ՍՈՑԻՈԼՈԳԸ` ԳԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱԿ-Ը ԿԱՆՑՆԻ, ԹԵ ՈՉ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ»
Արխիվ 12-16
ՍՈՑԻՈԼՈԳԸ` ԳԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱԿ-Ը
ԿԱՆՑՆԻ, ԹԵ ՈՉ, ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ»
Քաղաքական ուժերն աստիճանաբար պատրաստվում են 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների: «Իրավունք»-ը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից պարզեց` քաղաքական ինչ վերադասավորումներ կլինեն այս տարի: «Եթե ԲՀԿ-ն չվերակենդանա, ընդդիմադիր դաշտում ընտրազանգվածի բաշխումներ կլինի, մի մասը կանցնի իշխանական թեւին, մի մասը` ընդդիմությանը»,- կարծում է Ադիբեկյանը:
Մեր զրուցակցի խոսքով`ԲՀԿ-ն այս վիճակում անգամ ձեռնտու է իշխանությանը, որպեսզի նա աշխարհին ցույց տա, որ Հայաստանում ժողովրդավարական համակարգ է, որ որոշողը մեկ ուժը չէ:
Սոցիոլոգը ԲՀԿ-ի վերակենդանացումը ինչ-որ առումով առնչակցում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ. «Եթե Ծառուկյանը չվերադառնա, պարզ չէ` ով կվերամիավորի, կվերակենդանացնի ԲՀԿ-ին: Հիմա պարզ չէ` ով է ֆինանսավորում այդ կուսակցությանը»:
Ընդդիմադիր դաշտը, Ադիբեկյանի խոսքով, կարծես թե միավորվելու միտում չունի: Սոցիոլոգը կարծում է, որ հաջորդ խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն: «Ժառանգություն»-ն էլ այսքանից հետո շանս ունի ԱԺ-ում լինելու. «Րաֆֆի Հովհաննիսյանն ունի` իր ընտրաշերտով: ՀԱԿ-ը կանցնի, թե ոչ, դժվարանում եմ ասել»:
Իշխող կուսակցությունը, սոցիոլոգի կանխատեսմամբ, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի հետ կկազմի կոալիցիա:
Ինչ վերաբերում է նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ալյանս» կուսակցությունների շանսերին, ապա դրանք, ըստ մասնագետի, թղթի վրա գրանցված ազմակերպություններ են: «Նրանք կփորձեն հանրային դժգոհ հատվածին իրենց շուրջ միավորել, բայց պարզ չէ` ինչ ռեսուրս ունեն նրանք»: Հստակեցրինք, Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում ելույթներն ինչպես են ազդում հանրության վրա, ով հանդես է գալիս թունդ ընդդիմադիր ձեւով. «Խարիզմատիկ առաջնորդներ ունենալը դեռ ոչինչ չի նշանակում»,- վերլուծում է սոցիոլոգը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163453&l=am/