ԿՈԱԼԻՑԻԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
ԿՈԱԼԻՑԻԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է կոալիցիա ստեղծելու հարցը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ: Հարցը քննարկվում է շատ լուրջ մակարդակներում: Երեք կուսակցությունում էլ կան կոալիցիա ստեղծելու կողմնակիցներ եւ անհամաձայնություն հայտնողներ: ՀՀԿ-ում կոալիցիա ստեղծելու միջոցով ցանկանում են ընդլայնել քաղաքական մեծամասնության ճակատը եւ որոշ չափով կիսել պատասխանատվությունը այլ քաղաքական ուժերի հետ: Մյուս կողմից ՀՀԿ-ական որոշ պաշտոնյաներ, չեն ցանկանում կիսվել ԲՀԿ-ականների ու դաշնակների հետ:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ապա նրանք ավելի շատ հակված են առանց պաշտոնապես հայտարարելու կոալիցիայի մասին ստանալ ծանրակշիռ պորտֆելներ միջինից բարձր օղակներում, ինչպես դա տեղի է ունենում վերջին շրջանում: Ձեւական ընդդիմություն խաղալով եւ կոալիցիա չհայտարարելով դաշնակները ակնկալում են ավելի շատ ձայն ստանալ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում:
Նույն մտավախությունը, կոալիցիա հայտարարելու մասին, ունի նաեւ ԲՀԿ-ն: Նախընտրական տարում իշխանական ուժի պիտակը կարող է նրանց համար վատ ծառայություն մատուցել մոտակա ընտրությունների ընթացքում: Ավելին, Ծառուկյանի հեռանալուց հետո այլընտրանքից իշխանություն դառնալու դեպքում ԲՀԿ-ի ներկայիս ղեկավարները կարող են խիստ բացասական իմիջ ձեռք բերեն: Հետեւաբար ԲՀԿ-ի քաղաքական թեւը կողմնակից է պահպանել ձեւական ընդդիմության կարգավիճակը: Սակայն ԲՀԿ-ի գործարարները ցանկանում են անմիջապես զբաղեցնել նախարարների ու փոխնախարարների պաշտոններ եւ ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ հայտարարվի կոալիցիայի մասին: Նրանք չեն ուզում կորցնել 1,5 տարին մինչեւ կձեւավորվի նոր կառավարությու, որը հավանաբար նույնպես լինելու է կոալիցիոն եւ որում հավանաբար լինելու է ԲՀԿ-ն: Իսկ եթե հանկարծ ԲՀԿ-ն չլինի ապա ոմացն համար դժվար չի լինի հերթական անգամ փոխել կուսակցական պատկանելությունը` հանուն իշխանական վերնախավում մնալու «սուրբ» գաղափարին:
Այսպիսով, ամենայն հավանականությամբ, թեեւ փաստացի կոալիցիան կարելի է ասել, որ գործում է, դրա մասին պաշտոնապես չի հայտարարվելու: Վերոհիշյալ կուսակցությունները առանձին-առանձին կգնան 2017 թվականի ընտրությունների, սակայն ընտրությունների արդյունքով կոալիցիան այնուամենայնիվ կձեւավորվի 2017 թվականի գարնանը:
ԱՐՄԵՆՈւՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163485&l=am/