«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐՎԵՆ»
Արխիվ 12-16
«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐՎԵՆ»
Նախորդ տարին ավարտվեց ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ, իսկ թե այս տարի որքանով այն կմեղմվի կամ ավելի կբորբոքվի, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ-թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ.
– Կարծում եմ` 2016 թվականին այդ հարաբերությունների էլ առավել սրումն անխուսափելի է, որովհետեւ, ըստ էության, Թուրքիան, որը սադրանքը կազմակերպեց խոցելով ռուսական ինքնաթիռը` շատ սխալ հաշվարկներ արեց: Արդյունքում նա ծանր եւ մեկուսի դրության մեջ է հայտնվել եւ գնալով նրա մեկուսացումը Մերձավոր Արեւելքում կուժեղանա, որովհետեւ ոչ միայն հարաբերությունները Ռուսաստանի հետ են վատ, այլ նաեւ Եգիպտոսի, Իրանի հետ: Մյուս կողմից էլ քրդական գործոնն է ուժեղանում եւ տեսնում ենք, որ Սիրիայում թուրքերը չկարողացան իրենց նպատակներին հասնել ու այնտեղ ստվերային գոտի հաստատել: Նրանք չեն կարողանում անգամ "Իսլամական պետությանը" սանձել եւ այս իրավիճակում, ըստ իս, Թուրքիայի քաղաքականությունը եւ Սիրիայի ճգնաժամը Մերձավոր Արեւելքում կդառնա էլ ավելի արկածախնդրային: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի սրվելուն, ինչը ռեալ հավանական եմ համարում, ասեմ, որ դրա ամենապարզ պատճառը կարող է լինել այն, որ եթե թուրքական ինքնաթիռները փորձեն մտնել Սիրիայի տարածք, ինչպես անում էին, միանգամից նրանք ռուսական հրթիռային համակարգերով, ինչպես հայտարարեվել է ՌԴ կողմից, կխոցվեն:
– Կարծես թե, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում էլ ամեն ինչ հարթ չէ, քանի որ Թուրքիան մտադիր է վիզային ռեժիմ մտցրել Ադրբեջանի հետ սույն թվականի հունիսից: Կարելի՞ է համարել, որ սրանով Թուրքիան սպառնում է Ադրբեջանին` պատերազմ պարտադրելով Հայաստանի հետ:
– Միայն Ադրբեջանի հետ չէ, այլ 89 երկրների հետ է մտցվում վիզային ռեժիմ, որպեսզի Եվրամիության հետ իրենք հաստատեն առանց վիզային ռեժիմ: Այնպես որ, դա Ադրբեջանի հետ չէ կապված, այլ Եվրամիության պահանջների մեջ է մտնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ալիեւյան կլանի վարած քաղաքականության, ինչպես նաեւ օրերս Թուրքիայի երկրորդ մայրաքաղաք Ստամբուլում որոտացած խոշոր պայթյունի մասին Ռ. Սաֆրաստյանի հետ մեր ունեցած հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
https://iravunk.com/sim/?p=163404&l=am/