Թե ինչպես ու ում շնորհիվ խորհրդային «Բարեկամության» այգին վերանվանվեց «Սիրահարների այգի»
Արխիվ 12-16
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՒ ՈՒՄ ՇՆՈՐՀԻՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ» ԱՅԳԻՆ ՎԵՐԱՆՎԱՆՎԵՑ
«ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ»
Երեւանի Սիրահարների այգին, որը 2007 թվականին վերակառուցվեց ու դարձավ առաջին եւ միակ ճապոնական այգին Հայաստանում (այն իրականացվել է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական եւ արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից), գոյություն է ունեցել դեռեւս 18-րդ դարից, սակայն այն ժամանակ կոչվել է «Կոզեռնի այգիներ»: Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը: Իսկ 1949 թվականին` ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի առթիվ, այգին անվանվում է «Պուշկինի այգի»: Բայց 21 տարի անց` 1970 թվականին, այգին եւ նրան կից պողոտան (այժմյան եւ նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է «Բարեկամության»` խորհրդային ժողովուրդների եղբայրությունն ընդգծելու համար։
Ի վերջո, Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երեւանի պատգամավորների խորհրդի որոշմամբ` այգին վերանվանվում է Երեւանի «Սիրահարների այգի»։ Իսկ թե ինչո՞ւ հենց «Սիրահարների այգի», պարզաբանում է այգու անվանման հեղինակը` ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ. «Ուզում էի մի անուն տալ այգուն, որը տարբերվեր մինչ այդ առաջարկված անուններից: Երեւան քաղաքի «Անվանակոչությունների հանձնաժողովի» անդամ էի, շատ առաջարկներ եղան, բայց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Վարդանյանն անվերջ մերժում էր: Կասկածելով, որ իմ առաջարկն էլ կմերժվի, այնուամենայնիվ, քաջություն ունեցա առաջարկել` ասելով, որ աշխատավայրիս դիմացն է, ամեն օր սիրող զույգեր եմ տեսնում այգում, եկեք սիրով լցնենք մեր քաղաքը: Մութ ու ցուրտ օրերի դահլիճը լցվեց ժպիտներով, ոչ ոք չէր հավատում, որ առաջարկս կանցնի եւ` ի զարմանք ներկաների, Վարդանյանն ասաց. «Այս մեկն էլ թող Ռուզանի ասածով լինի»: Շնորհակալ եմ, սիրելի պրոֆեսորին», - ընդգծել է տիկին Ասատրյանն ու դիմել երիտասարդներին. «Իսկ ձեզ` մեր կյանքի ծաղիկներ, անսպառ սեր ու երջանկություն եմ մաղթում, թող հայոց գենը սերնդի պակաս չունենա, այգին թող հավերժ փայփայի Ձեր սերը…»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163616&l=am/