«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ` ԵԽԽՎ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՓՈՐՁԻ ԳՏՆԵԼ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16
«ՃԻՇՏ ԿԼԻՆԻ` ԵԽԽՎ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՓՈՐՁԻ ԳՏՆԵԼ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ մինչ ԵԽԽՎ լիագումար նիստում ընթանում էր խնդրահարույց հակահայկական բանաձեւերի քվեարկությունը, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը կոկորդ էր պատռում, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը մենաշնորհել է բանակցային գործընթացը եւ վերջին հայտարարությամբ միջամտում է միջազգային մեկ այլ կառույցի` ԵԽԽՎ-ի գործունեությանը, որը նպատակ ունի կարգավորելու հայ-ադրբեջանական հակամարտությունը»: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում հայտնված երկու հակահայկական բանաձեւերի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել` ընդգծելով, որ ԵԽԽՎ-ի կողմից անթույլատրելի է միջամտությունը հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԱԺ պատգամավորների հետ` ներկայացնելով այն «Կլոր սեղան» ձեւաչափով:
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՏԱՆՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՁԱԽՈՂԵԼՈՒՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` ադրբեջանական կողմի այսպիսի դիրքորոշումը սպասելի էր. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի որոշել մենաշնորհի վերածել բանակցային գործընթացը, այլ այդ խումբը գործում է Եվրոպայի խորհրդի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակում, որը լիազորված է 55 անդամ պետությունների նախագահների մանդատով: Այնպես որ, Մինսկի խմբի որեւէ համանախագահ իրեն ավելորդ մանդատ կամ ավելորդ լիազորություն չի վերագրել: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունները որեւէ կերպ չեն կարող տեղավորվել տրամաբանության մեջ, եւ կարծում եմ, որ դրանք ավելի վատ բաներ էլ են ասելու վաղը կամ մյուս օրը: Հիմա կհանգստանան ու նորից ավելի բուռն հարձակում կգործադրեն: Ցավոք, ադրբեջանական կողմը ակնհայտորեն տանում է բանակցային գործընթացը ձախողելու քաղաքականություն: Ընդ որում` ցանկացած գնով, սա ակնհայտ է նաեւ համանախագահող երկրների համար»:
«ՈՒՂՂԱԿԻ, ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
Իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ նախեւառաջ նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը մենաշնորհ երբեք չի վերցրել իր վրա, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առումով, այդ խմբի ձեւավորմանը նպաստել են բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում` նաեւ միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսին է ՄԱԿ-ը եւ այնպիսի երկրներ, որոնք տարածաշրջանում շահագրգիռ են` գոնե տեսանելի մակարդակում խաղաղության հաստատմանը: Ուստի` Ադրբեջանի ԱԳՆ-ի նման հայտարարություններն ուղղակի փրփուրներից կախվելու փորձեր եմ համարում: Եվ սա այն քիչ դեպքերից է, որտեղ ավելի շատ դեր ունեն միջազգային քաղաքական որոշումները, քան տեղական` տվյալ պարագայում` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մոտեցումները: Այստեղ ավելի էական է միջազգային խաղացողների քաղաքական որոշումները, քան մեր կամ ադրբեջանական կողմի ներկայացրած փաստարկները: Բայց պետք է փաստարկները ներկայացնելիս էլ, գոնե միջազգային խոշոր խաղացողները ճիշտ եզրահանգման գան: Իրենց շահերից ելնելուց զատ, նաեւ այնպիսի որոշումներ պետք է ընդունվեն, որոնք չլինեն նախկինի նման, որը չէր նպաստում խաղաղության հաստատմանը»:
«ՍԱ ՈՐԵՎԻՑԵ ՃՆՇՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎՐԱ»
Այնուամենայնիվ, թե ադրբեջանական ճնշումների ու այսպիսի քննադատությունից հետո` արդյո՞ք ժամանակը չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսեն գործուն քայլեր իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, հատկապես իրենց իսկ վերջին հայտարարությունից հետո, փորձեցինք պարզել մեր բանախոսներից:
Ըստ Խ. Հարությունյանի. «Ուղղակի, կա մի շատ պիկանտ նրբերանգ, համանախագահողները միջնորդ են, իսկ միջնորդը չի կարող որեւէ կողմին իր հայտարարությամբ, իր մեկնաբանություններով ակնհայտ սատարել: Դրա համար նրանք փորձում են ամեն կերպ հավասարահերթ բանաձեւումներով հանդես գալ: Թեպետ, երբ ադրբեջանական կողմը սկսեց կիրառել ծանր հրետանի եւ նռնականետեր, արդեն նրանք էլ չդիմացան եւ սկսեցին, ճիշտ է, դիվանագիտորեն քողարկելով, բայց իրերն իրենց անուններով կոչել»: Այս հարցի վերաբերյալ հետեւյալ տեսակետը հայտնեց Խ. Քոքոբելյանը. «Բազմիցս ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բացի համահավասարեցնող հայտարարություններից, լինելով թերեւս միակ էֆեկտիվ կառույցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող, պետք է ավելի ադեկվատ դիրքորոշումներ ցուցաբերի: Եվ այդ ադեկվատ դիրքորոշումներից մեկն էլ կարելի է համարել իրենց վերջին հայտարարությունը, որը շատ կարեւոր եւ ողջունելի եմ համարում` իր բովանդակության եւ նպատակային առումով: Այն, անշուշտ, իր դերակատարությունն ունեցավ ԵԽԽՎ-ում եւ կունենա նաեւ այսուհետ: Այնպես որ, ավելորդ եւ անիմաստ եմ համարում ադրբեջանական նման փորձերը, որովհետեւ սա որեւիցե ճնշում չի կարող առաջացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163725&l=am/