ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՒԼԻՍ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ»
Արխիվ 12-16
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ՈՒԼԻՍ»-Ի ԳԼԽԱՎՈՐ
ՄԱՐԶԻՉԸ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ»
Հունվարի 12-ին ԱԱԾ-ը տարածել էր հայտարարություն, որտեղ ասվում էր. «2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով»:
«Ուլիս-Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի փաստաբան «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Իմ պաշտպանյալը պնդում է, որ որեւէ խաղադրույք չի կատարել եւ այնպիսի գործողություն չի կատարել, որը որեւէ հիմք կտար քրեական գործ հարուցելու համար»,- ասաց պրն Բաղդասարյանը:
Փաստաբանը կարծում է` նախաքննության ընթացքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ:
Լեւոն Բաղդասարյանի խոսքով` իր պաշտպանյալը ոչ մի խաղադրույք չի կատարել, չի համագործակցել ոչ մեկի հետ: «Անգամ ցուցում էլ չի տվել երրորդ անձին՝ կատարել խաղադրույք»,-եզրափակեց փաստաբանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163393&l=am/