ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԵԹԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՄԱՆ ՄԱՐԴՈՒՆ ԵՏ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ, ՊԵՏՔ ՉԷ ԶԱՐՄԱՆԱԼ...»
Արխիվ 12-16
ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ԵԹԵ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆՄԱՆ
ՄԱՐԴՈՒՆ ԵՏ ԸՆԴՈՒՆԵՑԻՆՔ, ՊԵՏՔ ՉԷ ԶԱՐՄԱՆԱԼ...»
ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից այսօր «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ճիշտ են այն տեղեկությունները, որ Սփյուռքի դաշնակցական կառույցները ողջունո՞ւմ են, որ ՀՅԴ-ը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: «Սփյուռքի դաշնակցական կառույցները ոչ ողջունում են, ոչ էլ չեն ողջունում: Սա գերագույն ժողովի որոշումն է: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման մարդուն ետ ընդունեցինք մեր կենտրոնում, պետք չէ զարմանալ: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերի հետ պատրաստ ենք համագործակցել, եթե կա հայացքների նույնություն»,- պատասխանեց Մանոյանը:
Մեր մյուս հարցին` եթե ՀՀԿ-ը մեծամասնություն է խորհրդարանում, կարողանում է ցանկացած օրենք առանց այլ կուսակցությունների անցկացնել, ինչու պետք է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմի: Ասում են` ՀՅԴ-ը է շահագրգռված կոալիցիա կազմել: «Հարցրեք ՀՀԿ-ին: Առաջարկը ՀՀԿ-ն է արել»,- ասաց հոյդա բյուրոյի անդամը:
Հստակեցրինք`ՀՀԿ-ը արտաքին քաղաքական որոշ հարցերում ակնկալում է Սփյուռքի դաշնակցական կառույցների աջակցությունը, հետեւաբար կոալիցիան դրա համար է պետք հավանաբար: «Դուք դաշնակցությանը լավ չեք ճանաչում, դրա համար եք այդպես խոսում Դաշնակցությունը մեկ ընդհանուր կառույց է: Ինչ որոշում է, այդ ընդհանուրի աջակցությունը կա»,- պատասխանեց դաշնակցական գործիչը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163713&l=am/