ԻՐԱՐԱՆՑՈՒՄ` «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ ՇՈՒՐՋ
«Իրավունքի» նախորդ ուրբաթօրյա համարում հրապարակվեց թերթի կողմից 2015 թվականի ընթացքում մշակույթի տարբեր բնագավառներում իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչների ցուցակը: Հրապարակումից հետո մինչ այսօր «Իրավունքը» դեռեւս շարունակում է ստանալ շնորհակալության ու երախտիքի խոսքեր ոչ միայն լավագույնների ցուցակում հայտնված անձանց կողմից, այլ նաեւ` ընթերցողների: Ուստի, մինչ լավագույններն այդ կապակցությամբ կստանան իրենց պատվոգրերը, անդրադառնալով այդ իրարանցմանը, ստորեւ ներկայացնում ենք այն բոլոր արձագանքները, որոնց մի մասն «Իրավունքը» ստացել է հեռախոսազանգերի, մի մասը` խմբագրության էլեկտրոնային հասցեների, մի մասն էլ` սոցիալական էջերի միջոցով:
«Անահիտ» մուլտֆիլմի համար «Իրավունքի» կողմից տարվա լավագույն մուլտիպլիկատոր ճանաչված ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑՆ այդ մասին տեղեկանալուն պես, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է. «Շատ-շատ շնորհակալ եմ, եւ իհարկե ամբողջ ստեղծագործական թիմին»:
«Անավարտ թռիչք» ֆիլմում տպավորիչ կերպար կերտելու համար ֆիլմում լավագույն դերասանուհի համարված ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ` «Անսպասելի էր, շնորհակալ եմ գնահատականի համար»:
Լավագույն ասմունքող համարված ՀՀ վաստակավոր արտիստ ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԸ գրել է. «Շնորհակալ եմ շատ, հաճելի անակնկալ էր...»:
«Անչափ շնորհակալ եմ գնահատականի համար»,- գրել էր կինոյում եւ թատրոնում մնայուն եւ լավագույն դերեր կերտելու համար լավագույն դերասան համարված ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲ համարված Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիա «ՀՈՎԻԿ ՍՏՈՒԴԻՈՆ» էլ գրել է. «Ազգային պարի ակադեմիա «Հովիկ Ստուդիոն» հայտնում է իր մեծ շնորհակալությունը հանրության կողմից սիրված ` «Իրավունք» թերթի խմբագրությանը եւ ստեղծագործական ողջ անձնակազմին` առաջնային գնահատականի եւ անակնկալի համար»: Իսկ պարի ակադեմիայի ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էլ իր էջում արձագանքել է այսպես. ««Հովիկ Ստուդիոյի» ամբողջ անձնակազմի կողմից անչափ շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»:
«Վերջին կանգառ» ներկայացման մեջ վառ ու տպավորիչ կերպար կերտելու համար թատրոնի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ համարված ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆՆ անակնկալի է եկել. «Շնորհակալ եմ «Իրավունք» թերթին` անսպասելի եւ հաճելի անակնկալի համար»:
Անակնկալի է եկել նաեւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ. ««Իրավունքի» մշտական ընթերցողը լինելով` այս անգամ էլ սովորականի պես կարդում էի թերթը եւ հաճելի անակնկալի հանդիպեցի, ինչի համար շնորհակալ եմ խմբագրության ողջ անձնակազմին»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Իրավունքի» կողմից ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ համարված կինոգետը:
Երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ նույնպես նախ անակնկալի եկավ, երբ հեռախոսազրույցի միջոցով տեղեկացնում էինք, որ թերթն ամփոփել է տարվա լավագույն եւ վատագույն մշակույթի գործիչների ցուցակը, բայց երբ տեղեկացավ, որ համարվել է լավագույն երգչուհի, նշեց, որ սկիզբը շատ պրովոկացիոն էր. «Մի պահ կարծեցի, թե հիմա կասեք, որ վատագույնների ցուցակում եմ հայտնվել»,- ծեծաղելով ասաց երգչուհին եւ հավելեց. «Ուրախ եմ եւ շնորհակալ` նման գնահատականի համար»:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՈՂ համարված թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ գրել է. «Խորապես շնորհակալ եմ, երախտապարտ եմ, զգացված եմ... ուրախ եմ, շատ ուրախ... Իմ շատ սիրելի թերթն է «Իրավունքը» եւ ոչ միայն իմ, այն իրոք առաջատար է, ու հարազատ են ինձ այդ հրաշալի թերթի շատ սիրելի լրագրողները եւ նրա հրաշալի նավավարը` խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ում ջանքերով լույս է տեսնում «Իրավունքը»»:
ԵԹԿՊ-ի «Ուսանողական թատրոնի» տնօրեն ԷՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ էլ «Իրավունքին» ուղարկված շնորհակալական նամակում գրել է. «Ուրախ ենք, որ եւս մեկ անգամ առիթ ունենք խոսելու մեր հարազատ բուհի` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Ուսանողական թատրոնի» հաղթական գործունեության մասին` արժանանալով նախորդ տարվա ընթացքում իրականցրած աշխատանքի համար բարձր գնահատականի: Մեր ձեռքբերումով ուրախացող ցանկացած մարդ մի մասն է մեր բուհի միասնական հաղթանակի, եւ, իրավամբ, «Ուսանողական թատրոնի» ամեն հաղթանակ համարում եմ ԵԹԿՊ-ի բոլոր ուսանողների եւ դասախոսների ձեռքբերումը ու վերագրում մեր թիմային ախատանքին: Մեր հաղթանակը կերտվում է մեր բուհի բոլոր օղակներում` պահակատնից մինչեւ ռեկտորի աշխատասենյակ, եւ այդ աշխատանքը գնահատեց «Իրավունք» թերթը` իր ընթերցողների հետ ամփոփելով 2015 թվականը»:
Գրեթե 2 ամիս iravunk.com-ում ընթանում էր 2015թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ եւ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ու ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ անվանակարգերի քվեարկությունը: Ստացված շուրջ 300 հեռախոսազանգերի ու քվեարկությունների արդյունքում լավագույն եռյակում են`
Պաշտպանության նախարարությունը` բարդ իրավիճակում սահմանային կայունության համար:
Մշակույթի նախարարությունը` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մշակութային գործունեություն ծավալելու համար:
Եւ Գյուղատնտեսության նախարարությունը` ոլորտում աճի բարձր տեմպեր ապահովելու համար:
Իսկ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԻ եռյակում`
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Բնապահպանության նախարարությունը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Կայքում ընթացող լավագույն եւ վատագույն ֆիլմերի ու փառատոների քվեարկությունը կընթանա մինչեւ փետրվարի 1-ը եւ կամփոփվի փետրվարի 2-ի տպագիր «Իրավունքում»: Սակայն, դեռեւս քվեարկությունը չավարտված, արձագանքնել է ֆեմինիստական գաղափարախոսություն քարոզելու համար վատագույն փառատոն անվանակարգում հայտնված «Կին» միջազգային կինոփառատոնի ղեկավար ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆԸ:
Ի դեպ, նամակը ներկայացնում ենք այնպես, ինչպես ստացել ենք թերթի էլեկտրոնային հասցեին: Ուստի` լատինատառի համար ներողություն ենք խնդրում ընթերցողներից. «Hargeli khmbagrutiun, Shoivats enq, vor KIN paratone nshel eq dzer hetazotutian mej. Da arden haghtanak e! Sakain kareli e imanal te inch principov eq duq arel aid hetazotutiune? Inchpes kareli e nshel vataguin paratoni mej endamene erku anvanum ev 4 dzaini himan vra anel ezrakatsutiun? Da arnvazn professional che. Ete duq amen inchum eq aid voraki informatsia talis, apa linel dzer "hetazotutian" mej vataguine nuinisk kompliment e.
harganqnerov, Mariam Ohanyan,
KIN paratoni tnoren»:
Լատինատառ նամակը մեզ հուշում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք: