ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ԿՐԿԻՆ ԳԱՆՁ ՈՐՈՆՈՂՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Արխիվ 12-16
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ԿՐԿԻՆ ԳԱՆՁ ՈՐՈՆՈՂՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Օրերս Թուրքիայում հայկական հուշակոթողների նկատմամբ բարբարոսներն իրականացրել են հերթական մշակութային ցեղասպանությունը: Արեւմտյան Հայաստանի Երզնկա նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին զգալիորեն վնասվել է գանձ որոնող արկածախնդիրների ձեռքերով, որոնք վնասելով եկեղեցին` փորձել են գանձեր գտնել: Մի քանի տարի առաջ եկեղեցուց գողացվել են հայկական սրբապատկերներ, գողերը մնացել են անպատիժ, ինչն էլ բերել է նրան, որ այսօր հիմնահատակ ոչնչացվել է եկեղեցին:
Իրենց բարբարոսությունների հետքերը որոշ չափով վերացնելու համար Երզնկայի նահանգապետը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու վերանորգումը, սակայն վերջինիս փոխվելուց հետո շինարարական աշխատանքերը կիսատ են մնացել:
Տարիների ընթացքում եկեղեցին ծառայելով տարբեր նպատակների, հայտնվել է անմխիթար վիճակում, որի հետեւանքով` երկրորդ հարկում փլուզման վտանգ է առաջացել: Սա Արեւմտյան Հայաստանում գտնվող հերթական եկեղեցին է, որը ոչնչացվում է երկու կտոր ոսկու համար:
Անդրադառնալով հրատապ այս թեմային` «Իրավունքը» որոշ մտավորականներից փորձեց պարզել, թե մինչեւ ե՞րբ բարբարոսներն իրենց ընչաքաղցությանը հագուրդ տալու համար պետք է ոչնչացնեն հայկական մշակույթը, եւ դրանք փրկելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ:
«ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ
ՄԻԱՅՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն»
ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ.
- Մշակութային արժեքների պահպանության խնդրով զբաղվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, քանի որ մենք այդ կառույցի անդամ ենք, ուստի վերջինս պետք է զբաղվի խնդրի լուծմամբ: Այս հարցը կարող է լուծել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հենց այս կառույցի միջոցով պետք է մեր բողոքը տեղ հասցնենք: Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայում վնասում են մեր հուշարձանները: Բարբարոս երկիր է, ի՞նչ կարող ենք անել: Սիրիայում այդքան մշակույթ ոչնչացրին, դրանք համաշխարհային գանձեր էին, ավերեցին ու վերջ: Այս բարբարոսության դեմ ոչ միայն հայերը, այլ պետք է ամբողջ աշխարհը ոտքի կանգնի: Նույնը Ադրբեջանն արեց Ջուղայի հայկական խաչքարերի նկատմամբ, ի՞նչ կարողացանք անել, ոչինչ չարեց նաեւ միջազգային հանրությունը: Մեր բախտն էլ այսպիսին է, բոլոր երկրներում մշակույթ ենք ստեղծում, բայց օտարը ոչնչացնում է: Մեր երկրում էլ խնամքով չենք վերաբերվում մշակույթին, տեսանք, թե ինչ արեցին Դվին հյուրանոցի մոտ գտնվող իմ հեղինակած քանդակի հետ: Բայց բախտս բերեց, որոշ մարդկանց ջանքերով այն վերականգնվեց:
«ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետ ԳԱԳԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ.
- Արեւմտյան Հայաստանում ոչնչացրել են հազարավոր հուշարձաններ: Նախ հուշարձանների պահպանությունը պետք է սկսենք Հայաստանից, այնուհետեւ զբաղվենք Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշակոթողներով: Եթե մեզ մոտ ամեն ինչ կարգավորենք, կսկսենք նաեւ այլ տարածքում գտնվող հայկական մշակույթի մասին մտածել:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ