«ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ ՎԱՂՈՒՑ ՈՒՆԻ ՄԵԾ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է արել Թվիթերի իր միկրոբլոգում, որ մեկնում է Լոնդոն՝ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում ԼՂՀ հարցով խորհրդակցություն ունենալու համար: Թե ինչ կապ ունի Լոնդոնը ղարաբաղյան բանակցությունների հետ, որ մի հատ էլ Մինսկի խումբն այնտեղ խորհրդակցությունների կարիք է զգում, դժվար է ասել. Բրիտանիան Մինսկի խմբի համանախագահների կազմում չէ: Իսկ ոչ պաշտոնապես՝ բրիտանական արտաքին քաղաքականությունը, հասկանալի է, ամեն ինչի հետ էլ գործ ունի, առավել եւս մեր տարածաշրջանի, որտեղ ¥Ադրբեջանում) Լոնդոնն ունի բավականին ընդգծված էներգետիկ շահեր: Ուստիեւ՝ մնում է հասկանալ, թե նշված խորհրդակցությունն ինչ նպատակ է հետապնդում: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ փաստեց, որ ԼՂՀ հակամարտության հարցով խորհրդակցությունը տեղի է ունենում Լոնդոնում` հավանաբար այն բանի համար, որ Մեծ Բրիտանիան համարվում է Մինսկի խմբի անդամ: Բայց հիմնական պատճառն այն է, որ Բրիտանիան համարվում է նաեւ ազդեցիկ երկիր. «Այն, որ Մինսկի խումբը փորձում է ակտիվացնել ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացը, դրական է: Բայց ես չեմ տեսնում իրական հնարավորություններ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսվեն բանակցությունները: Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում վերջին երեք տարիների ընթացքում նախապայմանային է: Պարզ է, որ սա փակուղի է տանում ցանկացած հնարավորություն` բանակցային գործընթացը վերսկսելու համար: Հետեւելով իր ձեւաչափին՝ Մինսկի խումբը փորձում է բոլոր հնարավորություններն օգտագործել` հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրվա կոշտ քաղաքականությունը հնարավորություն չի տալիս Մինսկի խմբին օգտագործել իր պոտենցիալը»:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքով՝ Ջ. Ուորլիքի հերթական այցը Լոնդոն չի կարող որեւէ ազդեցություն ունենալ ԼՂՀ հակամարտության բանկցային գործընթացի վրա. «Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը նաեւ այն է, որ նրանք ժամանակ առ ժամանակ կոնսուլտացիաներ կատարեն Մինսկի խմբի անդամ այլ երկրների, ինչպես նաեւ այն պետությունների հետ, որոնք այս կամ այն ձեւով ազդեցություն ունեն տարածաշրջանային քաղաքականության վրա: Մեծ Բրիտանիան առաջին հերթին ներգրավված է բազմաթիվ էներգետիկ ծրագրերում, եւ այս առումով համարվում է կարեւոր երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցությունը տարածելու համար»:
Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆՆ ընդգծեց, որ Մեծ Բրիտանիան անմիջական կապ ունի ԼՂՀ հակամարտության հետ. «Մեծ Բրիտանիան ԼՂՀ հարցում վաղուց ունի մեծ շահագրգռվածություն, որովհետեւ բրիտանական «British petrolium» մեծ նավթային ընկերությունը Ադրբեջանի անկախությունից ի վեր այնտեղ ունի լրջագույն ներկայացվածություն: Այս ընկերությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի ղեկավարների հետ: Եթե ԼՂՀ հարցում Ադրբեջանը Հայաստանից ստանա հակահարվածներ, ապա մեծ վնաս կհասցնի նաեւ Բրիտանիայի շահերին: Մինսկի խումբը Բրիտանիայի միջոցով փորձում է ողջախոհության կոչ անել Ադրբեջանին, որպեսզի այն հայ-ադրբեջանական սահմանին ցուցաբերի զսպվածություն: Այս կերպ՝ Լոնդոնը կարող է ազդեցություն ունեալ ֆաշիստ Իլհամ Ալիեւի վրա, քանի որ Բրիտանիան չի ցանկանում կորցնել իր դիրքերը»: