ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵԼ Է
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ
ՄԵՐԺՎԵԼ Է
Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն այսօր «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է իրենց բողոքը Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու մասին: «Ազատության մեջ մնալով` Շիրխանյանը նախաքննությանը չէր խոչընդոտի»,- ասաց պրն Տեր-Եսայանը:
Փաստաբանի խոսքով` իրենք կփորձեն համոզել քննչական մարմիններին, որ իրենց պաշտպանյալը չի խոչընդոտի գործի քննությանը խափանման միջոցը փոխվելու դեպքում:
Տիգրան Տեր-Եսայանի տեղեկացմամբ Վահան Շիրխանյանը փետրվարին կտա ցուցմունք:
«Ես հավատում եմ իմ պաշտպանյալի խոսքին: Նա որեւէ մասնակցություն չի ունեցել հանցավոր խմբի գործունեությանը»,- վստահեցնում է Շիրխանյանի փաստաբանը:
Պրն Տեր-Եսայանի խոսքով` Վահան Շիրխանյանի հետ մինչ օրս քննչական այլ գործողություններ չեն արվել`բացի ցուցմունք վերցնելուց: «Իմ պաշտպանյալն ասել է, որ ճանաչում է հանցավոր խմբի ղեկավարին, լրագրողին, ով հարցազրույց է վերցրել եւ քահանային»,- հիշեցրեց փաստաբանը:
Մեր զրուցակիցը չի կարծում, որ հանցավոր խմբի վնասազերծումը շոու է: Սակայն հստակ չի էլ կարող ասել` հանցավոր խումբն արդյոք ըստ պաշտոնական մեղադրանքի, ծանր հանցագործություններ պետք է իրականացներ ՀՀ-ում:
Ի դեպ, քննչական մարմինները բավարարել են փաստաբանների պահանջը եւ թույլ են տվել Շիրխանյանի որդուն առաջիկա երկու օրվա ընթացքում հանդիպել հոր հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163582&l=am/