Հովհաննես Մանուկյանը գյումրեցուն հատուկ հումորով է շնորհավորել Հայոց բանակի տոնի առթիվ (անեկդոտ)
Արխիվ 12-16
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՀՈՒՄՈՐՈՎ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ծնունդով գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ որդու հետ Հայոց բանակի տոնի առթիվ եղել է ՀՀ զորամասերից մեկում, ինչի մասին մասնավորապես նշել է. «Հաղթանակած բանակի տոնին ընդառաջ թիվ N զորամասի զինվորների լիաթոք ուրախությունն իսկապես ոգեշնչող էր: Միակ բանը, որ այդպես էլ չհաջողվեց` ապագա զինվորիս` Ալեքսանդր Մանուկյանի, զինվորների համար կազմակերպված տոնական համերգին նախապատրաստած ելույթն էր: Նախապես նա որոշել էր զինվորների տոնը շնորհավորել իր այս անեկդոտով. «Հրամանատարն այցելում է սահմանային հենակետ եւ տեսնում քնած զինվորի: Նա զայրացած արթնացնում
է զինվորին ու հանդիմանում: Զինվորն իրեն չի կորցնում. «Պարոն հրամանատա՛ր, Ձեր հրամանն էի կատարում։ Մեզ ասում էիք չէ՞․ «Զինվոր, հիշի՜ր, երբ դու քնած ես՝ թշնամին արթուն հսկում է»: Ես էլ մտածեցի` էնքան քնեմ, մինչեւ թշնամին անքնությունից սատկի»: Ապա հավելել. « Մի առիթով նախկին ազատամարտիկ, այսօր կադրային սպա հրամանատարը նկատեց. «Զինվորականների համար դժվար չէ, մենք գիտենք, թե ով է մեր թշնամին, նա մեր աչքի առաջ է ամեն օր: Դուք մտածեք, քաղաքացիական աշխատողներդ, որ չեք ճանաչում ձեր թշնամիներին»: Առանց պաճուճանքների դիպուկ դիտարկում, իմաստուն ազատամարտիկի կողմից: Նրանց խորհուրդները, մարտական փորձն ու հայրենասիրությունը մեր բանակի ոգին ամրացնելու լավագույն խթանն են: Նրանք իրենց
օրինակով կարող են արթնացնել հայի գենը կորցնելու եզրագծին կանգնած յուրաքանչյուրի:
Արցախյան գոյամարտի շատ մասնակիցների եմ հանդիպել, զրուցել: Նրանց ոչինչ հարկավոր չէ, բացի մեր ուշադրությունից: Երեկ ես եւս մեկ անգամ համոզվեցի դրանում` այցելելով Գյումրիի ազատամարտիկների բնակարաններ, որոնք ունեն ծառայող եւ արդեն բանակից վերադարձած որդիներ: Մեր երկիրը մեզ վերադարձրած բոլոր ազատամարտիկներին փառք եւ խոնարհում, մենք միասին ենք, բարի վերադարձ ձեր զավակներին եւ բոլոր զինվորներին …
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի տոնի առթիվ: Բանակը մեր բոլորիս հարստությունն է, մեզնից յուրաքանչյուրը մասնիկն է մեր բանակի։
Խաղաղություն մեր երկրին …», - եզրափակելով խոսքը` մաղթել է Հ. Մանուկյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163765&l=am/