ԳՐԵԹԵ 18 ՏԱՐԻ «ԿԱՐՊԻ ԹԱՏՐՈՆՆ» ԱՌԱՆՑ ԿԱՐՊԻ Է. ԱՅՍՕՐ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 93 ՏԱՐԵԿԱՆ
Արխիվ 12-16
ԳՐԵԹԵ 18 ՏԱՐԻ «ԿԱՐՊԻ ԹԱՏՐՈՆՆ» ԱՌԱՆՑ ԿԱՐՊԻ Է. ԱՅՍՕՐ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 93 ՏԱՐԵԿԱՆ
Այսօր մինչ հայ ժողովուրդը նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, չանտեսենք, որ այսօր հայ մեծանուն կատակերգու, ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ ծննդյան օրն է: Հայ կատակերգության վարպետը կդառնար 93 տարեկան:
«Պատերազմի տարիներն էին, նոր էի ավարտել Թբիլիսիի կինոդերասանական դպրոց-ստուդիան: Հնարավորություն եւ հրավերներ ունեի տարբեր թատրոններում աշխատելու: Հենց այդ օրերին ինձ հրավիրեցին աշխատելու Երեւանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ընկերներս՝ Սերգեյ Եվլախովը եւ հատկապես Լեւոնը (հռչակավոր Լեւ Կուլիջանովը), ոգեւորեցին եւ խորհուրդ տվեցին ընդունել հրավերը:
Եկա... Հենց առաջին իսկ ներկայացումները հաջողություն բերեցին: Երեւանցինեը սիրեցին ինձ, ես էլ փոխադարձաբար՝ նրանց: Եվ ընդմիշտ մնացի Հայաստանում՝ իմ հայրենիքում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Կ. Խաչվանքյանը:
Ինչպես ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան, դերասան, թանգարանագետ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի վարիչ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է շեշտում, թատրոնի պաշտոնական կայքում, Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»: Բայց գրեթե 18 տարի է «Կարպի թատրոնն» առանց Կարպի է:
Ըստ Ս. Առաքելյանի. «Վստահաբար ասենք, որ երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցավ այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին Կարպ Խաչվանքյանը: Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացուներում, մասնակցել ռադիոբեմադրությունների:
Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո, 1944թ Կարպ Խաչվանքյանը հրավիրվեց Երեւանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն եւ 54 տարի եղավ նրա առաջատար դերասանը, սիրվեց ժողովրդի կողմից, աշխատեց անմնացորդ, դարձավ իր թատրոնի խորհրդանիշը, իր մարմնավորած անզուգական կերպարներով եւ իր բեմադրած բարձարվեստ բեմադրություններով հարստացրեց թատրոնի պատմությունը:
Առաջին դերը Բոնին էր` Կալմանի ‹‹Սիլվա›› օպերետում (1944թ. նոյեմբերի 4), որը միանգամից հռչակեց նրան եւ իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը: Տաղանդավոր դերասանի մասին բարձր կարծիքներ են հայտնել Ավետիք Իսահակյանը, Վահրամ Փափազյանը, Հայկանուշ Դանիելյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Վարդան Աճեմյանը, Պարույր Սեւակը, Գոհար Գասպարյանը, Համո Բեկնազարյանը, Առնո Բաբաջանյանը եւ ուրիշներ:
Կարպը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ուներ հայկական օպերետների եւ երաժշտական կոմեդիաների հանդեպ:
Խաղացած 100-ից ավելի դերերից առանձնացնել է պետք հետեւյալները` Բոնի (‹‹Սիլվա››), Ալդեմարո (‹‹Պարերի ուսուցիչը››), Տոնի (‹‹Կրկեսի իշխանուհին››), Պենիժեկ (‹‹Մարիցա››), Ստեֆան (‹‹Գնչուների բարոն››), Նապոլեոն (‹‹Բայադերա››), Հիգինս (‹‹Իմ չքնաղ լեդի››), Ֆիլիպ (‹‹Ազատաշունչ հողմը››), Իվան (‹‹Ծաղրածուի որդին››), Սուսիկ (‹‹Տրեմբիտա››), Սուրեն (‹‹Մեծ հարսանիք››), Գուրգեն (‹‹Աղբյուրի մոտ››), Ղարա (‹‹Կապկալ թամաշ››), Սոկրատ (‹‹Սեր աստղերի տակ››), սակայն Խաչվանքյանը կերտեց կերպարներ, որոնք ձեռք բերեցին միջազգային ճանաչում` դա նախ եւ առաջ Տոնինոն եւ Ձանիետոն է (‹‹Վենետիկյան երկվորյակներ››), ապա Սոկրատը (‹‹Սեր աստղերի տակ››), Սկապենը (‹‹Սկապենի արարքները››), Թոդորոսը (‹‹Պահանջվում է ստախոս››), Դոն Կիխոտը (‹‹Լամանչեցի մարդը››), Կնյազը (‹‹Տաքսի, տաքսի››)»:
Ստորեւ ներկայացնում ենք «3-րդ ալիք» հեռուստաընկերության «աստղեր եվ ճակատագրեր» հաղորդաշարի 1999 թվականի հաղորդումը`նվիրված վարպետի ծննդյան 75-ամյակին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163614&l=am/