«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ը ԳՈՒՑԵ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍՏԱՏՈՒՍՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵ՞Ր ԷԼ ԲՈՒԺԻ
Արխիվ 12-16
«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ը ԳՈՒՑԵ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ
ՍՏԱՏՈՒՍՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵ՞Ր ԷԼ ԲՈՒԺԻ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկ, ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով Շուշանիկ Բախշյանին, ինչպես հայտնի է, առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Մի քանի լրատվամիջոց գրել էր, որ Շուշանիկ Բախշյանից նախկինում էլ են եղել բողոքներ, սակայն «Շենգավիթ» բժշկական կենտրոնը անտեսել է այդ բողոքները:
«Իրավունք»-ն այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնից փորձեց պարզել, թե ինչ չափորոշիչներով է բժշկական կենտրոնն աշխատանքի ընդունում բժիշկներին, արդյոք նրանք վերապատրաստվում են, մինչ աշխատանքի ընդունելն եւ արդյոք չեն ուսումնասիրում բժշկի անցած ճանապարհը: Բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանը Իրավունք»-ին տեղեկացրեց, որ բժշկական կենտրոնն այս պահին որեւէ մեկնաբանություն չի կարող տալ: «Դուք պարզապես հետեւեք մեր պաշտոնական էջին: Թե՛ «Ֆեյսբուք»-ում, թե՛ կայքում մենք հայտարարություններ անում ենք: Եթե մենք ասելիք ունենաք, մենք անպայման տեղյակ կպահենք»,- ասաց բկ-ի ներկայացուցիչը:
Հետաքրքիր է` վերոնշյալ բժշկական կենտրոնը եթե այդքան կարեւորում է «Ֆեյսբուք»-ը, չի՞ ցանկանում իր հիվանդներին բուժումներ նշանակել սոցիալական ցանցի միջոցով` ստատուսներ գրելով: Դե գիտությունը զարգանում է, տեխնոլոգիաները` եւս:
Ինչ վեչաբերում է Շուշանիկ Բախշյանին, Անուշ Բադալյանը միայն ասաց, որ նա 24 տարի աշխատում է Շենգավիթ բկ-ում, լավագույն մասնագետներից է, երբեւէ որեւէ բոողոք դժգոհություն չի եղել նրանից:
Վերոնշյալ հարեցրն ուղեցինք նաեւ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարության վարչության պետ Սամվել Սողոմոնյանին, թե` նախարարությունը ունի՞ որեւէ լծակ` ստուգելու բժիշկների մասնագիտական որակները: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Հայաստանում բժիշկների լիցենզավորում չի իրականանում: Լիցենզավորվում են բժշկական կենտրոնները: Երկրորդ` բժիշկների որակավորումը հաստատող փաստաթուղթ է բուհի ավարտական դիպլոմը:
Ինչ վերաբերում է բժիշկների մասնագիտական շարունակական գործունեւությանը, ապա օրենքի համաձայն` հինգ տարվա մեջ պետք է համապաստախան զարգացման միջոցառումների հաճախի, իր գիտելիքները պահի արդիական մակարդակի վրա: «Բժիշկների գիտելիքների ու վերապատրաստումների հսկողությունը դրված է բժշկական այն կազմակերպությունների ու տնօրինությունների վրա, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը»,- մանրամասնեց Սողոմոնյանը:
Եթե բժշկական կազմակերպության բժիշկները հինգ տարին մեկ չեն վերապատրաստվել, ապա, Սողոմոնյանի խոսքով, դա հիմք կարող է լինել նրան զրկել բժշկական լիցենզիայից: «Առողջապահության նախարարությունը միջամտում է այն դեպքում, երբ հարուցված են վարչական վարույթ, այս կամ այն բողոքի հիման վրա սկսվում են ստուգումներ»,- եզրափակեց առողջապահության նախարարության անձնակազմի կառավարության վարչության պետը:
Հ.Գ. Աշխատանքային օրվա ավարտի պատճառով չկարողացանք զրուցել ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանի հետ` տեղեկանալու, թե քանի բժշկական կազմակերպություն է զրկվել լիցենզիայից իր մասնագետների վերապատրաստումները չապահովելու համար: Սակայն հաշվի առնելով թեմայի արդիականությունը` «Իրավունք»-ը սրան առաջիկայում նորից կանդրադառնա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ