Արմինե Կիրակոսյան. «ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ»
Արխիվ 12-16
ԱՐՄԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ»
Շուտով կկայանա ArmBody Project-ի կողմից կազմակերպված «Լավագույններից Լավագույնը» երաժշտական մրցույթի երրորդ` կիսաեզրափակիչ փուլը: Իսկ մինչ այդ անդրադառնանք արդեն իսկ կայացած երկրորդ փուլին, որի ժամանակ մասնակիցները ժյուրիին ներկայացան հայկական կատարումներով: Մասնակիցներից ԱՐՄԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ «Իրավունքը» զրուցեց իր կատարման, մրցույթի եւ սպասելիքների մասին:
- Արմինե, մրցույթի առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայանային արտասահմանյան կատարումներով, իսկ այս փուլում` հայկական, որքանո՞վ էր հեշտ կամ բարդ այդ անցումը:
- Առհասարակ, կարծում եմ ու նաեւ մասնագետների տեսակետն էլ է, որ հայկական երգեր երգելը ավելի դժվար է, քան արտասահմանյան: Ըստ իս, լավ հայերեն երգերը այդքան էլ շատ չեն ու այդ իսկ պատճառով դժվար էր անցում կատարելը արտասահմանյանից հայկական երգերի: Ասեմ, որ այս փուլում երգել եմ Արամ Սաթյանի «Կապույտ երազ» երգը, որը ոչ այնքան շատ լսված երգ է: Գտնում եմ, որ մենք հենց այդպիսի երգեր պետք է ներկայացնենք, որ հանրությունը ճանաչի դրանք, քանի որ գեղեցիկ կոմպոզիտորական երգեր ունենք:
- Ի տարբերություն շատ մասնակիցների, Դուք որոշակի երաժշտական կրթություն ունեք: Հետաքրքիր է, թե Ձեզ համար որքանո՞վ է այս մրցույթը կարեւոր:
- Այո, իրավացի եք, ես սովորում եմ էստրադային-ջազային արվեստի քոլեջում, բայց ինչպես մյուսների համար, այնպես էլ ինձ համար, այս մրցույթը մեծ փորձ է: Ու պետք է մի քիչ ավելի լուրջ վերաբերվենք ցանկացած մրցույթի` լինի հեռուստատեսային, թե այլ ձեւաչափով: Այնպես որ, եթե մասնակցում ես որեւէ մրցույթի, ուրեմն` պետք է կարողանաս ներկայանալ հավուր պատշաճի:
- Իսկ որքանո՞վ իրականացան սպասելիքներդ:
- Ինձ համար առաջին հերթին կարեւոր է ժյուրիի սպասելիքներն արդարացնելը, քանի որ կարծում եմ` նրանք նախորդ փուլերում ամեն մասնակցի լսելուց հետո ունեն որոշակի սպասելիքներ հաջորդ փուլում: Դրա համար էլ ձգտում եմ փուլ առ փուլ ավելի զարգացնել կատարողականս:
-Ի դեպ, ժյուրիի մասին, նրանք հենց առաջին փուլում խոստանում էին ավելի խիստ լինել: Ի՞նչ եք կարծում կկարողանաք հաղթահարել հերթական փուլը ու դեռեւս մնալ այս երաժշտական նախագծում:
- Դեռ ժյուրին իր խոսքը կասի: Մյուս փուլ անցնում են լավագույնները, չգիտեմ ինչ կլինի, ամեն դեպքում, սպասելիքներս մեծ են ու հույս ունեմ …Ինչ վերաբերում է նրան, որ փուլ առ փուլ ավելի մեծանում է ժյուրիի խստությունը, բնական է, քանի որ նրանց պահանջը մեզնից` մասնակիցներիցս, ավելի է շատանում:
- Եվ վերջում եւս մեկ հարց. ի՞նչ կավելացնեիք կամ կփոխեիք «Լավագույններից Լավագույնը» երաժշտական մրցույթում:
- Չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխելու կարիք կա, որովհետեւ ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ ժյուրիի անդամները պրոֆեսիոնալ են: Պարզապես, կցանկանայի, որ մասնակիցներս բեմ դուրս գալուց առաջ էլ ավելի լուրջ վերաբերվենք թե՛ մեր հագուստին, թե՛ մեր երգած երգին` ընտրելով այնպիսի երգ, որը համապատասխան կլիներ մեր ձայնին: Չմոռանանք` հենց ժյուրին էլ է նշել, որ մեծ տեղ է տալիս բեմական կուլտուրային: Մի գեղեցիկ խոսք կա` «Ունենալ արվեստը մեր մեջ», ինձ համար առաջին հերթին սա է կարեւոր:
Հավելենք, որ մրցույթի երկրորդ փուլում արդարացան ինչպես Արմինե Կիրակոսյանի սպասելիքները, այնպես էլ մնացյալ 23 մասնակիցների, քանի որ թեպետ հաջորդ փուլ պետք է անցնեին ընդամենը 15 հոգի, սակայն նախագծի կազմակերպիչ եւ գլխավոր պրոդյուսեր Արման Կիրակոսյանի որոշմամբ` բոլոր 24 մասնակիցներն էլ հնարավորություն կունենան մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին: Իսկ առաջիկա փուլում մասնակիցները ժյուրիի առաջ կներկայանան ֆիլմերում կամ մուլտֆիլմերում հնչած հայտնի երգերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163615&l=am/