«ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼԻ ԿՓՈՐՁԻ ՍԻՐԱՇԱՀԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
Արխիվ 12-16
«ԹՈՒՐՔԻԱՆ ԷԼԻ ԿՓՈՐՁԻ ՍԻՐԱՇԱՀԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
«Ինչ ցանես, այն էլ կհնձես» ժողովրդական ասացվածքը ասված է հենց Թուրքիայի համար: Սիրիայում «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորմանը զարտուղի ճանապարհներով հովանավորող Թուրքիայի երկրորդ մայրաքաղաքում` Ստամբուլում, օրերս որոտաց խոշոր պայթյուն հենց սիրիացի մահապարտ ահաբեկչի «թեթեւ ձեռքով»: Այս, ինչպես նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակի եւ ալիեւյան կլանի վարած քաղաքականության մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ-թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:
«ԻԼԻՊ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒՑ»
–Պարոն Սաֆրաստյան, ինչպե՞ս կբացատրեք այն, որ մի կողմից Թուրքիան ֆինանսավորում է ԻԼԻՊ-ին, մյուս կողմից` հենց ինքը դառնում վերջիններիս ահաբեկչության զոհը:
– Սրանով իրականանում է պատմական արդարությունը, որովհետեւ Թուրքիան փորձեց օժանդակելով, օգնելով, ֆինանսավորելով` օգտագործել «Իսլամական պետությունը»` իր խնդիրները Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում լուծելու համար: Բայց «Իսլամական պետությունն» այնպիսի մի երեւույթ է, որ իր խնդիրներն ինքն է լուծում եւ հիմա փորձում է դուրս գալ թուրքերին ենթակա լինելուց: Հետեւաբար, ինձ համար տեղի ունեցածը միանգամայն սպասելի էր:
– Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ առաջադեմ աշխարհը միասնաբար պետք է պայքարի ԻԼԻՊ-ի դեմ, կարելի՞ է հավատալ այդ «հուզիչ» խոսքերին:
– Իհարկե, ոչ մի նախանշան չկա, որ պետք է հավատալ, որովհետեւ համոզված եմ, որ Թուրքիան կշարունակի իր այս քաղաքականությունը` փորձելով իր նպատակներին հասնել Մերձավոր Արեւելքում: Իսկ նրա նպատակն ակնհայտ է. Թուրքիան ուզում է Մերձավոր Արեւելքում դառնալ առաջնորդ պետություն: Եվ դրա համար էլ փորձեց օգտագործել ԻԼԻՊ-ին: Ավելին` Թուրքիան էլի կփորձի լեզու գտնել, սիրաշահել «Իսլամական պետությանը» եւ նրանց օգնելու նոր ձեւեր գտնել:
«ԴԵՌԵՎՍ ԻՍԼԱՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՉԷ»
–Ի դեպ, Ադրբեջանի սունի եւ շիա կրոնական համայնքների ղեկավարները սկսել են մեղադրել միմյանց` Սիրիա արմատական իսլամիստներ ուղարկելու մեջ: Ըստ Ձեզ, սա ինչպիսի՞ զարգացում կունենա, երբ մամուլում շրջանառվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւը թաքնված քուրդ է` հակված սունի ուղղությանը, մինչդեռ ադրբեջանական զգալի մասը հարում է շիա կրոնական համայնքին:
– Շատ դժվար է հասկանալ, թե նա իսկապես քուրդ է, թե` ոչ, որովհետեւ իր հոր մասին էլ էին ասում եւ դեռ վաղուց` տասնյակ տարիներ առաջ: Բայց չեմ կարծում, որ դա որեւիցե նշանակություն կարող է ունենալ:
– Այնուամենայնիվ, Ադրբեջանում ազգային գործո՞նն է տիրապետող, թե՞ կրոնական:
– Իհարկե ազգային: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը տասնյակ տարիներ Խորհրդային Միության կազմում է եղել, եւ այնտեղ տարվում էր աթեիզմի քաղաքականություն, իսկ դրա արդյունքները դեռեւս մեծ են: Այնպես որ, դեռ նոր է սկսվում իսլամի տարածումն ու լայն մասսայականություն վայելելը: Եվ դրանից փորձում են օգտվել, եւ այդպիսի շարժում հրահրել, օրինակ, Սաուդյան Արաբիան: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ դեռեւս իսլամը պաշտոնական իշխանական շրջանակների համար քաղաքական գործիք չէ: Նրանք հրահրում են ադրբեջանցի ժողովրդի մոտ ամենացածրորակ ազգայնամոլական, հակահայկական տրամադրություններ, կրքեր եւ դրա վրա են խաղում: Իսլամը Ադրբեջանում գործում է ավելի շատ որպես հակաիշխանական գործիք` տարբեր ուժերի կողմից:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ՈՐԵՎԻՑԵ ԿԱՊ ՈՒՆԵՆԱ»
–Որքանո՞վ է իրատեսական, որ Ալիեւը ստվերային կապեր ունի քրդական շարժումների հետ:
– Չպետք է մոռանալ, որ Ալիեւի հայրը եղել է Ադրբեջանի ԿԳԲ-ի ղեկավարը: Իսկ Ադրբեջանի ԿԳԲ-ն պատասխանատու էր` խորհրդային անվտանգության կոմիտեի շրջանակներում Թուրքիայի դեմ աշխատանքի համար: Խորհրդային Միությունը Թուքիայի դեմ օգտագործում էր իր հատուկ ծառայությունները եւ քրդական գործոնը, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր: Եվ, իհարկե, քրդական գործոնն օգտագործվում էր նաեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից: Բաքվում խորհրդային շրջանում կային տարբեր քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ սա հայտնի փաստ է:
– Այսինքն` չի բացառվում, որ հոր սկսած գործն այսօր Ալիեւ կրտսերն է շարունակում...
– Չեմ կարծում: Ըստ իս, Ադրբեջանի ղեկավարությունը` Ալիեւը եւ մնացածները, քրդական շարժման հետ որեւիցե կապ չունենան, որովհետեւ ուղղակի կվախենան:
«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐՎԵՆ»
–Կրկին անդրադառնալով Ադրբեջանի ավագ եղբորը` Թուրքիային, հետաքրքիր է Ձեր տեսակետը, թե այս տարի որքանով կմեղմվեն կամ ավելի կբորբոքվեն ռուս-թուրքական հարաբերությունները:
– Կարծում եմ` 2016 թվականին այդ հարաբերությունների էլ առավել սրումն անխուսափելի է, որովհետեւ, ըստ էության, Թուրքիան, որը սադրանք կազմակերպեց` խոցելով ռուսական ինքնաթիռը` շատ սխալ հաշվարկներ արեց: Արդյունքում նա ծանր եւ մեկուսի դրության մեջ է հայտնվել, եւ գնալով նրա մեկուսացումը Մերձավոր Արեւելքում կուժեղանա, որովհետեւ ոչ միայն հարաբերությունները Ռուսաստանի հետ են վատ, այլ նաեւ Եգիպտոսի, Իրանի հետ: Մյուս կողմից էլ քրդական գործոնն է ուժեղանում, եւ տեսնում ենք, որ Սիրիայում թուրքերը չկարողացան իրենց նպատակներին հասնել ու այնտեղ ստվերային գոտի հաստատել: Նրանք չեն կարողանում անգամ «Իսլամական պետությանը» սանձել, եւ այս իրավիճակում, ըստ իս, Թուրքիայի քաղաքականությունը եւ Սիրիայի ճգնաժամը Մերձավոր Արեւելքում կդառնա էլ ավելի արկածախնդրային: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սրվելուն, ինչը ռեալ հավանական եմ համարում, ասեմ, որ դրա ամենապարզ պատճառը կարող է լինել այն, որ եթե թուրքական ինքնաթիռները փորձեն մտնել Սիրիայի տարածք, ինչպես անում էին, միանգամից նրանք ռուսական հրթիռային համակարգերով, ինչպես հայտարարվել է ՌԴ կողմից, կխոցվեն:
– Կարծես թե, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ, քանի որ Թուրքիան մտադիր է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ` սույն թվականի հունիսից: Կարելի՞ է համարել, որ սրանով Թուրքիան սպառնում է Ադրբեջանին` պատերազմ պարտադրելով Հայաստանի հետ:
– Միայն Ադրբեջանի հետ չէ, այլ 89 երկրների հետ է մտցվում վիզային ռեժիմ, որպեսզի Եվրամիության հետ իրենք հաստատեն առանց վիզային ռեժիմ: Այնպես որ, դա Ադրբեջանի հետ չէ կապված, այլ Եվրամիության պահանջների մեջ է մտնում:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎՏԱՆԳ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
– Փաստորեն, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն արդեն մեր քթի տակ է, եթե ձեռքերը հասնում է Ստամբուլին: Ամփոփելով զրույցը` կարելի՞ է եզրակացնել, որ ԻԼԻՊ-ն այլեւս ոչ թե մարտահրավեր է մեզ համար, այլ սպառնալիք:
– Փառք Աստծո, սա մեզ համար սպառնալիք չէ: Մեր քաղաքականությունը, ազգային եւ դավանաբանական կապն այնպիսին է, որ մենք հեռու ենք մնում բոլոր այդ վտանգներից: Մեզ համար անմիջական վտանգ է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ նրա դաշնակից Թուրքիան: Մնացած խնդիրները սպառնալիք չեն մեզ համար, դրանք ուղղակի մեզ ստիպում են ավելի ուշիուշով հետեւել իրադրությանը եւ պատրաստ լինել բոլոր մարտահրավերներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ