«ՁԵՌՔ ՄԵԿՆԻ՛Ր». ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է
Արխիվ 12-16
«ՁԵՌՔ ՄԵԿՆԻ՛Ր». ԵԿԵՂԵՑԻՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ Է
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՉՈՒԼՋՅԱՆԻ օրհնությամբ` թեմի երիտասարդաց միությունների կամավորներն արդեն հինգ տարի է, ինչ Սուրբ Հարության եւ Սբ Ծննդյան տոներին ընդառաջ` իրականացնում են «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը` կարիքավոր ընտանիքների համար: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ թեմի պաշտոնական էջից, որտեղից մանրամասներ պարզեցինք այս բարեգործական նախաձեռնության մասին: Աջակցությունը կարիքավոր ընտանիքներին իրականացվում է տարբեր կերպ` հագուստ, սնունդ, գումար, վառելափայտ, դեղորայք եւ այլ անհրաժեշտ պիտույքներ: Ծրագիրն իրականացվում ողջ տարվա ընթացքում, որի շրջանակներում օգնություն են ստանում մարզի 70-100 ընտանիք:
Ի դեպ, Վանաձորում ի սկբանե օգնություն բաժանվում էր հիմնականում Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում, ովքեր Սպիտակի երկրաշարժից հետո մինչ օրս մնացել են տնակներում: Սակայն, ինչպես նշում են ծրագրի կամավորները. «Այս ընտանիքների համար կարեւորը միայն նյութական օգնությունը չէ»:
Հավելենք նաեւ, որ «Հայրենիք միության» կազմակերպության ֆինանսավորմամբ եւ թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ` թեմի սոցիալական բաժինը հանձն է առել կազմակերպել այս ծրագրի շահառու ընտանիքների երեխաների զբաղվածությունը: Ներկայումս թեմի սոցիալական բաժնի կամավորները օգնում են երեխաների կրթադաստիարակչական մակարդակը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասապատրաստման, դասընթացների անցկացման հարցում: Իսկ շաբաթվա վերջում երեխաները հնարավորություն են ունենում մասնակցելու նաեւ կիրակնօրյա քրիստոնեական դասընթացներին: Կամավորների պնդմամբ. «Նման գաղափարի ծագումը բխել է այս ընտանիքների հետ 5 տարվա պարբերաբար շփումից եւ այցելություններից, իսկ բուն դասապատրաստումներ իրականացնելու ծրագիրը եղել է շահառու ընտանիքների առաջակով»:
Ընդգծենք, որ ծրագրի այս փուլին, որի մեկնարկը տրվել է 2015 թվականի նոյեմբերի 16-ից, առայժմ մասնակցում են «Ձեռք մեկնիր» ծրագրի շահառու 15 երեխա: Սակայն, ինչպես խոստանում են ծրագրի համակարգողները. «Երեխաների թիվը կավելանա հընթացս ծրագրի, քանզի արդեն կան դիմողներ: Իսկ հանգանակությամբ եւ բարերարների օգնությամբ հավաքագրված գումարի ընձեռած հնարավորության դեպքում արդեն այս տարի կնախաձեռնվեն նորանոր ծրագրեր՝ որպես շարունակություն տրված մեկնարկի եւ ի շահ ու ի բարօրություն կարիքավոր ընտանիքների»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163381&l=am/