ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՇԿԸ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՑ
Արխիվ 12-16
ՊԱՀՊԱՆԵՔ ՄԱՇԿԸ ՁՄՌԱՆ ՑՐՏԻՑ
- Հարգելի բժիշկ, ինչպե՞ս պահպանել մաշկը ձմռան ցրտից: Ինչպե՞ս խնամել շրթունքները. կա չորություն: Ի՞նչ տեսակի քսուքներ խորհուրդ կտաք կիրառել:
Հարցին պատասխանել է մաշկավեներաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ.
- Ձմռանը մաշկը առանձնահատուկ խնամքի կարիք ունի: Այն ենթարկվում է մի շարք կլիմայական բացասական ազդակների` առաջին հերթին ցածր ջերմաստիճանի, խոնավության եւ մթնոլորտային ճնշման փոփոխությունների:
Մասնավորապես ցածր ջերմաստիճանի պատճառով օրգանիզմում` արյունատար անոթների սպազմի ազդեցության տակ, վատանում է սնուցումը: Առավելապես դա վերաբերում է մաշկի բաց տեղամասերին (գլխի մազածածկ հատված, դեմք, ձեռքեր): Սնուցման խանգարման արդյունքում առաջանում է մաշկի չորություն, երբեմն, բարձիթողի դեպքերում` նաեւ թեփոտում, մինչեւ անգամ ճաքերի առկայություն:
Այս ամենից դատելով` մաշկը մշտապես ունի խնամքի կարիք, եւ դրա նշանակությունն առավել կարեւորվում է տարվա եղանակների փոփոխության ընթացքում: Եթե, մասնավորապես տաք եղանակին, մենք խոսում ենք արեւից պաշտպանվելու մասին, ապա չմոռանանք նաեւ, որ ձմռանը եւս մաշկն ունի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու կարիք: Առավելապես դա վերաբերում է բարձրադիր գոտի հանգստի մեկնողներին: Հաշվի առեք եւս մեկ հանգամանք, որ ձյան ծածկույթը հանդիսանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական անդրադարձնող մակերես:
Մաշկի բաց տեղամասերը, որոնք ենթարկվում են կլիմայական բացասական ազդեցություններին, պահանջում են առանձնահատուկ խնամք` խոնավացնող-սնուցող քսուքների կիրառմամբ:
Չմոռանանք նաեւ շուրթերի մասին, որոնք հանդիսանալով ավելի նուրբ հյուսվածք, եւս յուրահատուկ խնամքի կարիք ունեն: Խորհուրդ է տրվում շրթունքները խնամել հատուկ բժշկական շրթներկով, ինչն ունի վերոնշյալ հատկությունները:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163807&l=am/