«ԵՎՐՈՅՈՆՋԱ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՆԵՐՆ ԻՐԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՆ ԵՆ
Արխիվ 12-16
«ԵՎՐՈՅՈՆՋԱ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԹԻՐԱԽՆԵՐՆ ԻՐԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՆ ԵՆ
2016 թ-ը Հայաստանի համար նախընտրական տարի է: Մի շարք համայնքներում կլինեն տեղական ինքնակառավարման համակարգի ընտրություններ: Սահմանադրության փոփոխությունից հետո այս տարի պետք է մշակվի ընտրական նոր օրենսգիրք, որից հետո պարզ կդառնա` ընտրական ինչ մոդելով են քաղաքական ուժերը մասնակցելու 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին: «Իրավունք»-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից պարզեց` ՔՊ-ը, նորաստեղծ «Լուսավոր Հայաստան»-ն (ԼՎ) ու «Ալյանս»-ը կստեղծե՞ն ընդդիմադիր դաշինք, թե առանձին-առանձին կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին: «Այսօր մեր օրակարգում նման հարց չկա: Առաջիկա մեր քաղխորհրդի նիստում կքննարկենք `ընդհանրապես կո՞ղմ ենք դաշինքների, թե՞ ոչ: Իմ անձնական կարծիքով ընդհանրապես բացասական է, քանի որ պատմությունը ցույց է տվել` որեւէ դաշինք որեւէ բանի չի հանգեցրել»:
- Վստահության դեֆիցիտ կա՞, թե՞ պարզապես ընդդիմադիրներն իրար չեն վստահում:
- Փորձն է այդպես ցույց տալիս: Նաեւ քաղաքական ներկապնակն է դրդում ինձ այդպես մտածել: Որպես քաղաքական գործիչ` չեմ պատկերացնում, թե ում հետ եմ դաշինք կազմելու:
- Օրինակ, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ:
- Չգիտեմ, չեմ մտածել: Բացի այդ` դա «Լուսավոր Հայաստան»-ի որոշումն է:
- Հետաքրքիր է, իսկ նորաստեղծ ընդդիմադիր ուժերը` ՔՊ-ը, ԼՎ, «Ալյանս»-ը ինչպե՞ս են միմյանց միջեւ բաժանելու ընդդիմադիր ընտրազանգվածը:
- Բաժանելու խնդիր չկա, մեր քաղաքացիներին մեր աշխատանքին մասնակից ենք սարքելու, մեր գործն ենք անելու:
«ԻՄ ԱՍԱԾԸ 6000 ԴՐԱՄ ՉԱՐԺԵ, ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՎԵՐՑՆՈՒՄ Է
5000 ԴՐԱՄ»
- Մեր երկրում պաշտոնական տվյալներով` գրանցված է 70-75 կուսակցություն, սակայն հանրությունն այդքան էլ չի վստահում կուսակցություններին: Ինչո՞ւ պետք է հանրությունը հավատա ձեր կուսակցությանը: Ի՞նչ նորարարություն եք անելու, որը չեն արել մյուս կուսակցությունները:
- Ինչու պետք է մեզ վստահեն, քանի որ մենք բաց ենք, ի տարբերություն այլ կուսակցությունների: Մեր վարչության նիստերին մարդիկ են մասնակցում, որոնց մենք չենք ճանաչում: Մենք կուլիսներում որոշումներ չենք կայացնելու: Նոր առաջարկներով ենք հանդես գալու, պայքարի նոր մոտեցում ենք բերելու: Այսինքն` ստեղծել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Միշտ հարց են տվել ընդդիմությանը` ո՞վ է ձեր պաշտպանության նախարարի թեկնածուն, սակայն պատասխան չի եղել: Մեր առաջարկները պետք է գրավիչ լինեն քաղաքացիների համար: Կկարողանանք անել, բարի, չենք կարողանա, մեղքը մերն է: Մենք երբեւէ չենք մեղադրի ՀՀ քաղաքացուն, օրինակ, 5000 դրամ վերցնելու համար: Նշանակում է` իմ ասածը չարժեր 6000 դրամ, որ քաղաքացին 5000 դրամ վերցրեց:
- «ՔՊ»-ն ասում է, որ որպես կուսակցություն դուրս է ցանկացած «իզմ»-ից: Բայց այսօր միջազգային մակարդակով ձեւավորվել է անվտանգության երկու համակարգ` ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ը: Քաղաքական ուժերի մի մասը ՀՀ-ի անվտանգությունը տեսնում է ՀԱՊԿ-ում, մյուս մասը` ՆԱՏՕ-ում: Ձեր կուսակցության մոտեցումը ո՞րն է:
- Մեր անվտանգությունը տեսնում ենք անմիջական հարեւանների` Իրանի եւ Վրաստանի հետ լայն եւ առանց նախապայմանների համագործակցելով: Ո՛չ ԵՏՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը չպետք է վնասի Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերություններին:
- Այսինքն` արտաքին քաղաքական ներկայիս օրակարգն ընդունելի՞ է ՔՊ-ի համար:
- Մեր դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի քվեարկությունն է ԵՏՄ-ին միանալու Հայաստանի պայմանագիրը: Պրն Փաշինյանը դեմ է քվեարկել:
-Այսինքն` Նիկոլ Փաշինյանը թեքվում է դեպի Արեւմո՞ւտք:
-Ոչ: Երբ մեզ սկսեցին անվանել արեւմտամետ, բարձրաձայնեցինք «ոչ»- «ոչ»-ի սկզբունքը: Մեզ ասացին` ՔՊ-ն ռուսամետ է: Բայց չի կարելի ասել` սա ես, կամ` նա: «Եվրոյոնջա» արտահայտությունը լսե՞լ եք: Դրա հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
- Փաստորեն, ՔՊ-ը կոմպլեմենտար քաղաքականությա՞ն կողմնակից է:
- Չէ: Մեր հարաբերությունների հիմնական նպատակը պետք է լինեն Իրանն ու Վրաստանը: Ասում եք ՆԱՏՕ: Էդ նույն ՆԱՏՕ-ի պատճառով, որի կազմում է նաեւ Թուրքիան, չենք կարողանում Իրանից գազ ստանալ, քանի որ դրա վրա վետո էր դրված:
- Իրանի ու Վրաստանի հետ Հայաստանը հիմա էլ է հարաբերություններ կառուցում:
- Բայց ոչ այն չափով, որն անհրաժեշտ է եւ կարող ենք:
- ՔՊ-ն իշխանության գալու դեպքում ՀՀ-ի արտաքին քաղաքական օրակարգում փոփոխություն լինելո՞ւ է:
- Այդ հարցը կտաք մեր ԱԳ նախարարի թեկնածուին:
Հ.Գ. Հետաքրքիր է` տեսնես պարոն Փաշինյանն ինչ ակնկալիքներով է հունվարի 23-ին մեկնելու Փարիզ, երբ «Եվրոյոնջա» արտահայտության հեղինակն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163439&l=am/