ՊԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԴՐԵՆԱԼԻՆ` ՀԱՃՈՒՅՔԻ ՖԵՐՄԵՆՏ
- Արդյո՞ք պարային շարժումները կարող են պատմել մարդու բնավորության մասին, բացահայտել, թե ո՞վ է նա:
Հարցին պատասխանել է հոգեբան
ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆԸ.
-Որոշ չափով` այո: Երբեմն պարում անկաշկանդ շարժումներ դրսեւորող մարդուն բնորոշում են որպես ինքնավստահ անձնավորություն: Բայց եւ այնպես, այս բնորոշումը հնարավոր է լինի խաբուսիկ: Կան մարդիկ, որոնք կյանքում բարդույթավորված են, իսկ պարում համարձակ են եւ անկաշկանդ: Պատահում են նաեւ մարդիկ, որոնք հրաժարվում են պարելուց: Սրա հիմքում հնարավոր է մի քանի պատճառ լինի: Առաջինը` մարդու մոտ բացակայում է ռիթմի եւ լսողության զգացողությունը: Երկրորդը` դուր չի գալիս միջավայրը: Երրորդը` պարզապես չի ցանկանում բացվել ուրիշների մոտ: Այնպես որ, պետք չէ շտապել այդ կարգի մարդկանց պիտակավորել բարդույթավորված անձ: Ընդհակառակը, ինձ ամենեւին վստահություն չի ներշնչի այն անձը, որ անկախ միջավայրից` ծանոթ-անծանոթ, լինի այն կորպորատիվ հավաքույթ, ակումբ, թե հարսանիք` միշտ պատրաստ է պարի: Կասկածի տեղիք է տալիս:
Պարը ոչ միայն հաճելի ժամանց է, այլեւ օգտակար մարզանք մարմնի համար, լիցքաթափման հզոր միջոց: Մարդիկ սովորել են պարել հնագույն ժամանակներից` դեռ պատմության արշալույսին: Ծիսական պարը, ըստ հունական առասպելների, սկիզբ է առնում գինու եւ գինեգործության աստված` Դիոնիսիոսի, Բաքոսի պաշտամունքից: Առասպելները վկայում են, որ հին հույները գիտակցում էին մարդու հոգեկան կառուցվածքում` փսիխիկայում կուտակվող կործանարար ուժերի առկայությունն ու դրանցից ձերբազատվելու միջոցներ էին որոնում: Այսպիսի միջոց դարձան միստերիաները, որոնց ժամանակ հին հույները պարերի շնորհիվ լիցքաթափվում էին կուտակված զգացումների եւ հույզերի բեռից: Բուռն կրքերի պոռթկումից հետո տեղի էր ունենում կաթարսիս:
Պարը հնարավորություն է տալիս շփվելու, մարդկանց մեջ գտնվել եւ զգացումներ արտահայտելու ոչ լեզվական միջոցներով: Պարելու ընթացքում մարդիկ նաեւ ընդգրկվում են յուրօրինակ խաղի մեջ, որը թույլ է տալիս կատարել այնպիսի քայլեր ու շարժումներ, որոնք սովորական պայմաններում ծիծաղաշարժ կամ անհեթեթ կթվային, մինչդեռ դժվար է գերագնահատել այդպիսի շարժումների կարեւորությունը մարդկային մարմնի եւ հոգու համար:
Պարը նպաստում է նաեւ սեփական կարողությունների եւ կարիքների բացահայտմանը, ավելի լիարժեք ներքին երկխոսության կազմակերպմանը: Ճանաչելով սեփական մարմինը, աշխատելով նրա հետ` կարելի է ազատվել վախից, սովորել ավելի հստակ ձեւակերպել նպատակները եւ վերացնել ընկալման ձեւերի (ինտելեկտուալ, վերլուծական եւ զգայական) միջեւ հակասությունները: Վերջապես, պարի ժամանակ արտադրվում է նոր ադրենալին` հաճույքի ֆերմենտ: Գիտնականները ապացուցել են, որ թե՛ մասնագիտական, թե՛ սիրողական պարերի գլխավոր շարժիչ ուժը հաճույքն է: Պարը հաճույք է պատճառում, որովհետեւ նրա ժամանակ ներդաշնակ կերպով աշխատում են մարդու օրգանիզմի մի շարք համակարգեր` շնչառական, սիրտանոթային համակարգերը, կարգավորվում է երակների ճնշումը, ուղեղը ստանում է դրական ազդանշաններ, եւ պարողը գիտակցում է իր հնարավորությունները: