ԼԱՎ ՊԱՏՃԱՌ ԳՏԱՆ՝ ՁՄՌԱՆԸ ՁՅՈՒՆ Է ԵԿԵԼ
Արխիվ 12-16
ԼԱՎ ՊԱՏՃԱՌ ԳՏԱՆ՝ ՁՄՌԱՆԸ ՁՅՈՒՆ Է ԵԿԵԼ
Ամանորի թոհուբոհից հետո բազմաթիվ շենքերում եւ շքամուտքերի մոտ տիրում է գարշահոտություն: Իրավիճակն այն աստիճան սարսափելի է, որ անգամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի ծավալուն քննադատական հեղեղ հղեց մաքրման աշխատանքների համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության հասցեին:
Բայց աղբի հարցը նույն սրությամբ օրակարգում է: Կարող ենք մատնանշել ¥չնայած դրա կարիքը հաստատ չկա¤ բազում բարձրահարկ շենքեր, որտեղ աղբատար խողովակներից աղբն արդեն իսկ, բառի բուն իմաստով, թափվում է` հասնելով բնակարանների դռներին: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ Երեւանի քաղաքապետարանից, սակայն լրատվական ծառայությունից մեզ առաջարկեցին դիմել նույն տխրահռչակ «Սանիթեքին». «Հենց այդ ընկերությունն է մրցույթում շահել եւ ստանձնել մայրաքաղաքի մաքրությունն ապահովելու պարտավորությունը»: Բայց այստեղ էլ կա մեկ այլ հարց. իսկ ո՞վ պետք է հետեւի, որ այդ ընկերությունն իր գործն անի: Կամ, երբ չի անում, ապա չկա՞ այդ մրցույթը չեղյալ համարելու եւ նոր ընկերությանը պատվեր տալու տարբերակ: Իսկ թե ինչով է զբաղված «Սանիթեքը», փորձեցինք պարզել ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար ԷԼՅԱՆՈՐԱ ՇԽՐԴՄՅԱՆԻՑ, սակայն նրա առաջին իսկ բառերն ապշեցուցիչ էին. - «Սանիթեքը» դեկտեմբերի 31-ից առ այսօր աշխատում է արտակարգ ռեժիմով: Ճիշտ է՝ կան խնդիրներ, կան դժվարություններ, բայց դրանք բոլորը շուտափույթ լուծում են ստանում: Թեժ գծի յուրաքանչյուր հաղորդագրություն ստանալուց հետո պատասխանատուներն անմիջապես զբաղվում են: Առկա դժվարությունները պայմանավորված են առատ ձյունով, որի հետեւանքով եղան անանցանելիություններ բակերում: Բայց հիմա արդեն խնդիրներ գրեթե չկան: - Իսկ, ի՞նչ կլինի, եթե քաղաքացիները չտան աղբի գումարները, քանի որ, ըստ էության, նրանք ստիպված են եղել տոն օրերին հանդուրժել գարշահոտն ու ամեն օր ականատես լինել աղբից գոյացած կույտերին: Ծառայություն չի մատուցվել` մարդիկ ինչի՞ համար պետք է վճարեն: - Ես արդեն ասացի, որ դա տեւել է ընդամենը մի քանի օր, որը մեր ընկերության հետ անմիջապես կապ չունի. մեզ խանգարել է աշխատել առատ ձյունը: - Մեկ շաբաթից ավել է, որ այդ անանցանելի ձնակույտերը չկան: Բայց այս պահին էլ կան բազմաթիվ շենքեր, որտեղ կարելի էգտնել աղբակույտեր: - Այո, ցավոք, հնարավոր է դեռ նման դեպքեր լինեն, այդ իսկ պատճառով «Սանիթեքը» քաղաքացիների ներողամտությունն է հայցում` պատճառված անհարմարությունների համար: Բոլոր խնդիրներն իսպառ կվերանան առաջիկա երկու օրերի ընթացքում: - Իսկ ինչո՞վ կբացատրեք, որ ձեր աշխատակիցները պատճառաբանում են, թե շքամուտքերը, աղբատար խողովակները մաքրելն իրենց գործը չէ: - Այդպես չէ, բայց եթե կան նման դեպքեր, երբ աշխատակիցները թերանում են, քաղաքացիները կարող են զանգահարել Թեժ գիծ, եւ խնդիրն անմիջապես կլուծվի: Այսպիսով` նկատենք մեկ փաստ. «Սանիթեքի» պատկան աշխատակիցը եւս նրբանկատորեն «հնարավոր է համարում», որ այս պահին կարող են լինել շենքեր, որոնք աղբի տիրապետության տակ են: Մենք էլ նշենք. ոչ թե կարող են, այլ պատրաստ ենք ներկայացնել բազում փաստեր, երբ շենքերի դիմաց եւ շքամուտքերում աղբի լեռներ են: Կրկնենք նաեւ մյուս փաստը. մեկ շաբաթից ավել է, որ այդ շենքերի դիմաց գրեթե ձյուն չկա. համենայնդեպս՝ հանգիստ կարող են աղբատար մեքենաները մոտենալ: Ուզում ենք ասել, որ ձյունն ամենեւին էլ մեղք չունի, որ այս պահին կոնկրետ շենքերում աղբ կա: Այսինքն՝ աղբատարության ծառայությունը կոնկրետ շենքերում մատուցված չէ: Եվ նորից նույն հարցադրումը. մարդիկ ինչո՞ւ պետք է վճարեն չմատուցված ծառայության դիմաց: Կամ հակառակ կողմից` չմատուցված ծառայության համար մարդկանցից փող վերցնելը սովորական շորթում կամ գրպանահատություն չէ՞: Եվ վերջապես, առնվազն տարօրինակ է, թե ի՞նչ են մտածում նախ՝ համատիրություն, ապա՝ թաղապետարան կոչված կառույցները, չէ՞ որ առաջին հերթին հենց դրանք պետք է ամեն ծակուծուկ ստուգեին եւ պետք եղած դեպքում՝ պարտադրեին «Սանիթեքին»՝ իր գործն անել... Չնայած, լավ էլի, համատիրություններից ի՞նչ ենք տեսել, որ դա տեսնեինք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163400&l=am/