ԴԱՎԹՅԱՆԸ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ. «ՈՐ ԴԻՐԻԺՈՐԻՑ ԱՌԱՋ «ԳԼԽԱՎՈՐ» ԲԱՌԸ «ՊԱԳՈՆԻԴ» ՎՐԱ ՉԻ ԳՐՎՈՒՄ, ԽԱՆԳԱՐԵԼՈ՞Ւ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ»
Արխիվ 12-16
ԴԱՎԹՅԱՆԸ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ. «ՈՐ ԴԻՐԻԺՈՐԻՑ ԱՌԱՋ «ԳԼԽԱՎՈՐ» ԲԱՌԸ «ՊԱԳՈՆԻԴ» ՎՐԱ ՉԻ ԳՐՎՈՒՄ, ԽԱՆԳԱՐԵԼՈ՞Ւ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ»
Գրեթե մեկ ամիս է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն աշխատում է առանց գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի: Չնայած` վերջին օրերին նվագախմբի երաժիշտները Դուրգարյանին կրկին իր պաշտոնին հետ վերադարձնելու խնդրանք-պահանջով նամակ էին գրել ՀՀ նախագահին, բայց ըստ աշխատակիցների` թատրոնում ոչինչ չի տուժել, ամեն ինչ ընթանում է իր հունով: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի դիրիժոր-կոնսուլտանտ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ, ով երեք անգամ եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը, կարեւորություն չտալով այդ գլխավոր պաշտոնին` ասաց, որ թատրոնում, հնարավորության դեպքում, թարմ արյուն ու նորություն է պետք:
«ՈՒՂՂԱԿԻ ՊԱՀԸ ԹԵԺԱՑՆՈՒՄ ԵՆ»
-Անշուշտ, կան երաժիշտներ, որոնց այդ իրավիճակը հուզում է: Դեմոկրատիկ երկիր է, իրենց կարծիքն են հայտնում, բայց նվագախումբը հիմնականում հանգիստ կոլեկտիվ է, ուղղակի այդ մարդիկ որոշ չափով պահը թեժացնում են` գրգռում:
- Ստացվում է` Դուրգարյանի կողմնակիցնե՞րն են հրահրում:
- Անշուշտ, եւ դա բնական է: Վերջերս նախարարն ասաց, որ ստեղծագործական կոլեկտիվներում չի կարող ամեն ինչ հանդարտ գնալ, եթե այդպես է, ուրեմն` այնտեղ կյանք չկա: Թատրոնը թանգարան չէ, սիրում է թարմություն, եւ այն լճացած կոլեկտիվները, որ մեկին են վարժվում ու, այսպես ասած, «ախպոր տղի պես» են իրար հետ վարվում, սխալ է: Կոլեկտիվում 5-6 հոգի չեն ուզում, թող դիմում գրեն դուրս գան, ինչո՞ւ են ամբողջ կոլեկտիվի անունից խոսում:
«ՎԱՀԱՆԱԿԻ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՐԻԺՈՐ ԱՐԴԵՆ ԳԼԽԱՎՈՐ Է»
-Երկար տարիներ աշխատել եք թատրոնում, նման իրավիճակ պրակտիկայում եղե՞լ է:
- Ժամանակին Հայաստանում հայտնի մի դիրիժոր կար, ազգանունը չեմ ասում, երբ նրան առաջարկվեց, որ գլխավորից հրաժարվի, նույն պատմությունը եղավ: Այդ ժամանակ մեզ կանչեցին նախարարություն, ասացի, որ ստեղծագործական կոլեկտիվը, լինի 50, թե 5000 հոգի, պետք է ունենա մի ղեկավար, երկուսը լինել չի կարող: Եթե համաշխարհային մեծություն Գեղամ Գրիգորյանը հրավիրվել է որպես գեղարվեստական ղեկավար, ուրեմն ղեկավարությունը մտածում է թատոնն առաջ տանելու մասին: Եթե թատրոնում գեղարվեստական ղեկավար կա, երկրորդը չի կարող լինել, որովհետեւ օպերան միայն նվագախումբը չէ, կա բալետ, երգչախումբ, նվագախումբ, մեներգիչների խմբեր: Վահանակի մոտ կանգնած յուրաքանչյուր դիրիժոր արդեն գլխավոր է:
«ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԴԻՐԻԺՈՐ»
-Այսինքն` գլխավոր դիրիժորի հաստիքն ավելո՞րդ է:
- Դեռ 2 տարի առաջ այդ հարցը կար, գնացինք տիկին նախարարի մոտ, խոսեցինք, հետո նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն ասաց` լավ, ձեռք չտանք, տղերք ջան, յոլա տանենք: Ինչ վերաբերում է գլխավոր դիրիժորի հաստիքին, գլխավոր դիրիժոր լինելու համար, նախ պետք է լինել դիրիժոր: Եթե դիրիժոր ես, ներկայացում են տալիս, որ բեմադրես, կամ սիմֆոնիկ նվագախմբով համերգ տաս: Շնորհքով մարդ ես, ուրեմն անում ես քո չափի մեջ: Հիմա, որ դիրիժորից առաջ գլխավոր բառը «պագոնիդ» վրա չի գրվում, քեզ խանգարելո՞ւ է ղեկավարել, իհարկե չի խանգարելու: Այս թատրոնում 3 անգամ նշանակվել եւ 25 տարի եղել եմ այդ գլխավորով սկսվող դիրիժորը, բացի դրանից, եղել եմ նաեւ դիրիժորական կոլեգիայի նախագահ, որն ի պաշտոնե կատարում էր այդ գլխավոր դիրիժորի ֆունկցիան: Չեքիջյանի պես մարդը, մենք մոտ ընկերներ ենք, ասաց` Յուրա ջան, արդեն գեղարվեստական ղեկավար եմ, ու երկու գեղղեկ չի կարող լինել, բայց ուզում եմ, որ կոլեգիայի ղեկավարը լինես: Նույնը նաեւ Օհան Դուրյանն ասաց` է՜, Յուրի, կուզենամ, որ դու այդ պաշտոնում լինես... Եվ շատ հանգիստ աշխատում էինք, այդ ժամանակ չկար այդ գլխավոր դիրիժոր կոչված ինստիտուտը: Հիմա Դուրգարյանի աշխատավարձը թողնում են նույնը, որ ներկայացումն ուզում է, կարող է ղեկավարել, ձեռքից չեն վերցնում, այդ գլխավորը որ չկա, պիտի մեռնե՞ս, կախվե՞ս:
«Ո՞Վ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ, ԹՈՂ ԳԱ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒԶՈՒՄ Է` ՂԵԿԱՎԱՐԻ»
-Դուրգարյանին առաջարկվել է չէ՞, մնալ թատրոնում:
- Իհարկե, հիմա էլ են առաջարկում, ո՞վ է խանգարում, թող գա, որ ներկայացումն ուզում է` ղեկավարի: Ուղղակի, այդ պաշտոնը դառնում է ոչ թե գլխավոր, այլ առաջատար դիրիժոր: Գեղղեկն է թատրոնի ամբողջ կոլեկտիվների համար պատասխանատու, եւ եթե ուզում է դիրիժորներ, բալետմեյստերներ, արտիստներ հրավիրել, պետք է միայն ողջունել: Ամեն դիրիժոր կգա ու իր ֆունկցիան կանի նվագախմբում: Կա ադմինիստրատիվ ղեկավարություն, իսկ ամեն կոլեկտիվում` կոնցերտմեյստերներ: Բայց դրանից տրագեդիա սարքել ու բում դարձնել չի կարելի: Մեր գործը սիրում է թարմություն, չի կարելի տեղում դոփել: Իսկ անկախ քո տաղանդից, եթե միշտ նույնն ես մնում, կրկնվում ես, դա արդեն վատ է: Եթե կա հնարավորություն, ապա թարմ արյուն եւ նորություն միշտ պետք է թատրոնում:
- Այսինքն` այդ թարմ արյունը թատրոն կբերեն այն մարդիկ, որոնց անունները շրջանառվում են` առաջիկայում գլխավոր դիրիժորի պաշտոնում լինելու համար:
- Օրինակ` իտալացի փայլուն դիրիժոր Ջանլուկա Մարչանոյին Գեղամը իր կապերով հրավիրել է ոչ որպես գլխավոր դիրիժորի, այլ մի շարք ներկայացումների համար: Բացի դա, անհամեստություն չանեմ, մեկ այլ դիրիժոր, իմ տղան, որը ժամանակին աշխատել է այս թատրոնում, հիմա Փարիզի սուպեր կոնսերվատորիայի պրոֆեսոր է, մտքեր կան իրեն էլ հրավիրեն ու մի ներկայացում տան ղեկավարի: Քավ լիցի, նա Փարիզում ապահովված ապրում է, բայց եթե պետք է օգնել` կգա: Հիմա ի՞նչ վատ է, նվագախմբում այդ աղմկարարները հասկանան, որ նման մարդիկ են գալիս, իրենց մի քիչ ավելին կսովորեցնեն:

- Ստացվում է, որ Դուրգարյանը փակել էր բոլորի «օդերը» եւ թույլ չէր տալիս, որ նոր անուններ գան թատրոն:
- Ոչ թե թույլ չի տվել, այլ ինքն է արել: Իսկ այսօրվա գեղղեկն ավելի հեռուն է նայում, ուզում է փայլուն երաժիշտների հրավիրել: Մենք Մյունխենում, Դրեզդենում ունենք դիրիժորներ, ու այդ մարդիկ մի քիչ ավելին կարող են մեր նվագախմբին տալ, քան եղածները, այս մասին էլ է պետք մտածել:
«ՄԻՆՉ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՍՆԵԼԸ, ԳԻՏԵԻՆՔ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ»
-Պարոն Դավթյան, ասում են, որ Դուրգարյանը բոլորից լավ գիտեր, թե ում ընդուներ կամ չընդուներ նվագախումբ:
- Երիտասարդական նվագախմբի երաժիշտները, որոնց մենք մաղով ենք անցկացրել, մեծ մասն իմ օգնությամբ Օպերային թատրոնում են: Այնպես որ, մինչեւ Դուրգարյանը, արդեն գոնե գիտեի իրենց մասին: Նվագախումբը Կոնսերվատորիայի մեր երեխաներով է աճում է, մենք ենք դասավանդում, չե՞նք իմանում, որ լավն է, որին ընդունենք, որին` ոչ: Նախքան իրեն հասնելը, մենք գիտենք արդեն:
- Ասվում է նաեւ, որ այս 15 տարիների ընթացքում, մասնագիտական առումով Դուրգարյանն այն չէր տալիս, ինչն անհրաժեշտ էր:
- Մեծ Ստանիսլավսկին ասել է, եթե թատրոնում ամեն ինչ նույն կերպ խաղացիր, երգեցիր, նվագեցիր եւ չափ տվեցիր, շատ վատ է: Պիտի միշտ լինի փոփոխություն: Դա դաժան արվեստ է, պիտի ամեն անգամ նորություն ունենաս, իսկ հինը պահելը քո պրոֆեսիոնալիզմն է: Օրինակ` «Ալմաստի» վերջին 3-4 բեմադրութունն իմն է եղել` ամեն անգամ նոր ռեժիսորների հետ: Միշտ ասել եմ` թատրոնը թանգարան չէ, պիտի անընդհատ նորություն լինի: Ասենք, իմ ղեկավարած այսօրվա «Կարմենը» ձեզ դուր եկավ, վաղը նույնը տեսնեք` դուր չի գա: Կարող է շատ պրոֆեսիոնալ ղեկավարեմ 5 «Կարմեն», բայց 6-րդում էլ չկարողանամ նորություն տալ, եւ մյուսը գա, թարմություն բերի: Թատորնն առանց այդ պրոցեսի, թատրոն չէ:
- Եթե 5 «Կարմեն» ղեկավարելուց հետո, 6-րդը ուրիշը գա, Դուք չե՞ք նեղվի:
- Բոլորովին, գոհ կլինեմ: 1-2 «Կարմեն» հետո, կրկին կգամ` էլի հետաքրքիր կլինի, այս է ամբողջ հարցը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=163692&l=am/