ՀԱՎԻ ՄԵՋ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԸ ՈՐԴԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՇՆՉԱՓՈՂԻ ՄՆԱՑՈՐԴԻ
Արդեն մի քանի օր է, սուր քննարկման առարկա է դարձել «Նոր Զովք» սուպերմարկետից սպառողներից մեկի գնած հավը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 37-ամյա կինը Երեւանի Քաջազնունի փողոցի «Զովք» սուպերմարկետից գնել է տեղական չսառեցված հավ եւ տուն տանելուց հետո ապշել` հավը մաքրելու ժամանակ փորի մեջ հայտնաբերել է մոտավորապես 15 սմ երկարությամբ որդ, որը կնոջ խոսքով` կենդանի է եղել:Նման դեպքերում սովորաբար սպառողներից շատերը նկարում են սննդի մեջ հայտնաբերված «գտածոն» եւ տեղադրում համացանցում:
Գնորդն էլ հավատարիմ է մնացել այդ ավանդույթին, բայց միաժամանակ դիմել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (ՍԱՊԾ): Արձագանքելով դեպքին` ծառայության աշխատակիցները սուպերմարկետում անցկացրել են ուսումնասիրություններ:
Մինչ ուսումնասիրության արդյունքերը կլինեն, «Իրավունքը» դիմեց սուպերմարկետների ցանցին` դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար: Պարզվում է, որ սուպերմարկետում էլ էին ապշել կենդանի որդի ճարպկության վրա, որը ո՛չ ավել, ո՛չ պակաս կարողացել էր բնակություն հաստատել հավի փորի մեջ: Ուստիեւ՝ հերքեցին` հայտնաբերվածը չի կարող որդ լինել, մանավանդ, որ հավը տեղական արտադրության էր եւ թարմ:
ՍԱՊԾ-ի լաբորատոր փորձաքննությունը եւս պարզել է, որ հայտնաբերվածը որդ չի եղել. «Քաղաքացու հնչեցրած ահազանգի հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով եւ իրականացրել գործողություններ: Գնված հավը ենթարկել են լաբորատոր փորձաքննության եւ պարզել, որ հայտնաբերվածը բոլորովին էլ որդ չէր, այլ հավի շնչափողի մնացորդ: Որպեսզի քաղաքացին համոզվի, որ որդ չի եղել, նա եւս մասնակցել է լաբորատոր փորձաքնության գործընթացին եւ իր աչքով տեսել արդյունքները»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք վտանգավոր չէ՞, երբ սուպերմարկետում վաճառվում է նման հավ, Ն. Առաքելյանը տեղեկացրեց. «Հավի մեջ ենթամթերք հայտնաբերելու հիմքով, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, մեր ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում: Արդյունքների մասին լրացուցիչ կհայտարարենք»:
Այս ամբողջ պատմության մեջ մնում է հանելուկային մեկ հարց. միթե 37-ամյա կինը չի տարբերակում հավի շնչափողի մնացորդը կենդանի որդից: Պակաս հրաշք չէ, որ շնչափողի մնացորդ կոչվածը հայտնաբերել է՝ փորից:
Նկատենք նաեւ, որ ամեն դեպքում այստեղ հիմնական մեղքի բաժինը թռչնաբուծարանինն է, անկախ նրանից՝ իրականում դա ո՞րդ էր, թե ինչ-որ մնացորդ, որը չպետք է լիներ մորթած հավի մեջ: Դե, ուրեմն, սպասենք թռչնաբուծարանում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներին: