ԵՐԲԵՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉՀԱՄԵՄԱՏԵՔ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ. ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արխիվ 12-16
ԵՐԲԵՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉՀԱՄԵՄԱՏԵՔ ԼԵՎՈՆ
ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԵՏ. ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Իրավունք»-ը գրել էր, որ «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական ուժերի հետ է հանդիպում եւ քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում: Հայտնի է նաեւ, որ «Հանրապետություն»-ը եվրոպական արժեքներն ընդունող ուժ է: «Իրավունք»-ը կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանից պարզեց` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ համագործակցություն հնարավոր է: «Նրանք դեռ տոտո են անում: Պետք է հասկանանք` ինչ քայլեր են անելու, ինչ ուղղվածությամբ են: Նրանք` մեզ, մենք` նրանց ենք ուսումնասիրում»,- պատասխանեց նա:
Իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ ընդդիմություն` ունենալ 6000 վստահված անձ ընտրատեղամասերում: Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումն ընդունելի՞ է «Հանրապետություն» կուսակցության համար: «Լեւոն տեր-Պետրոսյանի ձեւավորած ընդդիմությունը ինստիտուցիոնալ չէ՞ր: Վստահելի անձանցով ընտրությունների օրինականություն ես չեմ պատկերացնում, եթե լինի այն մթնոլորտը, որը մինչ այսօր կա»,- կարծում է Աբրահամյանը:
Արդեն երկար ժամանակ է, որ ՀԱԿ խմբակցությունում պառակտված վիճակ է` հինգ հոգով յոթ երգ են երգում: Ինչի արդյունք է սա: Կուսակցության անդամը չցանկացավ մեկնաբանություն տալ. «Մենք տարաձայնություններ ունեցանք ՀԱԿ-ի հետ, բայց չենք էլ քննադատի նրանց»:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական խնդիրների ի հայտ գալուց հետո քննարկվում էր ՀԱԿ-ի ապագա ղեկավարի թեկնածության հարցը: Որպես հավանական թեկնածու` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի անունն էր տրվում: Սուրեն Աբրահամյանից պարզեցինք` Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի արժանի հետեւորդն է: Ի պատասխան «Հանրապետություն» կուսակցության անդամը նախ լիաթոք ծիծաղեց, ապա ասաց. «Անհամեմատելի արժեքներ են: Երբեք նրանց իրար հետ չհամեմատեք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ