Չեն դադարում հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիների դժգոհություններն ու բողոքներն այն մասին, որ դեկտեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բավական մեծ հաշիվներ են ներկայացվում: Թե ինչո՞վ է պայմանավորված դա, փորձեցինք պարզել ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԻՑ, ով պատասխանեց.
-Մենք այսօր հանդես կգանք հայտարարությամբ` այդ թեմայով:
- Բայց մինչ հայտարարությունը, մեզ չե՞ք կարող պատասխանել:
- Ոչ, որովհետեւ դեռ աշխատում ենք հայտարարության տեքստի վրա, դեռ պատասխան չունենք այս պահին:
- Իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող կտրոնների մասին, որոնց վրա մի ամբողջ պատմություն է գրված, եւ հասարակ քաղաքացին չի կարողանում գլուխ բերել այդ խճճված կտրոններից:
- Դուք փոստով ուղարկեք մեզ, խնդրում եմ այդ կտրոնը, մենք Ձեզ կբացատրենք, որն ինչ է նշանակում:
- Բայց մեզ բացատրելուց զատ, անհրաժեշտ է, որ դա հասկանալի լինի շարքային քաղաքացուն:
- Դուք ուղարկեք` տեսնենք:
Լավ, մենք այդպես էլ արեցինք, սպասենք բացատրությանը: Մինչ այդ, եւս մեկ անգամ ֆիքսենք. վերջին դեպքում, երբ քաղաքացին մեզ տրամադրեց վճարման անդորրագիրը ¥կից ներկայացնում ենք¤, նույնիսկ դժվարացանք հաշվել, թե այն քանի տողից է բաղկացած: Բայց ամենակարեւորն այստեղ այն է, որ վճարելուց հետո անգամ՝ քաղաքացին այդպես էլ իր կտրոնից չհասկացավ պարզ բան՝ այսքան-այսքան հոսանք է սպառել եւ դրա դիմաց այսինչ գինը վճարել: Միգուցե ՀԷՑ-ից կբացատրեն, եւ կպարզվի, որ սխալ չկա: Բայց այդ դեպքում լավ կանեն, որ գնան ու մարդկանց էլ կոնկրետ բացատրեն, թե այդ ինչ են այդպես երկար-բարակ գրել: Եվ ինչո՞ւ են ամեն ինչ այդքան խճճել:
Ինչ վերաբերում է անցած ամսվա սպառումների դիմաց ֆանտաստիկ վճարումներին, ապա առնվազն տարօրինակ է, որ նստել ու մտածում են, թե ինչ պատասխանեն: Այն առումով, որ ՀԷՑ-ն առաջին իսկ հարցնողին պետք է վստահաբար ասեր՝ մեր ներկայացրած բոլոր հաշիվները համապատասխանում են հաշվիչների ցուցմունքներին: Եթե դրանից հետո դեռ ինչ-որ պատասխան են փորձում գտնել, ապա դա արդեն իսկ տարօրինակ է: