Երեւանում կտեղադրվի Հայաստանի ազգային եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը: Այն քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ հեղինակած հերթական հուշարձանն է, որն իր մեջ ամփոփելու է ոչ միայն հերոսի ամբողջական կերպարը, այլեւ Արցախյան հերոսամարտը: Հուշարձանը կլինի մարմարից եւ կունենա 4,5-5 մետր բարձրություն: Լ. Թոքմաջյանն «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ մարմարե քարը բերվել է Արցախից, որպեսզի Մոնթեի կերպարն ավելի սերտանա Ղարաբաղի իրականության հետ. «Մոնթեի կերպարի մեջ պետք է խտացնեմ բոլոր հերոսների կերպարները: Քանի որ ձմեռ է` ժամանակավորապես աշխատանքիս դադար եմ տվել, գարնանը կրկին շարունակելու եմ աշխատել: Պաշտպանության նախարարությունը ցանկություն է հայտնել, որ հուշարձանի բացումն անենք հաջորդ տարի` Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Սակայն` չեմ ուզում այդ առիթով բացվի»,- փաստեց քանդակագործը: Նրա բնորոշմամբ` այս հուշարձանը պետք է լինի կատարյալ աշխատանք եւ հերոսության խորհրդանիշ:
Քանդակագործը ցանկություն ունի արձանը տեղադրել Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմական ուսումնարանի դիմաց. «Ուզում եմ, որ մեր հերոսը դեմքով նայի իր անվան ուսումնարանին եւ հայացքով սաներին հայրենասիրություն, ազնվություն, նպատակասլացություն քարոզի: Տեղի ընտրությունը միայն իմ ցանկությունն է, հնարավոր է այլ վայրում տեղադրեն»,- ավելացրեց Լ. Թոքմաջյանը:
Քանդակագործը դեռ հուշարձանի պատվանդանի հարցը ճարտարապետի հետ չի քննարկել, սակայն. «Այնպես պետք է անենք, որ հուշարձանը շատ բարձր լինի, որ ներքեւից նայելիս` այն ամպերին հավասար երեւա, իսկ հետեւից` ոչինչ չխանգարի»: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կստեղծի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանը, որն ավելի փոքր չափերի կլինի եւ տեղ կգտնի Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգում: