ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍԻՆ. «ԿԱՐՈՂ Է ԵՎ ՇՈՈՒ ԼԻՆԵԼ»
Արխիվ 12-16
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍԻՆ.
«ԿԱՐՈՂ Է ԵՎ ՇՈՈՒ ԼԻՆԵԼ»
Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կլինեն նախընտրական այս տարում: «Մեր հանրությունը` խեղճ ու կրակ, կիսատարաբախտ, մոբիլիզացման շնորհք չունի: Ես դեռ պատգամավոր եղած ժամանակ եմ ասել` ցնցումների գնացող հանրություն չեմ տեսնում, հետեւաբար կտրուկ փոփոխություններ չեմ տեսնում այս տարի»,- ասաց օրենսդիր մարմնի նախկին անդամը:
Նորաստեղծ քաղաքական ընդդիմադիր ուժերի` «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» հետ թեեւ հանրությունը հույս կապում է, բայց Բոստանջյանը չի կարծում, թե նրանք կկարողանան անհրաժեշտ չափով մոբիլիզացնել հանրությանը:
Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման քայլերին մեր զրուցակիցը եւս հստակ գնահատական չտվեց, բայց մաղթեց հետեւյալը. «Տա աստված, որ մեր երկիրը լավը դարձնեն»:
Արդյոք այն, ինչ անում է «Նոր Հայաստան»-ը կարելի է քաղաքականություն համարել: Ոմանք այն շոու են անվանում: «Եթե անգամ Ազատության հրապարակում դրսեւորվող հանրային անհանգստությունը քաղաքական բնույթ չի կրում, որոշ ժամանակ անց կարող է դառնալ քաղաքական: Կարող է եւ շոու լինել, կարող է արհեստական երանգներ ունենալ. բայց ժողովրդական մի խոսք կա` բաժակը որքան էլ մեծ լինի, ջուրը որքան էլ դանդաղ գա, ի վերջո այն լցվում է»,- եզրափակեց Բոստանջյանը
Ի դեպ, նախկին պատգամավորը ցանկություն չունի նորից խորհրդարանում լինել: «Ես մեծ մարդ եմ»,- ասաց տնտեսագետը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163541&l=am/