«ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՀԱՍԱՎ ԿԱԼԱՆԱՎԱ՞ՅՐ
Արխիվ 12-16
«ԽՈԶԻ ԳՐԻՊԸ» ՀԱՍԱՎ ԿԱԼԱՆԱՎԱ՞ՅՐ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` "խոզի գրիպի" ախտանշաններով կալանավայրից "Էրեբունի" ԲԿ է տեղափոխվել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը: Նա, ինչպես հայտնի է, դատապարտված է "Վերնիսաժի" կրակոցների հայտնի գործով:
Մեր աղբյուրը չի բացառում, որ Գոռը, իրոք, վարակված լինի H1N1 վիրուսով, քանի որ, ըստ աղբյուրի, նույն վիրուսով վարակված են նաեւ Գոռի երեք խցակիցները: Սակայն նույն աղբյուրը նաեւ չի բացառում, որ Գոռին հիվանդանոց տեղափոխելու պատճառը կարող է եւ մտացածին լինել: Այն առումով, որ դատավճիռը առաջիկա օրերին մտնելու է օրինական ուժի մեջ, Գոռին դրանից հետո կարող են այլ կալանավայր տեղափոխել, եւ հիմա կարող է եւ պատրվակով փորձում են նրան պահել հիվանդանոցում, մինչեւ տեսնեն ինչ կլինի:
Ամեն դեպքում, վերոհիշյալ տեղեկատվությունը փորձեցինք ճշտել պատգամավոր Կարո Կարապետյանից: Մեր զանգին պատասխանեց նրա վարորդ ներկայացած Սաքոն, ով սկզբում հետաքրքրվեց, թե ինչ հարցով ենք զանգահարում, ապա խնդրեց մի քանի րոպե հետո զանգահարենք պատգամավորին: Իսկ մի քանի րոպե հետո կրկին հեռախոսին պատասխանեց վարորդը եւ ասաց, որ ինքը կպատասխանի մեր հարցին, մասնավորապես` նշելով.
- Նման բան չկա, պարոն Կարապետյանի փեսան բերդում նստած է: Այլ բան ասել չենք կարող, տեսնենք ինչ է գալիս էդ տղու գլխին:
Եվ նկատենք, որ եթե մեր աղբյուրի տեղեկատվությունը հաստատվի, ապա դա նաեւ կնշանակի, որ "խոզի գրիպը" ներթափանցել է կալանավայր: Այդ առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ ասացին, որ տվյալ հարցով պետք է դիմենք Արդարադատության նախարարություն: Եվ ահա, Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից գրեթե հաստատեցին մեր տեղեկատվությունը` նկատելով.
- Քրեակատարողական հիմնարկներում H1N1-ով հիվանդներ չունենք, ունենք մեկ դեպք "Նուբարաշեն" ՔԿ-ում, երբ կալանավորներից մեկին մեկ այլ դեպքով տարել են բուժզննման "Էրեբունի" բժշկական կենտրոն, սակայն լաբորատոր անալիզների արդյունքում, բացի կալանավորի առողջական բողոքներից, նրա մոտ հայտնաբերվել է նաեւ H1N1: Բայց այդ դեպքից այլ դեպքեր չեն գրանցվել մեզ մոտ:
Թե կոնկրետ ում մասին է խոսքը, չտեղեկացրեցին: Սակայն մեր աղբյուրը նորից վստահեցրեց, որ այդ հիվանդը Գոռ Առաքելյանն է: Եթե իրոք այդպես է եւ Գոռը իրականում վարակվել է H1N1-ով, ապա ամեն մի դատ-դատաստանից առաջ նրան միայն առողջություն կմաղթենք: Բայց եթե իրոք "Նուբարաշեն" ՔԿ-ի ընդամենը մեկ կալանավորի մոտ է H1N1 հայտնաբերվել, ապա դա առնվազն տարօրինակ է թվում. նեղ խցում, որտեղ օրը 24 ժամ իրար հետ մարդիկ են շփվում, այդ արագ տարածվող վիրուսն ի՞նչ հրաշքով պետք է միայն մեկին վարակեր: Եվ ինչպե՞ս, երբ խոսքը փակ հաստատության մասին է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163481&l=am/