնությունները, բայց ամեն մեկս մեր կարծիքն ենք արտահայտում:
- Ընտրության հարցում կարելի՞ է ասել, որ ժյուրիի կազմում բախումներ են լինում:
- Ընդհանրապես շատ եմ եղել ժյուրիի կազմում, բայց վերջին տարիներին հրաժարվում էի մասնակցել: Դրսում ժյուրիի անդամ լինելն այլ է, իսկ ներսում` մեր հայերի մեջ, շատ բարդ, որովհետեւ չես կարողանում շատ օբյեկտիվ լինել, անընդհատ մտածում ես, որ մեր երեխաներն են, հանկարծ չկոտրվեն, հնարավորություն տանք առաջ գնան: Բայց պիտի զոմբիացած երգեն, ավելի լավ է հենց սկզբից կանխել: Ինչպես մոլախոտերին պետք չէ ջրել, այնպես էլ միջակությունների դեմը պետք է ժամանակին առնել: Արվեստը չի սիրում միջակություն:
- Ինչպիսի՞ն է Ձեր տեսլականը կապված այս մրցույթի հետ, եզրափակիչում կլինե՞ն այնպիսի դեմքեր, որոնք կհամալրեն հայ էստրադան:
- Չգիտեմ, նոր եմ ծանոթանում այս մրցույթի հետ: Երեւի թե կլինեն, որովհետեւ կան ձայներ, որոնք շատ հզոր են եւ նրանց մեծ ապագա է սպասվում: Այնպես որ, մեկ-երկու հոգու համար հաստատ կարող եմ ասել, որ կկարողանան համալրել, բայց ոչ շատերը: Շատ լավ է, որ նմանատիպ մրցույթներ են կազմակերպվում, որովհետեւ մեր երիտասարդության համար սա հնարավորություն է`իրենց ներկայացնելու եւ միգուցեեւ մեծ բարձունքների հասնելու համար:
Իսկ մեզ մնում է մասնակիցներին հաջողություն մաղթել կիսաեզրափակիչ փուլում ու հիշեցնել, որ «Լավագույններից Լավագույնը» երաժշտական նախագծի հաղթողը կամ հաղթողները կարժանանան հետեւյալ մրցանակների` նոր գրված հեղինակային երգ, գործիքավորում եւ ձայնագրում, երգի cover տարբերակի ձայնագրում, հնարավորություն հայտնվելու աշխարհահռչակ vevo-ում, պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա, միջազգային երաժշտական մրցույթներից մեկում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն եւ այլն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163822&l=am/