ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄԵԾ ՍԻՐՈՎ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԴԻՐՔԵՐ»
Արխիվ 12-16
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԱՅՍՕՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄԵԾ ՍԻՐՈՎ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԴԻՐՔԵՐ»
21 տարի լինելով Հայոց բանակի եւ հայ զինվորի կողքին «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ամեն օր է տեսնում այն փոփոխությունները եւ ձեռբերումները, որ գրանցում է բանակը.«Հայոց բանակի ամենամեծ ձեռբերումն այն է, որ այսօր զինվորները մեծ սիրով են բարձրանում դիրքեր: Նախկինում նրանք շատ էին դիմում, որ ազատվեն դիրքեր բարձրանալու պարտականությունից: Ձեռբերում է նաեւ բանակի ու զինվորների բարձր մարտունակությունը, զինվորները կարողանում են պայքարել թշնամու կողմից իրականցվող դիվերսիոն գործողությունների դեմ: Փոխվել են զինվորների փոխհարաբերությունները միմյանց նկատմամբ` ավելի հոգատար ու զիջող են դարձել, այս բոլորը ձեռբերումներ են»,- նշեց Մ. Խաչատրյանը: Ձեռբերումներին զուգահեռ կան նաեւ թերացումներ, որոնք հիմնականում կապված են նրա բնորոշմամբ` աթոռ ճոճող ղեկավարների թերացումների հետ.«Մենք ունենք հաղթանակած բանակ, որի հաջողությունների համար աշխատանք է պետք, այլ ոչ թե սպասեն ամսվա վերջին, որպեսզի աշխատավարձ ստանան»,-փաստեց Մարգարիտա Խաչատրյանը եւ շնորհավորելով Հայոց բանակի 24-րդ ամյակը ավելացրեց.«Շնորհավորում եմ խրամատներում կանգնած իմ զինվոր բալեքին, մաղթում բարի ծառայություն: Որդեկորույս մայրերին ցանկանում եմ համբերություն, նրանց որդիների կյանքի գնով մենք կարողացանք պաշտպանել հայրենիքի անդորրը: Աստծուն աղերսում եմ, որ 2016 թվականը մեր բանակի համար լինի ձեռքբերումների եւ հաջողությունների տարի»:
Նրա խոսքով`պատերազմը դեռ ավարտված չէ, ուստի բոլորը պետք է աշխատեն, որպեսզի Հայոց բանակն էլ ավելի մարտունակ դարձնեն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163739&l=am/