ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԲԼԵՖՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Արխիվ 12-16
ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԲԼԵՖՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ՔԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՍԱՂ Ա` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՊԻՏԻ ՇԱՄՊԱՅՆ ԽՄԻ
Եվ այսպես, պայքարը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար կարելի է համարել մեկնարկած: Եվ այդ պայքարում յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն ռեսուրսներ ներգրավել, բայց միաժամանակ «պուպուշ» երեւալ ընտրողների աչքերին: Ուստի առաջին իսկ խորհրդարանական նիստին պոպուլիստական ելույթների պակաս չի լինի, առավել եւս, որ պիտի քննարկվի նոր Ընտրական օրենսգիրքը, որն արդեն համապատասխանում է նոր Սահմանադրությանը: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչքան ճառեր են լինելու «ընտրակեղծիքները բացառելու» թեմայով, եւ ինչպես են աշխարհիս բոլոր մեղքերի մեջ մեղադրելու ՀՀԿ-ին:
ՕԵԿ-Ի ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԿԼԻՆԻ՞
Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ը ռեկորդակիր է ե՛ւ տարատեսակ առաջարկությունների, ե՛ւ ԱԺ ամբիոնից հնչած ելույթների, ե՛ւ այդ նույն ամբիոնից այս կամ այն պաշտոնյային ուղղված հարցերի տեսակետից: Ու ՕԵԿ-ականների ելույթներում անպակաս է սոցիալ-տնտեսական բնույթի պոպուլիզմը` այդ խմբակցության պատգամավորները ջանում են ցույց տալ, որ շատ են մտահոգված ժողովրդի, ու հատկապես ժողովրդի ամենաչքավոր հատվածի խնդիրներով:
Սակայն կուսակիցների թափած հսկայական քարոզչական ջանքերը, տարբեր ամբիոններից հնչեցրած սրտաճմլիկ ելույթներն ու թափած արցունքները ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հաջողացրեց ջուրը լցնել` Դուբայում հարսանեկան խնջույք կազմակերպելու միջոցով: Եվ երիտասարդ Վահան Բաղդասարյանի հարսանիքի առնչությամբ ՕԵԿ-ականներն ընտրեցին հրապարակային վարքագծի ամենաապաշնորհ տարբերակը: կզբում փորձ արվեց հերքել Դուբայի հանգամանքը, հետո Արթուր Բաղդասարյանը դա խոստովանեց, ու հիմա դժվար է պատկերացնել, թե այդ ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի մինչեւ 2017-ի ընտրությունները հանրությունը մոռանա Դուբայի մասին:
Եթե այդպիսի խնջույքն առնչվեր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, անգամ Դաշնակների հետ, այդքան հնչեղություն չէր ստանա, իսկ ՕԵԿ-ի պարագայում միանգամից ցցվեց խոսքի ու գործի անհամապատասխանությունը: Չունեւորների դարդի շուրջ թափած աղի արցունքների ու Դուբայի ճոխության հակասությունն ախր շատ է աչքի ընկնում: Ու բնականաբար հարց է ծագում, թե ինչու ՕԵԿ առաջնորդը ընտրեց Դուբայի տարբերակը, եթե Հայաստանի նույնիսկ ամենաշքեղ ռեստորանում հարսանյաց հանդես անցկացնելը այդքան աչք չէր ծակի: Մի՞թե նրա մտքով կարող էր անցնել, որ շուրջ 100 հոգու մասնակցությամբ արտերկրյա տուրնեն հնարավոր էր թաքցնել հանրության աչքից: Կարծում ենք, որ տվյալ պարագայում իրենց սեւ գործն արել են պարոն Բաղդասարյանի անձնական որակները: Այն որակը, որը ժողովուրդը կոչում է աչքածակություն: Եթե մարդն անընդհատ ձգտում է ինքն իրեն եւ շրջապատին ապացուցել, որ մեծ հնարավորությունների է հասել, դրա արդյունքում անպայման մի անհամ բան դուրս է գալիս: Անշուշտ, դա բնորոշ է նորահարուստների մեծամասնությանը, սակայն, օրինակ, օլիգարխիկ դեմքերը գոնե ձեւեր չեն թափում, թե ժողովրդի հանդեպ սիրուց այրվում են:
Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական այլ պոպուլիստներին` իշխանափոխության մասին ժողովրդին զահլահան արած ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», ապա բողոքավոր զանգվածները նրանցից վաղուց են հիասթափվել, վաղուց են հասկացել, որ նրանց խոստացած իշխանափոխությունը բլեֆ է: Սակայն բլեֆ են անում ոչ միայն արմատական ընդդիմադիրները:
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ
ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՕԳՈՒՏ ՉԲԵՐԵՑ

Խոսակցությունները, որ սկզբունքորեն հնարավոր է ՀՀԿ-ի կոալիցիան ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, վաղուցկան: Եվ այդ կուսակցությունների հանդիպումները ՀՀԿ-ի հետ, որ հիմնականում վերաբերում էին նոր Ընտրական օրենսգրքին, վերաշխուժացրին այդ խոսակցությունները:
ԲՀԿ-ն հրապարակավ իրեն դրսեւորեց ավելի զուսպ, նշելով, որ եթե կոալիցիայի առաջարկություն լինի, ապա մերժելու պատճառներ չկան: Իսկ ՀՅԴ-ն փորձեց հրապարակավ բարձրացնել սեփական դերի ընկալումը:
Այսպես, հենց դաշնակների շուրթերով հանրությանը ներկայացվեցին մանրամասներ, թե նոր Ընտրական օրենսգրքով ինչպես է նախատեսված կազմակերպել համամասնական ռեյտինգային քվեարկությունը, որի արդյունքում ընտրողը ոչ միայն որոշելու է, թե որ կուսակցությունը քանի մանդատ է ունենալու, այլեւ էապես ազդելու է այն հարցի վրա, թե կոնկրետ որ կուսակցականներին բաժին կհասնեն այդ մանդատները: ՀՅԴ-ի ներկայացուցիչները դրանով տպավորություն էին ձգտում ստեղծել, թե ընտրակարգի մանրամասների հարցում իրենց դերը վճռորոշ է եղել:
Իսկ այնուհետ ՀՅԴ ներկայացուցիչները ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում շտապեցին հարցը ներկայացնել որպես գործնականում լուծված: Եվ իրերի դրությունն այդպես ներկայացրեց Հրանտ Մարգարյանը, ու ներկայացնելու ձեւերը ակնհայտ բլեֆային տարրեր էին պարունակում: Ստացվում էր` իբր ՀՅԴ-ն դառնում է ՀՀԿ-ի հիմնական գործընկերը, որ հենց ՀՅԴ-ին է վերապահված լինելու ԱԺ ընտրություններում լինել երկրորդը, ԲՀԿ-ն էլ դառնալու է, այսպես ասած, պահեստային, կրտսեր գործընկեր: Նույնիսկ հրապարակային շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե դաշնակներին քանի նախարարական եւ քանի մարզպետական պորտֆելներ են բաժին հասնելու: Սակայն այդ տպավորությունը երկար չտեւեց:
Այսպես, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ կոնկրետ որեւէ պայմանավորվածություն չկա, որ ընդամենը խորհրդակցություններ են տեղի ունեցել ու ոչ ավելին: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, ապա ընտրացուցակների հարցում ՀՀԿ-ն մտադիր չէ նահանջել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի պոպուլիստական հարցադրումների ճնշման ներքո. «Նախ նշեմ, որ օրենսդիրին սահմանադրական բարեփոխումներից հետո բավականին լուրջ եւ ծավալուն աշխատանք է սպասվում 2016 թվականի ընթացքում: Առաջնահերթության կարգով, իհարկե, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում, այնուհետեւ մյուս բոլոր օրենքները համապատասխանեցվեն ՀՀ արդեն իսկ գործող Սահմանադրությանը: Իսկ նախապայմաններով խոսելաոճը կարծես թե արդեն յուրահատուկ է դարձել մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար, եւ ես կխնդրեմ նախապայմաններով խոսակցությունների փոխարեն ընդամենը ներկայացնեն իրենց առաջարկությունները: Քննարկումների ընթացքում, համոզված եմ, բավականին նախագծեր, առաջարկություններ կարելի է քննարկել»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասել է, որ ՀՅԴ ներկայացուցիչների եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ պորտֆելների հարց չի քննարկվել եւ սուտ է, իբր Դաշնակցությանն առաջարկվել է երկու մարզպետի եւ երկու նախարարի պաշտոն. «Մենք տեղյակ չենք այդ քննարկումների մասին, մեզ հետ նման քննարկումներ չեն եղել, ինձ թվում է, որ այդ պորտֆելների մասին դեռ վաղ է խոսել, ու դրա համար դեռ բավականին լուրջ բանակցություններ են պետք: Մոտ օրերս մեր նիստի ժամանակ, ՀՀԿ գործադիր նիստի ժամանակ, ինձ թվում է, նոր պարզաբանումներ կլինեն, ու երբ որ լինեն բանակցություններ, խորհրդակցություններ ՀՀԿ-ում, այդ մասին տեղյակ կպահենք, առայժմ որեւէ բանակցությունների մասնակից չենք եղել»:
Վահրամ Բաղդասարյանը նաեւ ժխտում է, թե ՀՅԴ-ի նկատմամբ առանձնահատուկ դրական վերաբերմունք կա. «Մենք որեւէ քաղաքական ուժի չենք բացառում, բոլորն էլ կարող են գալ բանակցությունների, ովքեր որ կհետեւեն մեր հայտարարություններին` թե՛ Ժառանգության մեկհոգանոց խմբակցությունը, թե՛ ՀԱԿ-ի երկու-երեք հոգանոց խմբակցությունը, թե՛ այլ քաղաքական ուժեր, մենք որեւէ մեկի հետ բանակցելուց չենք խուսափում: Կարող է իրենք էլ գան ու ցանկություն ունենան կոալիցիա կազմելու` բանակցենք: Առաջարկությունը եղել է ընդհանրական, ովքեր որ կարձագանքեն, պատրաստ ենք բանակցելու, իսկ բանակցել չի նշանակում համաձայնել»:
Համ էլ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք մինչեւ 2017-ը կձեւավորվի կոալիցիա, թե այն կձեւավորվի արդեն կոնկրետ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Ասել է թե, ՀՀԿ-ն համագործակցության պատրաստ է, այն էլ շատ լայն տարբերակով, սակայն ցանկություն չունի զբաղվել սակարկումներով: Դրանով իսկ գործնականում հանրապետականները շատ կիրթ ձեւով, ժողովրդի խոսքով ասած, դաշնակների պորտը տեղը դրին:
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԸ
Ուշագրավ է, որ եթե առաջ բոլոր տեսակի «նարնջագույն» ուժերը կամ գործիչները ներկայանում էին այնպես, իբր սեփական խելքով են եկել այն համոզման, որ պետք է երդվել «քեռի Սեմի» անունով ու բարձրագույն արժեք հռչակել եվրոպական չափանիշները, ապա այժմ ամերիկացիները չեն էլ թաքցնում, թե ով է իրենց համար յուրային:
Այսպես, տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրող եւ նրանց հասցեին յոթհարկանի հայհոյանքներ հնչեցնող Գեւորգ Սաֆարյանը վերցվել է պաշտպանության տակ, ու անգամ փորձում են վերջնագրի տեսքով ՀՀ գլխավոր դատախազից պահանջել այդ կերպարանքի ազատ արձակումը: Իսկ հենց որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հրաժարականի դիմումը գրեց, միանգամից սկսվեց տարատեսակ սաքունցների ողբը, թե ինչ լավ օմբուդսմեն ունեինք ու ինչպես «քըխ» իշխանությունները նրա վրա ճնշում բանեցնելով` ստիպեցին հեռանալ:
Սակայն գլուխգործոցը ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն է Կարեն Անդրեասյանի հրաժարականի առնչությամբ, ուր գովասանքներն անսահման են. «Մենք ափսոսանքով ընդունեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը: Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, եւ ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ եւ գործընկեր: Պարոն Անդրեասյանի աշխատանքը կառուցված էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմի արհեստավարժության ու նվիրումի շուրջ»:
Սրանից պարզ հնարավոր չէր ասել, որ ամերիկացիները Կարեն Անդրեասյանին ընկալում են յուրային: Միաժամանակ նրանք բաց տեքստով հնչեցնում են իրենց ցանկությունը, որ նոր օմբուդսմենը նույնպես կլինի յուրային. «Պարոն Անդրեասյանի թողած ժառանգություններից մեկը, որը դեռ երկար կպահպանվի, անկասկած, այս արժեքավոր կառույցի աշխատողների քանակական ու որակական կազմի բարելավումն էր, եւ մենք լիահույս ենք, որ այս կառույցը մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի ենթակայության ներքո կշարունակի լավագույնս ծառայել ի նպաստ Հայաստանի հասարակության շահերի: Մենք պատրաստ ենք շարունակել մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՄԻՊ գրասենյակի եւ վերջինիս անձնակազմի հետ` Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք պատրաստ ենք աշխատել մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ»:
Դե ինչ, առջեւում թերեւս կտեսնենք նաեւ ամերիկացիների կողմից բացահայտ եւ հրապարակավ իրենց վերաբերմունքի արտահայտումը ապագա ընտրական գործընթացի մասնակիցների վերաբերյալ: Խաղն ամբողջովին բաց է, եւ ԱՄՆ-ն դեռ կհասցնի ասել, թե ԱԺ ընտրություններին մասնակցող որ կուսակցությունն է իր աչքի լույսը, իսկ որը` աչքի գրողը: Եկել են այն ժամանակները, երբ այն, ինչ անցյալում ասվում էր կուլիսներում, այժմ հնչելու է հրապարակավ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ