Ինչպես հայտնի է՝ պետությունն այլեւս իր վրա չի վերցնում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում` «խոզի գրիպով», թոքաբորբով այն հիվանդների բուժման ծախսերը, ովքեր հիվանդանոց են դիմել հունվարի 20-ից հետո: Աողջապահության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի եւ սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում. պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է շուրջ 15 տոկոսով: «Տարօրինակն» այն է, որ հունվարի 20-ից բուժումը վճարովի դարձնելով ¥մի կողմ թողնենք «պատի տակի» այն խոսակցությունները, որ մինչ այդ էլ հիվանդատերերը քիչ «լեւի» փողեր չէին վճարում հիվանդանոցներում¤, ԱՆ-ն երկու-երեք օր անց առաջարկեց էլի մեկ շաբաթով հետաձգել դպրոցական արձակուրդները. չէ՞ որ այդ հետաձգումն արդեն իսկ հուշում էր, որ հիվանդության ծավալման վտանգը պահպանվում է: Առավել եւս, որ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չի բացառել, որ հիվանդացության նոր փուլ կարող է սկսվել: Գլխավոր ինֆեկցիոնիստն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հիվանդությունը սկսում է աճել Ռուսաստանում, իսկ ամենամեծ շփումը մեզ մոտ Ռուսաստանի հետ է, եւ չի բացառվում, որ էնտեղից հիվանդներ կգան, նոր ալիք լինի»:
Նշենք նաեւ, որ Առողջապահության նախարարությունը բացատրում է, որ ամբողջովին չի հրաժարվել անվճար բուժումից. հունվարի 20-ից հետո սեզոնային գրիպի եւ դրա ենթատեսակներով հիվանդանալու դեպքում անվճար կարող են բուժվել երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք ու սոցիալապես անապահով հիվանդները: Իսկ թե ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն անապահովների ցուցակում, բայց աշխատում են օրվա հացը վաստակելու համար, եւ հաստատ ի վիճակի չեն լինի վճարել ԲԿ-ներում խոզի գրիպի կամ թոքաբորբի դեմ բուժվելու համար նախատեսված գումարները: Իսկ դրանք, ի դեպ, բավականին մեծ փողեր են: Մեզ դիմած քաղաքացիներից մեկը` Անահիտ Հակոբյանը, օրինակ, ով օրերս դիմել էր «Արմենիա» ԲԿ, պատմեց հետեւյալը. «Տաքությունով գնացի հիվանդանոց: Ինձանից նախ պահանջեցին 6 հազար դրամ՝ ռենտգենի գումար, իսկ եթե ռենտգենից հետո հասատվեր վիրուսը, պետք է վճարեի 170 հազար դրամ ստացիոնար բուժման համար: Ես չարեցի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, որովհետեւ գնացել էի հիվանդանոց այն հույսով, որ վիրուսի դեմ բուժումը անվճար է, եւ հետս գումար չէի վերցրել: Եթե ունենայի էլ, ձեռքս չէր գնա այդքան գումար վճարել բուժվելու համար: Բայց հենց իմ ներկայությամբ ականատես եղա, որ կան ինձանից անելանելի վիճակում հայտնված անձինք, ովքեր ուզեին, թե` ոչ, պետք է վճարեին. ամսի 20-ին դիմել են հիվանդանոց, ստացել են ստացիոնար բուժում, իսկ դուրս գրվելուց բախվել տհաճ անակնկալի` ադմինիստրացիայից մոտեցել եւ ասել են, որ պետք է վճարի, որ դուրս գրվի, որովհետեւ կարգը փոխվել է: Հիմա էս ի՞նչ օրն են գցում մարդկանց, գնանք մեռնե՞նք, ինչ է՝ փող չունենք»:
Խնդիրը միայն գնալ-մեռնելը չէ. այս դեպքում դա էլ փրկություն չէ: Նկատի ունենք, որ Անահիտի օրինակով շատերը պարզապես միջոցներ չունեն եւ չեն կարող դիմել հիվանդանոց: Իսկ դա պարզ հետեւանք կարող է ունենալ՝ հիվանդությունը կարող է արագորեն տարածվել՝ առաջ բերելով գնալ-մեռնելու նորանոր թեկնածուներ, կամ էլ՝ ստիպելով պետությանը բազմապատիկ անգամ ավել ծախսերի գնալ:
Ինչեւէ՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, թե ի՞նչ անեն այն անձինք, ովքեր միջոցներ չունեն հիվանդանոցում բուժվելու համար, եւ արդյոք դա չի՞ նպաստի համաճարակի տարածմանը: Նախարարությունից մեզ պատասխանեցին.
- Եթե քաղաքացին անվճարունակ է եւ չունի անապահովության թերթիկ, ապա կարող է գրավոր դիմել տվյալ բուժհաստատության ղեկավարությանը, որը կսահմանի զեղչային համակարգ իրենց համար: Իսկ հիվանդությունը, նորից ենք կրկնում, նահանջում է: Տարածման միտումներ, համենայնդեպս, այս պահին չունի:
Հավելենք, որ նյութը պատրաստ էր, երբ ընթերցողներից մեկից ստացանք ահազանգ, սոցիալապես անապահով անձանց անգամ, որոնց հասնում է անվճար բուժում, հիվանդանոցներ կան, որ պարզապես չեն ընդունում, ասելով, որ տեղ չունեն: Կան միայն, այսպես ասած, VIP հիվանդասենյակներ, որտեղ մնալն ավելի թանկ է, քան բուժումը: