ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Արխիվ 12-16
ՉԵԽՈՎԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ԲԻԶՆԵՍ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգստյան տունը պատկանում է Չեխովի դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին: Տեղեկատվությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել տիկին Սարուխանյանի հետ, սակայն արի ու տես, որ երկու օր պահանջվեց «Իրավունք» թերթի թղթակցից դպրոցի տնօրենի հետ կապ հաստատելու համար: Երեկ տիկին Սարուխանյանը, լսելով «Ալպինա» հանգստյան տան մասին, անջատեց հեռախոսահամարը, ապա ուղարկեց հաղորդագրություն. ««Перезвоню позже»:
Քանի որ տիկին Սարուխանյանն այդպես էլ «позже»` ժամեր անց, չզանգահարեց, նորից փորձեցինք կապ հաստատել նրա հետ: Այս անգամ, սակայն, հեռախոսազանգին պատասխանեց մի տղամարդ, ով ներկայացավ որպես տիկին Սարուխանյանի վարորդ: Նա մեզ տեղեկացրեց, որ Գայանե Սարուխանյանը հանդիպման է: Դպրոցի տնօրենը, սակայն, այդպես էլ չզանգահարեց մեզ: Մենք էլ առաջնորդվելով հայտնի ասացվածքով` «երբ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամեդի մոտ», այսօր դարձյալ զանգահարեցինք նրան` պարզելու, թե ի վերջո, դա կապ ունի՞ վերոնշյալ հանգստյան տան հետ: «Ոչ, այդ տեղեկատվությունը ճիշտ չէ»,- ասաց դպրոցի տնօրենը:
Այդ դեպքում ինչո՞ւ տիկին Սարուխանյանը հավատարիմ չմնաց իր ««Перезвоню позже» խոստմանը եւ չզանգահարեց լրագրողին: «Խնդրում եմ` լրացուցիչ հարցեր մի տվեք: Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի»,- խուսանավեց դպրոցի տնօրենը:
Եթե «Ալպինա» հանգստյան տունը Գայանե Սարուխանյանին չի պատկանում, ինչո՞ւ է հենց նա հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ժողովրդական խոսք կա` «Ծուխն առանց կրակի չի լինում»: «Ես ձեր հարցերին պատասխանեցի: Ցտեսություն»,- պատասխանեց դպրոցի տնօրենն ու անջատեց հեռախոսը:
Հ.Գ. Ի դեպ, Գայանե Սարուխանյանը նախկին պատգամավոր է, ժամանակին Վանո Սիրադեղյանի ստեղծած «Շամիրամ» խմբակցության ու համանուն կազմակերպության անդամ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163703&l=am/