Օրերս խմբագրություն էին դիմել «Երեւան Մոլում» տարածքներ վարձակալած մի շարք առեւտրականներ, ովքեր դժգոհում էին առեւտրի կենտրոնի առաջարկած վարձակալման պայմաններից: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացիների խոսքով, «Մոլում» տարած վարձակալելու համար կնքվող պայմանագրում կա կետ, ըստ որի, եթե ժամանակից շուտ վարձակալողը ցանկանա խզի պայմանագիրը, ապա նա պետք է որպես տուգանք վճարի չորս ամսվա վարձակալման վճարի չափով: Համապատասխանո՞ւմ է ներկայացված բողոքն իրականությանը, եթե այո, ինչի՞ հիման վրա է «Երեւան Մոլը» նման պայմաններ պարտադրում առեւտրականներին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել «Երեւան Մոլի» պատասխանատուներից` Գարիկ Մկրտչյանից, ով միայն ասաց.
- Ես չգիտեմ ինչ ձեւով է այդ տեղեկատվությունը Ձեզ հասել: Պայմանագրում նման դրույթ չկա, իսկ եթե լինի էլ, այստեղ զուտ երկու կողմերի բանակցելու խնդիր է: Միակողմանի դրույթներ չունենք, իսկ առավել մանրամասներ, կներեք, չեմ կարող ասել, որովհետեւ դա առեւտրային գաղտնիք է պարունակում: Ամեն դեպքում մեր պայմանագիրը երկկողմանի հավասար պայմաններ պարունակող պայմանագիր է:
- Այսինքն՝ չկա՞ պայմանագրում կետ, որով ԱՁ կամ իրավաբանական անձը պետք է չորս ամսվա տուգանք վճարի` պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար:
- Ես ասացի, մեր պայմանագիրը հավասար պայմաններ պարունակող պայմանագիր է:
Այսպիսով նկատենք, որ մեր զրուցակիցը` նախ հերքելով, թե նման բան կա, այնուհետեւ, միգուցեեւ ենթադրելով, որ պայմանագրի օրինակը ձեռքներիս է, փորձեց հարցը տեղափոխել զուտ իրավական հարթություն: Նման հակասական պատասխանը մտածելու տեղիք է տալիս, որ այո, առնվազն կան որոշ վարձակալներ ¥դեռ չասենք բոլ՛որը¤, որոնց նման պայման է պարտադրվում: Եվ նկատենք, որ միգուցե իրավաբանորեն մեր զրուցակիցը ճիշտ է ¥թեեւ վիճելու տեղ այստեղ, այնուամենայնիվ, կա¤. դա երկկողմ պայմանագիր է, եւ վարձակալը կարող է եւ չկնքել: Բայց այս թեման իրավականից էլ ավելի՝ նաեւ բարոյական հարթությունում է: Նախ՝ «Մոլը» կարո՞ղ է նման պայման պարտադրելով՝ նաեւ ապահովի, որ առեւտրի կենտրոն հաճախորդների պակաս չլինի: Չէ՞ որ հենց դա է առեւտրականի համար երաշխիք, որ իր բիզնեսը կկարողանա գոյատեւել: Հակառակ դեպքում, եթե եկամուտ չլինի, նա այդ ինչպե՞ս է մարելու վարձավճարը: Չէ՞ որ սովորական պայմաններում առեւտրականը պարզապես կարող է դադարեցնել իր գործունեությունը: Բայց հիշատակված պայմանի առկայության դեպքում՝ կա՛մ պետք է շարունակի իր վնասաբեր գործունեությունը՝ մինչեւ պայմանագրի ժամկետն ավարտվի, կա՛մ՝ հրաժարվի եւ առեւտրային վնասներից զատ՝ նաեւ չորս ամսվա վարձավճար տա: Բա դրանից հետո ինչպե՞ս է ապրելու:
Չնայած՝ այս թեման նաեւ երկրորդ կողմն ունի: Նկատի ունենք, որ մի կողմից Հայաստանում առեւտուրը նվազում է աչքի առաջ, մյուս կողմից՝ նման առեւտրային կենտրոնները աչքի առաջ բազմանում են: Արդյունքում՝ նոր չէ, որ նրանց միջեւ իսկական պատերազմ է սկսվել ամեն մի վարձկան-առեւտրականի համար: Եվ «Երեւան Մոլն» էլ, չբացառենք, որ նման ֆինանսական ճնշումների մեթոդով է որոշել առեւտրականներին իր մոտ պահել: Հակառակ դեպքում պետք է մրցակցությանը դիմանալ` առեւտրականներին ավելի լավ պայմաններով եւ ցածր վարձավճարներով գրավելով, մինչդեռ չէ՞ որ դա էլ եկամուտների նվազեցման է բերելու: