«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ «ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԳՆԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ
Արխիվ 12-16
«ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ «ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԳՆԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ
Չնայած գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը նշում է, որ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ է ու հիվանդների 80 տոկոսը` H1N1-ով է վարակված, սակայն Առողջապահության նախարարությունում պնդում են` համաճարակ չկա, խուճապի մատնվել պետք չէ: Մասնավորապես՝ Առողջապահության նախարարի տեղակալ ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստի հայտարարությանը՝ նկատեց.
-Ասոյանը ինֆեկցիոնիստ է, ոչ թե համաճարակաբան, եւ նա չի կարող ստույգ թվեր ասել համաճարակային իրավիճակի մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանում համաճարակ չկա, իրավիճակը վերահսկվում է, խուճապի պատճառներ չկան:
- Բայց կան նաեւ մահվան դեպքեր:
- Մահվան դեպքերը 7-ն են` 3-ը` 2015-ի վերջին, 4-ը` այս տարվա ընթացքում: Նրանք բոլորը վարակված են եղել H1N1-ով:
«Խոզի գրիպ» կոչվածն ընդամենը գրիպի տարատեսակ է, որն ընթանում է նույն ախտանշաններով, ինչը հատուկ է գրիպ հիվանդությանը եւ ենթակա է նույն բուժմանը: Պարզապես՝ այս դեպքում հիվանդությունը շատ արագ է զարգանում: Եթե այն սուր դրսեւորում ունի, ուրեմն պետք է բուժումը նույնպես վաղ փուլում կատարվի` հետագա բարդություններից խուսափելու համար: Գրիպի մյուս տարատեսակներն էլ նույնքան վտանգավոր են խոցելի խմբերի մարդկանց համար: Այնպես որ՝ «խոզի գրիպը» մյուս տարատեսակներից առանձնացնել պետք չէ, եւ նույն լրջությամբ պետք է վերաբերվել գրիպի բոլոր տեսակի շտամերին ու տարատեսակներին: Հիվանդության բարդացման պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ ծայրահեղ վիճակում են դիմում բժշկի: Թեեւ՝ շատ վարակվածներ անգամ տնային պայմաններում են առողջանում՝ առանց դեղորայքային բուժման: Նշեմ նաեւ, որ H1N1-ի դեմ «Տամիֆլյու» դեղամիջոցը հանրապետության հիվանդանոցներում անվճար է տրամադրվում հիվանդներին:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ ՏՄՊՊՀ-ԻՆ
-Ո՞ր դեպքում է արդեն անհրաժեշտ «Տամիֆլյու» ընդունել:
- Նորից ասեմ, որ Հայաստանի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակահարուցիչային «Տամիֆլյու» դեղամիջոցով, որը սովորաբար օգտագործվում է գրիպի բուժման դեպքում: Անհրաժեշտության դեպքում եւ համապատասխան ցուցումների առկայության պարագայում՝ ստացիոնար բուժում ստացող հիվանդներն անվճար ստանում են այդ դեղամիջոցը: Պոլիկլինիկաներն իրենց հերթին ունեն «Կագոցել», «Ավիկլովիր» եւ այլ հակահարուցիչային դեղամիջոցներ, ինչպես նաեւ հակաբիոտիկներ եւ C վիտամին: Այս ամենը նրանք անհրաժեշտության դեպքում կտրամադրեն գրիպով եւ սուր շնչառական վարակներով հիվանդներին: «Տամիֆլյուն» գրիպի բուժման պրոֆիլակտիկ դեղամիջոց չէ, եւ դրա նշանակման համար լուրջ հիմքեր ու անալիզների արդյունքներ են անհրաժեշտ: Այդ պատճառով՝ խորհուրդ չի տրվում ինքնուրույն «Տամիֆլյու» գնել եւ ընդունել, առանց բժշկի հետ խորհրդակցելու. դա բուժման համար խմելը սխալ է:
- Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք «Տամիֆլյուի» կրկնակի թանկացումը դեղատներում:
- Առողջապահության նախարարությունը արդեն այդ հարցով դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին ¥ՏՄՊՊՀ¤, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն: Որ սուր շնչառական վարակների աճով պայմանավորված՝ որոշ գործարարներ չփորձեն իրենց ապրանքը դեղատներում թանկացնել:
ՏՄՊՊՀ-ից էլ մեզ տեղեկացրին, որ «Տամիֆլյուի» հետ կապված ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Փորձեցինք կապվել նաեւ Արա Ասոյանի հետ՝ պարզելու համար, թե ըստ նրա` ի վերջո, ներկայումս համաճարակ կա՞, թե` ոչ: Սակայն վերջինս մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան թողեց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163398&l=am/