ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ է ԳՐԱՆՑՎԵԼ
Արխիվ 12-16
ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ է
ԳՐԱՆՑՎԵԼ, 150 ԴԵՊՔՈՎ ՔՐ. ԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ»
ՀՀ-ում ընտանեկան բռնությունների դեպքերի աճ է գրանցվել: 2015թ. 12 ամիսների ընթացքում ընտանեկան բռնության 784 դեպք է գրանցվել, որոնցից 150-ով քրեական գործեր են հարուցվել. 2014թ. գրանցվել է 678 դեպքեր. քրեական գործեր են հարուցվել 76 դեպքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը:
Տիկին Դուրյանի խոսքով.«Աճել է նաև այն տղամարդկանց թիվը, որոնք ընտանեկան բռնության են ենթարկվել: 2015թ. կենակցի կողմից ընտանեկան բռնության դեպք չի արձանագրվել. 2014թ. նման 5 դեպք էր արձանագրվել: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 471 դեպք է արձանագրվել. 2014թ. 410 դեպք էր արձանագրվել: 2015թ. կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության 15 դեպք է արձանագրվել. 2014թ. գրանցվել էր 6 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնության 65 դեպք է արձանագրվել (2014թ.՝ 62), զավակի կողմից ծնողի նկատմամբ բռնության՝ 106 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից՝ 127 դեպք»:
Նելլի Դուրյանը միաժամանակ ընդգծեց, որ աճ է գրանցվել ոչ այն պատճառով, որ հիմա դեպքերը շատացել են. «Միշտ էլ եղել են, կան, ցավոք սրտի, լինելու են: Աշխարհի բոլոր երկրներում կան, սակայն այսօր գործում է այս վարչությունը: Մեր ազգաբնակչությունն այսօր տեղյակ է, որ կա Ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն, նման աշխատակիցներ կան: Ոստիկանության շենքի մոտ էլ գալիս են կանայք, օգնություն են խնդրում: Նրանց մենք, բնականաբար, ուղղորդում ենք Ոստիկանության տարածքային բաժիններ: Երեկ էլ եկել էին: Երկրորդը՝ այսօր բարձրացել է վստահությունը Ոստիկանության նկատմամբ: Երրրորդը՝ իհարկե, բարձացել է մեր ազգաբնակչության իրավագիտակցությունը: Դրա մասին չենք կարող չխոսել»:
Անդրադառնալով անչափահասների կողմից կատարված հանցագործություններին բանախոսը նկատեց.«2015թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում է գրանցվել 4 դեպքով: 2015թ. ընթացքում կատարվել է հանցագործության 385 դեպք, իսկ 2014թ.՝ 389 դեպք: 10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335-ն էր, այս տարի՝ 325-ը: Եթե 2014թ. սպանության 2 դեպք է արձանագրվել, որոնք կատարվել են անչափահասների կողմից, ապա 2015թ. անչափահասների կողմից սպանության դեպք չի արձանագրվել: 2014թ. անչափահասների կողմից 4 ավազակային հարձակում է կատարվել, 2015թ. նրանց կողմից ավազակային հարձակման դեպք չի արձանագրվել: 2 դեպքով նվազել է անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելը. 2014թ. արձանագրվել է 6 դեպք, 2015թ.՝ 4: Աճ է արձանագրվել անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերով. 2014թ. 181 դեպք է արձանագրվել, 2015թ.՝ 195: Ունենք անօրինական զենք կրելու դեպքերի աճ»:
5-ով ավելացել են ավտոմեքենա փախցնելու դեպքերը: 2015թ. անչափահասների թրաֆիկինգի 2 դեպք է արձանագրվել. 2014թ., Նելլի Դուրյանի խոսքով, այդպիսի դեպքեր չէին արձանագրվել:
Iravunk.com-ի թղակցի հարցին, մուրացկանությամբ զբաղվող երեխաների դեպքերը առավել հսճախ որտե՞ղ են գրանցվում, տիկին Դուրյանը նկատեց.
- Առավել հաճախ մուրացկանությամբ զբաղվող դեպքեր են արձանագրվում Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163424&l=am/