«Այս հարցը համահայկական է եւ կուսակցական գույն, քաղաքական հայացքներ չի ճանաչում». Բողոքի ակցիա
Արխիվ 12-16
«ԱՅՍ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ Է ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳՈՒՅՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ». Հունվարի 25-ին կկայանա բողոքի ակցիա
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», «Հանուն Օրենքի » հասարակական շարժումը Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ (հասցե` Բաղրամյան 34) հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին, պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել` դատապարտելով Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական վեհաժողովում նախատեսվում են լսումներ երկու հակահայկական զեկույցների շուրջ, որոնք պատրաստված են Բրիտանիայի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի ներկայացուցիչների կողմից: Հատկապես մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է բռնիչներ եւ զավթիչներ` այսպիսով թեւ եւ թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահելաոճին ու վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում: Ուստի` ակցիայի նախաձեռնողները տարածած հայտարարության մեջ ընդգծել են. «Մենք չենք հանդուրժելու որեւիցե ընդվզում Ղարաբաղի ԱԶԱՏԱԳՐՎԱԾ տարածքների նկատմամբ եւ պատրաստվում ենք մեր բողոքն արտահայտել: Կոչ ենք անում ողջ հայությանը հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին մեկ մարդու նման լինել Բրիտանիայի դեսպանատան առջեւ, որպեսզի ցույց տանք, թե ինչ է ասել ստիպել հայերին հանձնել սեփական հողը, որի համար զոհվել են մեր հայրերը, եղբայրները, քույրերը: Որպեսզի ցույց տանք, թե ինչ ուժ ունի հայ ազգը, որը միավորվում է պաշտպանելու սեփական օջախը, քաղաքը, երկիրը»: Նախատեսված բողոքի ակցիայի մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել կազմակերպիչներից «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակեպության» ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:
- Արման, արդեն բավական լայն արձագանք է գտել նախատեսված բողոքի ակցիան, հետաքրքիր է, թե ովքե՞ր են միացել Ձեզ:
- Միացել են ՀՅԴ կուսակցության երիտթեւը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, մտավորականներ եւ բավականին շատ երիտասարդներ:
- Փաստորեն, ակցիան անկախ քաղաքական հայացքներից, ծավալած տարբեր գործունեությունից, կարելի՞ է ասել, որ համախմբելու է հայությանը:
- Այս հարցը համահայկական է եւ կուսակցական գույն, քաղաքական հայացքներ չի ճանաչում: Բոլորս դնում ենք այդ ամենը մի կողմ եւ պայքարում մի նպատակի համար` Հայաստանի Հանրապետության: Ուստի` ուրախ կլինեմ այդ օրը Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեսնեմ այլ կուսակցությունների երիտթեւերին, միություններին եւ, պարզապես, այն մարդկանց, ում համար ազգային, պետական շահը ամեն ինչից վեր է:
- Որքանո՞վ եք հնարավոր համարում այսպիսի ակցիայով սթափեցնել ԵԽԽՎ-ին, որպեսզի չվավերացնեն այն բանաձևերը, որոնք բազմաթիվ վտանգներ են պարունակում իրենց մեջ, ինչի մասին նշել եք Ձեր հայտարարության տեքստում:
- Առաջին հերթին ոչ թե մենք պետք է մտավախություն ունենանք, այլ ԵԽԽՎ-ն թող մտածի իր հեղինակության մասին, որը Հայաստանում հիմա զրոյի է հասել: Անկախ ամեն ինչից Հայ ժողովուրդը եւ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում մի միլիմետր հող զիջել ինչ-որ մեկին: Մեր պատմական հողերը մենք վերադարձրել ենք արյունով եւ արյամբ մինչեւ վերջ պահելու ենք:
Ի դեպ, բողոքի ակցիային միացել է նաեւ Հայաստանի գրողների միության անդամ, գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Լորենս Արաբացու հայրենակիցներից ուրիշ սպասելիքներ չենք էլ կարող ունենալ, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, ես միանում եմ Հայրենի Հողի պաշտպանության Ձեր առաջարկին եւ անպայման կլինեմ Ձեր կողքին... »:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163597&l=am/