ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որը նախագահում է մշտապես Ադրբեջանի դիրքերը ատամներով պահող իսպանացի Պեդրո Ագրամունթը, քննարկման են դրվում միանգամից երկու հակահայկական փաստաթուղթ: Ու ակամա հիշում ես, որ դեռ առավել քան 100 տարի առաջ Ռուբեն Սեւակը Եվրոպային բնութագրել էր «ոսկի լափող եւ պոռնկություն տարածող»: ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ
ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒ
Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ի հակահայակական բանաձեւերի կոռուպցիոն բնույթին անդրադառնում են անգամ որոշ թուրքական լրատվամիջոցներ` մատնանշելով այդտեղ ոչ միայն ադրբեջանական սեւ խավիարը, այլեւ պաշտոնական Անկարայի մի շարք քայլերը: Այսպես, հակահայկական զեկույցի հեղինակ Ռոբերտ Վոլթերի առնչությամբ թուրքական կայքերից մեկը գրում է, որ ղարաբաղյան հարցում Բաքվին աջակցող պաշտոնական Անկարան վերոհիշյալ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, ինչը պատահականություն լինել չէր կարող: Նշվում է, որ Վոլտերին Թուրքիայի Հանրապետության անձնագիրը հանձնել է անձամբ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն. «Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնության արդյունք է,- գրում է «Demokrathaber»-ը` հավելելով-
Այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել նստաշրջանի մեկնարկին, Ստրասբուրգի կուլիսներում լուրեր են պտտվում, թե Վոլտերն առաջիկայում ստանձնելու է խորհրդականի պաշտոն Թուրքիայի արտգործնախարարությունում»: Ինչ վերաբերում է նախագահող Պեդրո Ագրամունթին, ապա, ըստ թերթի` վերջինս Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին իր զեկույցներում մշտապես խուսափել է Բաքվի իշխանություններին եւ Ալիեւի ռեժիմին հակադրվող գնահատականներ տալուց, ինչի պատճառով էլ արժանացել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների` «Human Rights Watch»-ի եւ «European Stability Initiative»-ի խիստ քննադատութուններին:
Դե ինչ, ավելի պարզ դժվար է ասել, որ ԵԽԽՎ-ն ոտից գլուխ կոռումպացված կառույց է, ու թերեւս ժամանակն է, որ օրինակ վերցնենք մեր հյուսիսային դաշնակցից ու դադարեցնենք մասնակցությունը այդ վարկաբեկված եւ վնասակար կառույցի աշխատանքներին` հետագայում այն լքելու հեռանկարով: Ընդ որում, Եվրախորհրդում ընդգրկվելուց ի վեր մշտապես առնչվում ենք մեր արմատական ազգային շահին հակասող հանգամանքների հետ, զորօրինակ` այդ կառույցի բյուրոկրատիայի կողմից կազմված հանձնարարականներին` ի պաշտպանություն համասեռամոլների, տոտալիտար աղանդների եւ այլ դեգեներատիվ տարրերի «իրավունքների»: Էլ չենք խոսում Եվրադատարանի հոռի դերի մասին, որին կանդրադառնանք առանձին: Եվ բացի այդ, ինքը` եվրոպական քաղաքակրթությունը մտել է այլասերման մայրամուտի շրջան: Եթե Գերմանիայի պես հզոր երկիրը փախստականների անվան տակ վերազգային ինչ-ինչ գլոբալ կառույցները կարողանում են ներմուծել արմատական իսլամ դավանող խաժամուժ, հօգուտ որի գերմանացիներին կարող են ստիպել զիջել սեփական տների տարածքի մի մասը, որը ամանորյա գիշերով ցուցադրաբար իրականացրել է զանգվածային բռնաբարություններ, սակայն ոստիկանությունը այդ հանցագործներին փնտրելու փոխարեն զբաղված է բողոքի ցույցերը ցրելով եւ բռնաբարներին ինքնուրույն պատժող երիտասարդ հայրենասերների ձերբակալություններով, ապա էլ ի՞նչ հեռանկար կարող ենք կապել այդպիսի Եվրոպայի հետ:
Գումարած դրան, Մարդու իրավունքների, այսպես կոչված, եվրոպական ստանդարտների պատճառով է, որ մեր երկրում այդպես էլ չի կայանում օմբուդսմենի ինստիտուտը, ու բոլոր երեք օմբուդսմենները, լինելով լիովին տարբեր տեսակի գործիչներ, չեն ձգել մինչեւ պաշտոնական լիազորությունների ավարտը: Պարզ է, թե ինչու է այդպես` առկա են անհաղթահարելի հակասություններ ՀՀ քաղաքացիների, հայ մարդկանց իրական իրավունքների եւ նշյալ եվրաչափանիշների միջեւ, որի պատճառով օմբուդսմենը պետք է կամ դառնա եվրոպական կառույցների աչքի գրողը, կամ վերածվի ՀՀ ազգային շահի դեմ գործող ինստիտուտի ու համապատասխանաբար հարուցի ե՛ւ ժողովրդի, ե՛ւ իշխանության արդարացի դժգոհությունը:
ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԸ` ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները պարտադիր են Եվրոպական կոնվենցիան ստորագրած բոլոր երկրների, այդ թվում եւ մեր երկրի համար: Ու դատական այդ ատյանի պատճառով արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ առնչվում ենք անընդունելի երեւույթների հետ: Դեռ չարյաց նվազագույնն է, որ այդ ատյանը արդարացման դատավճիռներ է կայացնում պետական հանցագործությունների համար դատապարտված անձանց եւ ստիպում մեր կառավարությանը նրանց փոխհատուցում վճարել: Առավել զանգվածային վնասակար գործունեությունը կապված է տոտալիտար աղանդների, մասնավորապես` Եհովայի վկաների հետ: Զինծառայությունից հրաժարվող այդ տարրերը հրաժարվում են նաեւ հատուկ իրենց համար ստեղծված այլընտրանքային ծառայությունից` վստահ լինելով, որ իրենց թիկունքին կանգնած է Եվրադատարանը: Արդյունքում ստեղծվում է վտանգավոր նախադեպ` որ կարելի է լկտիաբար, ցուցադրաբար եւ բավականին մասսայաբար հրաժարվել զինապարտությունից ու անպատիժ մնալ:
Իսկ Ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնական Փերինչեքի պարագայում Եվրադատարանը, արդարացնելով վերջինիս, ուղղակիորեն դուրս եկավ մեր երկրի արմատական շահի դեմ:
Ընդ որում, այդ թուրքի պարագայում արդարացումը պայմանավորվեց խոսքի ազատության գերակայությամբ, սակայն նույն Եվրադատարանը խոսքի ազատությանը խոչընդոտող բազում վճիռներ ունի կայացրած: Այսպես, ՀՀ կառավարությունը եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովը այդպես էլ չկարողացան մշակել քաղաքացիներին համացանցում վիրավորանքներից եւ հալածանքից պաշտպանող խելքը գլխին օրենք, որը ե՛ւ արդյունավետ գործի, ե՛ւ տհաճ խնդիրներ չստեղծի լրատվամիջոցների համար: Իսկ թե ինչպիսի այլանդակ նախադեպեր կարող են ծլել Եվրադատարանում` տարբեր դեգեներատիվ փոքրամասնությունների անձեռնամխելիությունը մամուլում երաշխավորելու ուղղությամբ, դա դեռ առջեւում է... Իսկ հունվարի 13-ին էլ այդ բոլոր այլանդակություններին գումարվեց Եվրադատարանի նախադեպային որոշումը, որը ոչնչացնում է էլեկտրոնային հաղորդակցությունների գաղտնիությունը, եւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ու նախարարության անհատական տվյալների պաշտպանության ստորաբաժանման ղեկավար Շուշան Դոյդոյանը հարկադրված եղան հանդես գալ ընդարձակ պարզաբանումով, որպեսզի այդ նախադեպով հանկարծ չափազանց չոգեւորվեն անբարեխիղճ գործատուները եւ ոչ պակաս անբարեխիղճ դատավորները:
ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թեեւ ներքաղաքական կյանքը այժմ բավականին իներտ է, սակայն որոշակի գործընթացներ, այնուամենայնիվ, կան: Այսպես, «Ժառանգությունը» 20 օրով հանրահավաքների համար «վերցրել» է Գյումրիի ու Վանաձորի կենտրոնական հրապարակները, թեեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ չգիտի` հանրահավաքներ կանեն, թե` ոչ:
Միաժամանակ օրակարգային հարց է` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիա կձեւավորվի, թե` ոչ: Այստեղ տեղին է ասել, որ գործնականում դրա համար խոչընդոտներ չկան, եւ, օրինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը արձանագրել է, որ իշխանությունները կատարել են բոլոր այն 7 կետերը, որոնց պատճառով ժամանակին ՀՅԴ-ն դուրս էր եկել կոալիցիայից:
Սակայն բավականին ուշագրավ է ներքին իրավիճակը ՀԱԿ-ում: Բանն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական խնդիրներն այնպիսին են, որ նա առավելապես դրանցով է զբաղվելու ու գործնականում չի կարողանալու քաղաքականությամբ զբաղվել: Եվ ՀԱԿ-ի ներսում առաջացել է ժառանգորդի խնդիր: Հիմնական մրցակիցներն են Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, եւ արդեն իսկ պառակտման հոտ է գալիս: Բացի այդ, գործնականում օդի մեջ է մնում Ստեփան Դեմիրճյանի եւ ՀԺԿ-ի հետ համագործակցության հարցը: Նաեւ շատ հնարավոր է կադրերի, առաջին հերթին երիտասարդների արտահոսքը, ու ամենահավանական տեղը, ուր նրանք կարող են հայտնվել, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» է, որը 2017-ին հաստատ փորձելու է ԱԺ-ում գրավել ՀԱԿ-ի տեղը: