ԲՌՆԱԳԱՆՁՈւՄՆԵՐԻ Ու ՏՈւԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈւՑԱՆԻՇ ՉԷ
Արխիվ 12-16
ԲՌՆԱԳԱՆՁՈւՄՆԵՐԻ Ու ՏՈւԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ
ՑՈւՑԱՆԻՇ ՉԷ
2015թ. Արդարադատության նախարարության կազմում գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է 893222 կատարողական վարույթ: Դա կրկնակի անգամ շատ է 2014թ. ցուցանիշներից: Արդյունքում ազգաբնակչությունից բռնագանձվել է 25 մլրդ դրամ:
Այս ցուցանիշները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս ոչ միայն այն առումով, որ բռնագանձված գումարը ահռելի է, այլեւ նրանով, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը նախորդ տարվա ընթացքում առնչվել է հարկադիր բռնագանձումների հետ: Հարուցված վարույթների մեկ տարվա ընթացքում կրկնակի աճը դժվար թե վկայի բնակչության կողմից իրավախախտումների կրկնակի աճի մասին: Սակայն վստահելիորեն կարելի է ասել, որ այդ ամենի հետեւանքով կրկանկի աճել է բնակչության դժգոհությունը, սակայն ոչ թե ԴԱՀԿ-ից, այլ հենց պետությունից:
Առավել մտահոգիչ է, որ մեզանում ամրապնդվել է այն պրակտիկան, որ տուգանող կամ բռբնագանձող մարմինը ինքն է տնօրինում գանձված գումարները: Այսպես վերոհիշյալ 25 մլրդ դրամը կիսով չափ տրվել է ԴԱՀԿ անձնակազմին` որպես խրախուսանք, իսկ մյուս մասը ծառայել է ԴԱՀԿ կարիքների համար:
Նույն կերպ տարեց տարի աճում, են վարորդներից գանձած տուգանքները, առաջացնելով լուրջ դժգոհություն հասարակության մեջ: 2012-ից մինչեւ 2014թ. ճանապարհատրանսպորտային տուգանքները աճել են 3 անգամ, իսկ գանձած գումարները` 2.1 անգամ: 2014-ին կայացվել է 1 միլիոն 265 հազար 781 որոշում, 10 միլիարդ 596 միլիոն 631 հազար դրամ ծավալով:
Հարցը այնքան սրություն ունեցավ, որ դրան հատուկ անդրադարձավ ՀՀ նախագահը (ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն 15.09.20152. խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով), հանձնարարելով կարգ ու կանոն մտցնել այս ոլորտում: «Այդ գործընթացն այնպիսին է, որ եթե ամենօրյա ուշադրություն չդարձնենք՝ մեր ձեռքբերումները կարող են կարճ ժամանակում ի չիք դառնալ, և արդյունքում կունենանք զուտ տուգանքներ հավաքելու նպատակ:,- ասել է ՀՀ Նախագահը,- Ուստի, կարծում եմ, որ մենք շատ կարևոր խնդիր պետք է լուծենք՝ պետք է կարողանանք մթնոլորտը փոխել: Սա ամենակարևորն է, և պետք է կարողանանք դրական վերաբերմունք ձևավորել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների մոտ...»: Նախագահը նաեւ նշել է, որ «տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ:»
Ի կատարումն Նախագահի հանձնարարականի` Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ու Հանրապետական կուսակցության խմբակցության ակտիվ մասնակցությամբ զգալի դրական տեղաշարժեր եղան օրենսդրության մեջ 2015թ. վերջում կատարած փոփոխությունների արդյունքում եւ հասարակական դժգոհություն առաջացնող խնդիրը որոշ չափով մեղմվեց. այս փուլում հասանք միջանկյալ արդյունքների: Սակայն խնդրի արմատական լուծումը գտնվում է այն համակարգի հիմքում, ըստ որի տուգանող կամ բռնագաձող մարմինները հենց իրենք են տնօրինում տուգանքների արդյունքներում առաջացած գումարները: Հետեւաբար տուգանողները անմիջապես շահագռգռված են տուգանքների կամ բռնագանձումների քանակի եւ չափերի մեջ: Նշենք, որ նմանատիպ պրակտիկա կա ոչ միայն ԴԱՀԿ-ում եւ ՃՈ-ում, այլեւ մի շարք այլ մարմիններում:
Եթե նույն տրամաբանությունը շարունակի տարածվել նաեւ այլ ոլորտներ, օրինակ` դատարաններ, ապա կստացվի, որ դատավճիռներով սահմանված տուգանքները պետք է գնան այս անգամ էլ դատարանների արտաբյուջետային հաշիվներին եւ ծախսվեն դատավորների խրախուսման համար: Նշենք, որ նման խրախուսումները իրենց հերթին խրախուսում են տուգանողներին ու բռնագանձողներին` էլ ավելի շատ տուգանել եւ բռնագանձել:Ստացվում է փակ ցիկլ: Կա մտավախություն, որ այնպիսի համակարգում, ուր ձեւավորվել են մի շարք ուժային գերատեսչություններ` լայն լիազորություններով եւ հնարավորություններով, դրանք վեր են ածվելու «կիսապետական-կիսաանկախ» մարմինների, որոնք սկսելու են առաջնորդվել նաեւ գերատեսչական շահերով եւ կամաց-կամաց ձեռք են բերելու «պետության մեջ պետությունների» կարգավիճակներ: Ակնհայտ է նաեւ, որ արդեն իսկ սուբեկտիվիզմը այդ մարմինների գործունեության մեջ զգալիորեն ազդում է նրանց գործունեության վրա` իր հերթին բերելով ազգաբնակչության դժգոհության աճ:
Ժամանակն է հրաժարվել արտաբյուջետային հիմնադրամներից, իսկ տուգանքներից եւ բռնագանձումներից առաջացած գումարները ուղղել դեպի պետբյուջե, որտեղից արդեն նախատեսել գումարներ այս կամ այն գերատեսչության ծախսերի կամ անձնակազմի խրախուսման համար: Այդ դեպքում, ի դեպ, բյուջեն կավելանա մինչեւ 60-70 մլրդ դրամով: Տուգանող ու բռնագանձող մարմինների գործողությունները կլինեն ավելի օբյեկտիվ, մեր համաքաղաքացիներից շատ-շատերը ստիպված չեն լինի ընկնել դատարանների դռները սեփական անմեղությունը ապացուցելու համար, իսկ ընդհանուր մթնոլորտը երկրում կառողջանա:
ՀԱՅԿ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163715&l=am/