«ՀՈ ՉԵ՞ՆՔ ԿԱՐՈՂ ՔԱՆԴԱԿԻ ՄԵՋ ՌՈՒՄԲ ԴՆԵԼ, ՈՐ ԱՅՆ ՆՈՐԻՑ ՉԿՈՂՈՊՏԵՆ»
Արխիվ 12-16
«ՀՈ ՉԵ՞ՆՔ ԿԱՐՈՂ ՔԱՆԴԱԿԻ ՄԵՋ ՌՈՒՄԲ ԴՆԵԼ, ՈՐ ԱՅՆ ՆՈՐԻՑ ՉԿՈՂՈՊՏԵՆ»
Երեւանի «Դվին» հյուրանոցի բակում տեղադրված «Լեռնային պար» խմբաքանդակը, որը տարիներ առաջ անհայտ անձնաց կողմից գրեթե կիսով չափ վնասվել էր` շուտով ամբողջովին վերականգնված կներկայացվի հանրությանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց քանդակի հեղինակ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:Նրա խոսքով` վերականգնումը վերջնական փուլում է, քանի որ այս պահին «Դվին» հյուրանոցում ընթանում են շինարարական աշխատանքներ եւ կշարունակվեն մինչեւ 2018 թվականը, դեռեւս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա բացումը:
Խմբաքանդակը վերականգնելու ընթացքում, Տ. Արզումանյանը այնպես է աշխատել, որ քանդակի արտաքին տեսքի մեջ որեւէ փոփոխություն տեղի չունենա: 1973 թվականին ստեղծված քանդակը վերականգնելու համար քանդակագործը բացի սեփական հիշողությունից, օգտվել է նաեւ հին լուսանկարներից. «Տարիներ առաջ մտածելակերպն այլ էր, այժմ`այլ: «Լեռնային պարը» պատկանում է Երեւանի քաղաքապետարանին եւ գտնվում է Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության կոմիտեի հոգածության ներքո: Հնարավոր է, որ այդ գերատեսչությունները որոշեն եւ քանդակը տեղափոխեն մեկ այլ վայր: Ցանկությունս մեծ է, որ քանդակը մնա իր այսօրվա տեղում, եթե իհարկե հյուրանոցի սեփականատերերը դրան պատրաստ լինեն»,- նշեց քանդակագործը:
Չցանկանալով դեպքերից առաջ ընկնել` Տ. Արզումանյանը նաեւ տեղեկացրեց, որ բանակցություններ է տանում` քանդակը հարմարավետ վայրում տեղադրելու համար: Իսկ այն պահպանելու միակ ճանապարհը ըստ քանդակագործի` խիստ վերահսկողությունն է. «Հո չե՞նք կարող քանդակի մեջ ռումբ դնել, որ այն նորից չկողոպտեն: Պետք է վերահսկողությունը խիստ լինի, եւ տարածքում տեղադրվեն տեսախցիկներ»,- եզրափակեց Տիգրան Արզումանյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163693&l=am/