ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՌՈՒՅՑԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ» ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԴԻՄԱ ԲԻԼԱՆԸ
Արխիվ 12-16
ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՍԱՌՈՒՅՑԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ» ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԴԻՄԱ ԲԻԼԱՆԸ
2015 թվականի նոյեմբերի 20-ին Երեւանում հանրահայտ գեղասահորդների մասնակցությամբ նախատեսված էր անցկացնել «Սառույցի թագավորները» շոու ծրագիրը: Սակայն շոուն հետաձգվեց նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով, երբ ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետեւանքով զոհվեցին տասնյակ մարդիկ: Շոու ծրագրում պետք է հանդես գային նաեւ Ֆրանսիայի քաղաքացիներ`Բրիան Ժուբերը, Մարի- Պյեր Լերեն եւ Գիոնի Սոբատերը, ուստի ծրագրի կազմակերպիչ «Ֆորպոստարտ պրոդաքշըն» ընկերությունը համերգը հետաձգեց մինչեւ 2016 թվականի մարտի 5-ը եւ խոստացավ, որ այդ օրը շոուն անպայման կկայանա:
Մարտի 5-ին շոուի մի բաժնում նոր ծրագրով ելույթ կունենա նաեւ սիրված ռուս երգիչ Դիմա Բիլանը: Նախագծի պրոդյուսեր Արի Զաքարյանը եւ նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը հաշվի առնելով, որ հայ հասարակությունը շատ երաժշտասեր է, որոշել են հատուկ Հայաստանի համար շոուն անցկացնել նոր ձեւաչափով՝ սիրված երգչի մասնակցությամբ:
Շոու ծրագրում հանդես կգա աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ինչպես նաեւ Իրինա Սլյուցկայան, սպասվում են նաեւ հատուկ հյուրեր` ջութակահար Էդգար Հակոբյանը եւ երգիչ Հայկոն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163458&l=am/