ՓԱՍՏԱՑԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈ՞Վ Է ՍԿՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՓԱՍՏԱՑԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈ՞Վ Է ՍԿՍՎՈՒՄ


Սահմանադրության հանրաքվեի «ահավոր կեղծիքների» մասին քաղաքական ուժերն ու քաղաքացիական ակտիվիստները գործնականում մոռացել են, քվեարկություն կեղծելու դրվագներով միակ զբաղվողներն այժմ միայն  իրավապահներն են: Դե, իսկ Ազատության հրապարակում շուրջօրյա գտնվող մի քանի հեղափոխական տնազների մասին անգամ լրագրողներն են մոռացել: Հասկանալի է, որ բոլորը ռեալ մտածում են արդեն 2017-ի ԱԺ ընտրությունների մասին, առավել եւս, որ պատգամավորի կշիռը նոր Սահմանադրության շնորհիվ էապես աճում է:

 

 

 

ԳՈՒԴԲԱՅ ԴՈՒԲԱՅ
Սակայն նման է, որ ոմանց համար նախընտրական մրցավազքը մեկնարկում է սկանդալով: Մի քանի օր շարունակ համացանցով պտտվում էին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու հարսանեկան լուսանկարները, եւ խոսվում էր, որ հարսանիքը տեղի է ունեցել Դուբայում` ճոխ պայմաններում: Ճիշտ է, կուսակցության խոսնակը հերքում է Դուբայի հանգամանքը, սակայն ՕԵԿ-ը համառորեն հրաժարվում է ասելուց, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել երիտասարդ Վահան Բաղդասարյանի հարսանիքը: Թե ինչ իմաստ ունի այդ թաքցնելը, եթե, իհարկե, հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Հայաստանում: Բայց... օդանավակայանում մեծ շքախումբ տեսնողներ են եղել, ՕԵԿ պատգամավորների հեռախոսներն էլ, չգիտես ինչպես, «պատահականորեն» արաբախոս էին դարձել: Դե, եթե ՕԵԿ-ը այդպես խնամքով շրջանցում է թեման, ուրեմն կարելի է եզրակացնել, որ Դուբայում ճոխություններ անելու մասին խոսակցություններն իրականությունից հեռու չեն, այլապես դժվար չէր ավելի հստակ բան ասել ու փարատել հանրային կասկածները:
Անշուշտ, Դուբայում կամ ցանկացած այլ վայրում հարսանիք անցկացնելը կրիմինալ չի կարող համարվել, սակայն ե՛ւ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ ՕԵԿ պատգամավորները մշտապես հրապարակավ այնպիսի պաթոսով էին խոսում ժողովրդի աղքատության մասին, որ այդ սրտաճմլիկ ճառերից հետո շուրջ 100 հոգով Դուբայ մեկնելը արդեն մի տեսակ անհարմար իրավիճակ է ստեղծում: Պարզ է, որ թեեւ մինչ այդ էլ, ՕԵԿ-ի եւ վերջինիս առաջնորդի վարկանիշը մի բան չէր, հիմա ընդհանրապես բողոքավոր ընտրազանգվածի աչքից ընկել են: Դե ինչ, հասկացանք, որ բողոքավոր ընտրողների համար իշխանությունը միշտ էլ չսիրելու թիրախ է եղել: Սակայն նման է, որ որոշ ընդդիմադիրներ կարող են նույնիսկ ավելի շատ չսիրվել, քանզի բազմաչարչար մարդիկ թեեւ շատ բան կարող են ներել, բայց անկեղծության պակասը հաստատ չեն ների:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ «ՌԱԶԲԻՐԱՏ»
Բավականին օրիգինալ ձեւով էլ իրեն դրսեւորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ «Ֆեյսբուքում» բավականին շատ գրառումներ էին հայտնվել, թե Փաշինյանը կեղծ ընդդիմադիր է, սպասարկում է Բաղրամյան 26-ը, դավաճանել է ժողովրդի շահերը եւ այլն, եւ այլն...
«Ֆեյսբուքում» դա սովորական բան է, որ գործնականում ցանկացած քաղաքական գործչի հասցեին` լինի նա իշխանական, ընդդիմադիր, թե «բարեխառն», ինչ հայհոյական ու քննադատական գրառումներ ասես հայտնվում են, ու գործիչները, որպես կանոն, դրանք պարզապես անտեսում են:ռավել եւս այն գործիչները, ովքեր իրենք էլ ֆեյսբուքյան էջ ունեն: Կամ պարզապես ընդհանրական զուսպ պատասխան են տալիս բոլոր վատաբանողներին` վատաբանման բուն փաստը գրանցելով սեփական վարկանիշի ակտիվում: Բայց, իհարկե, պատահում է, որ նյարդերը տեղի են տալիս:
Նման է, որ մոտավորապես նույնը տեղի ունեցավ եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Դե պարզ է, ոչ ոքի նյարդերը պողպատից չեն` սակայն նա ոչ ավել-ոչ պակաս որոշեց նշանակել կոնկրետ օր ու ժամ ու այդ բոլոր վատաբանողներին կանչել «ռազբիրատի» կուսակցության գրասենյակ, որպեսզի երեսին ասեն այն, ինչ գրել են «Ֆեյսբուքում»: Չգիտենք քանիսը կգան կամ չեն գա` Նիկոլ Փաշինյանին առերես ասելու այն, ինչ գրում են, սակայն բավականին սկանդալային է, որ քաղաքական գործիչը «ռազբիրատի» կանչի իրեն «քըխ» բաներ ասողներին, ու դա անի լրիվ հրապարակային ձեւով: Հետաքրքիր է, այն քաղաքացիական պայմանագրում, որը քաղաքացիները կնքում են` անդամագրվելով այդ կուսակցությանը, «ռազբիրատի» մասին կետեր կա՞ն: Անշուշտ, տղայական տարբերակով հարաբերություններ պարզելու մեջ էլ ոչ մի արտառոց կամ բացասական բան չկա, սակայն, երբ նման քայլի դիմում է պատգամավորական մանդատով օժտված ընդդիմադիր գործիչը... Այ այդպիսի բան ՀՀ քաղաքական պատմությունում չենք տեսել կամ լսել: Դե ինչ, Նիկոլը հայոց քաղաքագիտությունը հարստացրեց նոր կատեգորիայով` քաղաքական «ռազբիրատով»:
ԱՅԼ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
Բնականաբար, մշտական սկանդալի բույն են եւ Ազատության հրապարակում հավաքված «փրկչիստները» ու նրանց միացած տարատեսակ ակտիվիստները: Ժամանակին արյան վրա երկիր կառուցելու կոչ արած Գեւորգ Սաֆարյանի կալանավորումը «տոնածառային» թեմայով, ինքնին մի տեսակ զվարճալի դրվագ կլիներ, եթե հանրությունը այդ աստիճանի հոգնած չլիներ ճղճղան «փրկչիստներից»: Ու դրա շուրջ աներեւակայելի աղմուկ բարձրացավ:
Իսկ Սաֆարյանի հետ, կարծես թե, այլ արտառոց պատմություններ են կապված: Գրեթե մեկ տարի առաջ «Հիմնադիր խորհրդարանից» վռնդել էին ակտիվիստ Եղիա Ներսիսյանին, ով այժմ եվրոպաներում է: Վռնդել էին նույն կազմակերպության կանանց հանդեպ անպարկեշտ ոտնձգությունների հիմնավորումով: Եվ ահա սկզբում «Ֆեյսբուքում», իսկ հետո որոշ լրատվական կայքերում լույս է տեսնում մի պատմություն, որ սեռական ոլորտում անչափ ակտիվ Եղիան հաջողացրել էր անգամ գեղեցիկ ճյուղավոր կոտոշներով զարդարել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար անձանցից մեկի գլուխը: Ավելին, իբր նա իր սեռական սխրանքները տեսագրել է եւ դրանք փոխանցել այդ ոլորտում ոչ պակաս ակտիվություն դրսեւորող Գեւորգ Սաֆարյանին... Դե, եթե այդ պիկանտ պատմության մեջ գոնե մասամբ ճշմարտություն կա, ապա կարելի է պատկերացնել` ինչ կլինի, եթե տեսագրածը հանկարծ արտահոսի: Չնայած, խոշոր հաշվով, «Հիմնադիր խորհրդարանի» ազդեցությունն այնքան չնչին է, որ նրանց վարկանիշն իջեցնելու տեղ էլ չունի, անգամ, եթե աշխարհիս բոլոր կոմպրոմատները նրանց գլխին լցվեն:
Բայց, այնուամենայնիվ, տարատեսակ «նարնջագույն» կուսակցությունները ու հատկապես սաքունցանման «քաղաքացիական» ակտիվիստները մի ահավոր ճղճղոց են դրել Գեւորգ Սաֆարյանի կալանքի առնչությամբ` նրան հռչակելով քաղբանտարկյալ: Դե, եթե քաղբանտարկյալի կատեգորիան այդքան արժեզրկվել է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ դառնություն է դա պատճառում սովետական պատժիչ մեքենա ճանաչած իրական քաղբանտարկյալների հարազատներին...
Եվ, ի դեպ, այդ տհաճ կերպարին պաշտպանության բաժին հասավ եւ հրաժարականի դիմում գրած օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի կողմից: Ուշագրավ է նաեւ, որ օմբուդսմենի հրաժարականի առնչությամբ գրանտալափների համքարությունը մեծ ափսոսանք է ապրում: Մի մասը թախիծով խոսում է, թե` ափսոս, ինչու գնաց, մի մասն էլ մեղադրանքներ է հնչեցնում, թե ինչու օմբուդսմենը չի մանրամասնում իր հրաժարականի դրդապատճառները: Երեւի թե, մեծ ախորժակ ունեին Կարեն Անդրեասյանից լսելու ահավոր իշխանական ճնշումների մասին: Չնայած, լինեն այդպիսիք, թե չլինեն, կամ լինելու դեպքում լինեն ահավոր, թե մեղմ, միեւնույնն է` համացանցը լցնում են եւ լցնելու են սարսափելի պատումներով` բռնակալ իշխանության եւ ճնշված օմբուդսմենի մասին:
Ինչեւէ, նախընտրական շրջան է, չէ՞, երբ շատ-շատերն առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» ցինիկ կարգախոսով, ու այդ գործի համար պիտանի են ցանկացած հնարքներ, որոնք կարող են ուղղվել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր մրցակիցների դեմ:
Միգուցեեւ, ի վերջո, ընտրություններին ընդառաջ, լուսանցքում հայտնվածները միավորվեն: Սակայն, դժվար թե, զրո ամբողջների գումարումը տա զրոյականից էապես տարբերվող վերջնական արդյունք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163466&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան