ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿՄՏԱԾԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ԿՄՏԱԾԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Մամուլը բազմիցս գրել է բանակում չծառայած պաշտոնյաների մասին, որոնցից մեկն էլ, ինչպես պարզվում է, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն է: «Իրավունք»-ն այդ առնչությամբ մի քանի հարց ուղղեց փոխնախարարին:
- Պարոն Առաքելյան, ինչո՞ւ չեք ծառայել զինված ուժերում:
-1992 թ-ին մեկնել եմ ՌԴ-ը: Մինչեւ 2001 թ-ը եղել եմ այնտեղ, սովորել եմ պետական բուհում, որտեղ համապատասխան ենթակառուցվածք կար: Կաֆեդրա էին ասում: Այդ հիմքով էլ չեմ ծառայել:
- Հանրային ընկալման մեջ զինված ուժերում ծառայելու փոխարեն ուսում ստանալը համարվում է բանակից խուսափել…
-Խուսափելու խնդիր չեմ ունեցել…
- ՀՀ-ի համար դժվար ժամանակաշրջանում`1990-ականներին, արցախյան ազատամարտի տարիներին, մեկնել եք Հայաստանից…
- Զինակոչի տարիքս չէր լրացել, երբ մեկնել եմ Մոսկվա` ուսումս ստանալու գործող օրենսդրության համապատասխան իրավիճակ է եղել:
- Ինչպե՞ս եք արձագանքում այն քննադատություններին, որ բանակում չծառայածները, առաջին գծում չկանգնածները հայրենիքի «ղադրը» չգիտեն, հայրենասիրությունից էլ իրավունք չունեն խոսել:
-Կարծում եմ` պետք է առաջնորդվել ՀՀ գործող օրենսդրությամբ: Դա զգացմունքային պահ է (նկատի ունի քննադատությունները-խմբ.): Որոշ մարդիկ իրավունք ունեն իրենց կարծինքը հայտնելու: Մենք աշխատանքի բերումով գտնվում ենք վտանգավոր տարածքներում, մեր մասով ծառայում ենք մեր երկրին:
- Իսրայելում բանակում չծառայած քաղաքացիներն իրավունք չունե՞ն որեւէ պաշտոն զբաղեցնել: Կցանկանայիք, որ ՀՀ-ում եւս գործեր այդ օրենքը:
- Երբ հանկարծ այդպես լինի, մենք կկատարենք մեր օրենսդրության պահանջը:
- Բայց կցանկանա՞ք, որ մեր երկրում եւս գործի այդ պահանջը:
- Պետք է մտածել:
Հ.Գ. 1992 թ-ին Արթուր Առաքելյանը 16 տարեկան էր, երբ մեկնեց Մոսկվա: Բայց հետաքրքրիրն ու զարմանալին այն է, որ ուսումնառության տարիներին` 1993-1996 թթ-ին, ապագա փոխնախարարը նաեւ «Օլիմպիկ Քար» ՍՊԸ՝ վաճառքի գծով տնօրենն է եղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163786&l=am/