«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»
Արխիվ 12-16
«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է
ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»
Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կանցկացվեն լսումներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների շուրջ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Ընդ որում` երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Վերոգրյալ զեկույցների դեմ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, ինչի մասին «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ:
–Պարոն Դեմիրճյան, ըստ Ձեզ, կհաջողվի՞ ստորագրահավաքի միջոցով հակազդել ԵԽԽՎ-ի վրա, որպեսզի հակահայկական նախագծերը կյանքի չկոչվեն:
– Ստորագրահավաքը մեկն է այն նախաձեռնություններից, որ արել ենք: Առաջին անգամ է, որ նման հարցի հետ կապված այսպիսի քայլ ենք կատարել, եւ դրա նպատակներից մեկն է նաեւ այն, որ իրազեկ դարձնենք լայն հասարակությանը, որպեսզի ավելի խորամուխ լինեն ԵԽԽՎ-ի աշխատանքներին: Այսօր մեզ միանալով նաեւ Հայաստանն ու Արցախը` գրեթե արդեն 7 հազար ստորագրություն ենք հավաքել: Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր հարցազրույցներից մեկում նաեւ ակնարկել է, որ հայաստանյան պատվիրակությունը ստորագրահավաքի փաստը պետք է ներկայացնի ԵԽԽՎ նիստին` հավելյալ ճնշում բանեցնելով: